Պահանջատիրական ժուռնալիստիկայի ներածական տեսություն

Պահանջատիրական ժուռնալիստիկայի ներածական տեսություն

27.09.2016 | Երեւան |

samvel-melqonyan

Հեղինակ՝ Սամվել Մելքոնյան |

Ինչու՞ են որոշ լրագրողներ գնում ցույցերի, ընթացքում ձայնագրիչը դնում գրպանն ու դառնում ցուցարար: Ինչու՞ են գրեթե կռվի մեջ մտնում պատգամավորի հետ, ինչու՞ են նրանք, առհասարակ, պահանջում: Հայկական ժուռնալիստիկայի պրակտիկայում լրագրողի մի տեսակ կա, որը պահանջում է, այո: Ես գիտեմ, որ պահանջել կարող է հասարակական ակտիվիստը, քաղաքացին, շինարարը, գիտնականը: Լրագրողը՝ հաստատ ոչ:

Պրոֆեսիոնալիզմի պակասը հանգեցրել է դաշտի լճացմանը: Քո գործը հեշտ է, սիրելի ընթերցող: Բացում ես նյութը, կարդում ու հասկանում՝ այս մեկը դեղին էր: Հետո որոշում ես այլևս չմտնել «դեղին» կայքի հղումով: Դու որոշում ես ու առաջ անցնում, իսկ ժուռնալիստիկան նեխում է:

Ես գտել եմ պատճառը, թե ի՛նչն է որոշ չլրագրողների ստիպում զբաղվել չլրագրությամբ: Նրանք մոռանում են մտքում շուտ-շուտ բառակազմական վերլուծություն անել. լր+ա+գր+ող: Ինչպես Ավետարանում է ասվում՝ սրանից ավելին չարից է (հանկարծ ինձ չմեղադրեք, թե ժուռնալիստիկան համեմատել եմ հավատքի հետ):

Լրագրողի այս կերպարը հավասարը հավասարի պես է կանգնում պաշտոնյաների դիմաց: Շատ հաճախ եմ ներկա եղել մի քանի լրագրողների բուռն վեճին: «Ո՛չ, նա խաբեբա է, ո՞ր մեկս չգիտի, բա ինչի՞ անցած անգամ չարեց այնպես, որ այդպես չլինի»: Մոտավորապես ներկայացրի:

Լրագրողները կրքով են խոսում երկու պետական գործչի ստացված կամ չստացված փոխհարաբերությունների մասին: Հասկանու՞մ եք, կրքով: Նրանք դառել են խաղի հերոսներ, գործող անձանցից մեկը: Նրանք այնքան են հավասարի, կամ էլ գոռոզ վերադասի պես կանգնում պետական գործչի առաջ, որ հնար լինի՝ փողկապից կբռնեն ու հաշիվ կպահանջեն:

Պետք է ամեն անգամ մտքում կատարել բառակազմական մի պարզ վերլուծություն. լր+ա+գր+ող, ու հիշել՝ սրանից ավելին չարից է: Ես չեմ պահանջում չլրագրողներից, որպեսզի դառնան պրոֆեսիոնալ: Չեմ պահանջում, որովհետև պահանջել կարող է հասարակական ակտիվիստը, քաղաքացին, շինարարը, գիտնականը: Լրագրողը՝ հաստատ ոչ:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների