Վրացական «էստի համեցին» ու հայկական «բարով մնասը»

Վրացական «էստի համեցին»  ու հայկական «բարով մնասը»

18.07.2016 | Թբիլիսի |

Հանգստանալ, անցկացնել գործնական հանդիպումներ, աշխատել և հանդիպել այլազգի ընկերներիդ: Տարիներ շարունակ այդ սցենարով ես ամռանը մի քանի օրով մեկնում եմ հարևան Վրաստան՝ Բաթումի:

Այս տարին ևս բացառություն չէր:

Բացառություն չէր հանգստաաշխատավայրի ընտրության համար, սակայն բացառություն էր բացահայտումներ անելու առումով:

Երբ սպասարկում է վրացին
Կարծում եմ շատերը կհամաձայնվեն ասածիս հետ, որ վրացական սպասարկումն աշխարհում վատագույններից մեկն է՝ կոշտ ու կոպիտ մատուցողներ, ուշացած պատվերներ…

Համբերությամբ զինված մտանք ռեստորան: Մատուցողը հայտնվեց մի վայրկյանում՝ ժպիտն ու ճաշացանկը հետը բերելով:

Առաջարկեց օգնել ընտրություն կատարելու առումով:

Հրաժարվեցինք, խնդրեցինք մոտենալ 5 րոպեից ու… փոշմանեցինք: Համոզված էինք, որ հետո նրան գտնելը բարդ է լինելու:
Բայց նա եկավ ճիշտ 5 րոպե հետո: Լսեց պատվերն ու թույլտվություն խնդրելով՝ նշեց, որ մեր պատվիրած երկու ճաշատեսակն էլ նման են, որ ճիշտ կանենք այլ բան ընտրենք:
Առանց մանրամասնելու զրույցը՝ ասեմ որ ճիշտ խորհորդների ու լավ սպասարկման արդյունքում որոշեցինք, որ միմիայն այնտեղ կճաշենք. նման սպասարկում գտնելու հույս էլ չունեինք:

Երերկոյան սակայն այլ տեղ ընտրեցինք ու կրկին նույն պատմությունը՝ ժպտառատ ու արագ սպասարկում:

Հաջորդ օրերի ընթացքում տպավորությունը չփոխվեց: Չեմ հասկանում թե ինչպես, բայց կոպիտ վրացին դարձել էր բարեհամբյուր մատուցող. այնքան զարմանալի կերպարանափոխություն, որ եթե մեկն ինձ նման բան ասեր՝ քահ-քահ կծիծաղեի:
Ի դեպ, բոլոր վայրերում նրանք հատուկ նշում են, որ այս ու այն ճաշատեսակը վրացական է, ներկայացնում են բաղադրությունն ու ազգայինի գովք անում:
Իսկ ինչն էր նրանց փոխել: Հարցիս պատասխանը գտա մասնգատական-հետազոտական քայլերից հետո, այն համեմեց մի փոքր քաղաքականությամն ու ամբողջական պատկերն ակնհայտ էր:

Ու՞ր են հայերր
Ամռանն Աջարիան հայաֆկացվում է: Հազարավոր հայեր են շտապում այնտեղ հանգստանալ՝ հարմար է թե գնի առումով, թե ավելի հեշտ է այստեղ հասնել:
Հասնում ենք Վրաստան, հարմարվում ու հայավարի ապրում՝ լողափին մոտ խորոված ուտում, փակ ու համեստ լողազգեստներ հագնում, մի լավ շպարվում, որ իդեալական սելֆի անենք, որ հարևան Վարդուշիկին ջիջիլ գցենք, որ….
Այդ որերից և ոչ մեկին այս տարի չեմ հանդիպել: Չկան հայեր: Ավելի ճիշտ կան, բայց ոչ մեծ խմբերով, սովորականի համեմատ այս տարի քիչ հայերի կարելի է տեսնել հսկա բազմության մեջ:
Թե ուր են այս տարի գնացել հայերը, դա բոլորովին այլ թեմա է, սակայն այս թեմայի մեջ է այն, որ վրացին սկսել է մասամբ զրկվել հայ զբոսաշրջիկից:
Հիմա այստեղ երանելի ժպիտով են հիշում նախորդ տարին, երբ հայերն անթիվ-անհամար էին:
Վրացի առևտրականներն են ասում, որ հայերի նման առատաձեռն գնորդներ չկան: Ավելի ճիշտ՝ մենք սիրում ենք ծախսել մեր վերջին կոպեկը:
-Աղջիկ ջան, նայի այս նավակին՝ խեցիներից պատրաստած սովորական նավակ է, որ Երևանում գնող չէր լինի, բայց ձերոնք սա անպայման պետք է առնեն, հետն էլ նման այլ բաներ…կարծես չեն ցանկանում մի քիչ փող հետները տանեն,-ասում էր շրջիկ մանրավաճառը:
Ռեստորաններում ևս հայերին առատաձեռն են համարում՝ պարզվում է մենք լավ թեյավճար թողնող ազգ ենք:
Հիմա դեռ միայն հուլիսն է: Սպասում են, որ շուտով ավելի շատ հայեր կգան:
Սպասում են, բայց նշում՝ ամեն դեպքում, նախորդ տարիների այս ժամանակահատվածի հետ համեմատ թիվը նվազել է:

Ռուսաֆիկացում
Ճիշտ է, այս տարի շատ չեն հայեր, բայց կար անթիվ-անհամար ռուսներ, սակայն վրացու կարծիքով՝ դա ժամանակավոր է:
Թուրքիայի հետ հաշտված Ռուսաստանը խափանել է Վրաստանի տուրիստական երկարաժամկետ ծրագրերը՝ այստեղ կարծում են, որ հաջրդ տարի շատ ռուսներ կրկին թուրքական լողափերը կնախընտրեն:
Վրացիները մտորում են ու իրենք իրենց հուսադրում՝ ամեն դեպքում Թուրքիայում ապահով չէ:

Եզրակացություն
Ստացվում է՝ հայ զբոսաշրջիկների պակասն ու հետագա խնդիրներն են վրացիներին խելք ու շնորհքի բերել՝ պետք է փողաբեր հյուրիդ լավ վերաբերվես, որ նա հետ վերադառան:
Բայց կվերադառնանք արդյո՞ք, եթե արդեն գտել ենք վրացականի այլընտրանքը՝ օրինակ Հունաստանն ու Բուլղարիան, որտեղ տարեց տարի գնանկում է նկատվում, որտեղ թեպետ համեմատաբար մի քիչ ավել ենք վճարում, բայց դե շատ ավելի լավ ու հարմար հանգիստ անցկացնում:
Իսկ մինչ այդ, վրացիները ջանք ու եռանդ չեն խնայում՝ դեռ Քոբուլեթի ու Ուռեկի եկող հայերի սիրտը շահելու համար:


Դիտվել է  347 անգամ:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների