Գտել եմ կախարդական փայտիկը

Գտել եմ կախարդական փայտիկը

27.09.2016 | Երեւան |

samvel-melqonyan

Հեղինակ՝ Ալինա, 12 տարեկան |

Առավոտյան արթնացա՝ նոր օր, ոչինչ դեռ արված չէր, ամեն ինչ թվում էր բարդ, բոլոր հարցերը թվում էին անպատասխան , ի՞նչ հագնել, նախորդ օրվա կիսատ թողածը՝ գործ, դաս, արարք ինչպե՞ս ավարտին հասցնել, որոշ մարդկանց հետ ինչպե՞ս լեզու գտնել, ովքեր իրենց վատ կերպարով մխրճվել են ենթագիտակցությանս մեջ ու ոչ մի կերպ դուրս չեն գալիս, կարծես հեքիաթի միջի, «բաբայեգա»-ն , ով ամեն ինչ անում է կյանքը գորշ ու անտանելի դարձնելու համար։ Օրինակ՝ դպրոցում ուսուցիչներից ամենաանտանելին կամ հարևանուհին, ով դժգոհ ու մշտատև վատ տրամադրությամբ ամեն օր հայտնվում է իմ առջև ու միայն դեմքի դժգոհ արտահայտությունը բավական է, որ վարակիչ համաճարագի նման մոտս տրամադրության անկում ախտորոշվի։ Մտքերիս լաբիրինթոսում խճճված էի, երբ մահճակալիս մոտ հայտնվեց մայրիկս՝ իր կախարդական ու ապրեցնող ժպիտով մաղթեց բարի լույս, աննման այդ ժպիտով մատնանշեց հագուստս, որը միանշանակ ամենաիդեալականն ու հարմարը համարեցի։ Կախարդական ժպիտը անմիջապես պարզեցրեց միտքս՝ անսահման վստահություն ներշնչեց , դարձրեց ամենակարող ու տվեց ձգտում՝ նախորդ օրվա կիսատ թողածը ավարտին հասցնել։ Այդ ժպիտը առավոտս բարով լցրեց, հուսադրեց, որ լավ օրվա սկիզբն է ու մեծ ուժ տվեց։ Պատրաստվում էի գնալ դպրոց, հանդիպեցի փնթփնթան հարևանուհուս, ով այս անգամ կռիվ էր տալիս ծառից թափված տերևների հետ, որ կեղտոտել էին բակը ու ինչպես միշտ իմ «Բարև Ձեզ»-ին ի պատասխան, ընդամենը մի սառը նայվածք ու իմիջիայլոց գլխի շարժում։ Դպրոցում առաջնահերթ փնտրում էի այն ուսուցչուհուս, ում բարի ժպիտը ինձ համար գիտելիքի մեծ աղբյուր է, այդ ժպիտով համեմված գիտելիքը՝ վերջինիս կողմից մատուցված, շատ ավելի ուսանելի է, քան այն ուսուցչի տված գիտելիքը, ում անվանեցի «բաբայեգա»։ Փնտրում էի այն դասընկերոջս, ում աշխույժ ու չարաճճի ժպիտը ստիպում է սիրել դասարանս, որտեղ մռայլ ու տրտնջացող մյուս դասընկերներիս մեջ շողշողացող լույս է կարծես։ Օրս լավ և ուրախ անցկացնելու համար անընդհատ ժպիտներ էի որսում։ Հասկացել եմ, որ ժպիտը՝ դա կախարդական փայտիկ է, որ բոլորն ունեն, բայց ոչ բոլորն են օգտագործում։ Այսուհետ ինքս դառնալու եմ ժպիտ բաժանող, առանց խնայելու ժպիտս շռայլեմ բոլորին, չէ՞ որ, փաստորեն հարևանուհիս կամ ուսուցչուհիս, որոնց անվանեցի հեքիաթի մեջի «բաբայեգա» ու փնթփնթան, ինչի համար ամաչում եմ ու նեողություն խնդրում, այդ ժպիտի պակասն ունեն։ Առավոտյան նրանց կախարդական ժպիտ պարգևող չի եղել ու դժբախտաբար ժպիտի բացակայությունը նրանց գցել է մշտատև դժգոհուտյունների ու խնդիրների գիրկը։ Ես ուզում եմ հարուստ լինել լիքը-լիքը ժպիտներով։ ի դեպ, շնորհակալ եմ ժպիտիս ուսուցչուհուս ՝ մայրիկիս։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների