Մեդիա-կուսակցություն

Մեդիա-կուսակցություն

12.07.2016 | Երեւան |

Հեղինակ՝ Արսեն Բաբայան

Հեղինակ՝ Արսեն Բաբայան |

Մենք սովոր ենք, երբ լինում են քաղաքականացված լրատվամիջոցներ։ Դա այն դեպքն է, երբ լրատվամիջոցը որևէ պատճառով (ֆինանսական մուտքեր, խորհրդարանում մանդատ ունենալու ակնկալիք և այլն) սատարում է քաղաքական որևէ ուժի։ Սատարելն իհարկե ամենամեղմ իրավիճակներից է, քանի որ կան նաև ազնիվ մղումներ այդ քաղաքական ուժին սատարելու համար։ Իհարկե, լրատվամիջոցի պրոֆեսիոնալության դասական կանոններից հայտնի է, որ այն չպետք է որևէ կերպ արտահայտի քաղաքական կողմնորոշում։ Սակայն ասվածն ամենևին չի նշանակում, թե լրատվամիջոցն ընդհանրապես պետք է զերծ մնա դիրքորոշում, կարծիք կամ դատողություն հայտնելուց, իհարկե, եթե այն բացառապես տեղեկություններ տարածելու գործառույթ չի իրականացնում։ Այս մասին, սակայն, կխոսենք հետագայում, քանի որ լրատվամիջոցի դերի ու գործառույթների քննարկումն առանձին ու երկար թեմա է։ Վերադառնանք լրատվամիջոցների քաղաքականացմանը։ Նախ նկատենք, որ լրատվամիջոց ասելով՝ նկատի չունենք բացառապես տպագիրը, այլ այն դիտարկում ենք ընդհանուր՝ թե՛ օնլայն, թե՛ ռադիո, թե՛ տպագիր և թե՛ հեռուստատեսային։ Այսպիսով, արդեն կարծես սովորական է դարձել, որ լրատվամիջոցները պետք է ունենան որոշակի քաղաքականացվածություն։ Հաճախ լինում են քաղաքական կոնկրետ ուժի բարձրախոս։ Արդեն սովորական է նաև, երբ կուսակցությունն է ստեղծում լրատվամիջոց, որպեսզի իր քաղաքական ծրագրերն ու քաղաքական տեսակետը հասցնի հանրությանը։ Այսինքն մենք արդեն սովորել ենք առնվազն երկու դեպքի, երբ լրատվամիջոցն անցնում է կոնկրետ քաղաքական ուժի ազդեցության տակ, և երբ քաղաքական ուժն է ստեղծում լրատվամիջոց։ Օրինակները շատ են ու հայտնի բոլորին։ Սակայն մեկ այլ տարբերակ կա, որը հայկական իրականության մեջ աննախադեպ էր ու, իմ կարծիքով, ծայրահեղ վտանգավոր։ Խոսքն այն մասին է, երբ տարիների աշխատանքային փորձով հայտնի ու անկախ լրատվամիջոցն է դառնում քաղաքական միավոր, այսինքն՝ կուսակցություն։ Այո, լինելով անկախ մեդիա, տարիների ընթացքում ձգտելով վաստակել անկախ լրատվամիջոցի իմիջ, ինչը, խոստովանենք՝ ստացվել է, հանկարծ որոշում է դառնալ քաղաքական կուսակցություն։ Դառնում է կուսակցություն բառիս բուն իմաստով, քանի որ կուսակցության համար պահպանում է անգամ նույն անունը, ինչն ուներ մեդիայում։ Խոսքը, ինչպես հասկացաք, Գյումրու ԳԱԼԱ հեռուստըանկերության մասին է, որը մեկ էլ մի օր որոշեց, որ այլևս դառնում է ԳԱԼԱ կուսակցություն։ Քաղաքական միավոր դառնալու նպատակների ազնվությունը քննարկելու կամ կասկածի տակ դնելու մտադրություն ամենևին չունենք, բայց, մյուս կողմից, առաջանում են ծանր հարցեր, որոնց պատասխանները, կարծում ենք, դժվար է գտնել։ Մասնավորապես, տարիների ընթացքում քարոզելով անկախ ու անկաշկանդ լրատվամիջոց լինելու կարևորագույն հանգամանքը, ստանալով շատերիս վստահությունը, նաև դժվարին օրերին ֆինանսական աջակցությունը՝ արդյո՞ք մեր համաձայնության կարիքը չէիք զգում, երբ մի քանի հոգով որոշեցիք տարիների ընթացքում անկախ մեդիա ունենալու մեր հույսերը վերցնել ու ջուրը նետել։ Արդյո՞ք գիտակցել եք, որ այդ քայլով պարզապես մեր մեջ ոչնչացնում եք վերջին լուսավոր կետն այն մասին, որ ունենք անկախ ու անկաշկանդ մեդիա, որ ապագան հենց այդպիսի լրատվամիջոցներինն է։ Որ զորավիգ ենք լինում հենց ԳԱԼԱ-ին այն հույսով, որ ուժեղացնելով եզակի անկախ լրատվամիջոցներից մեկին՝ ԳԱԼԱ-ին, մյուսների համար ենք դեպի անկախության ճանապարհ հարթում։ Որ մնացածը, ովքեր, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, գնացին ու քաղաքական կողմնորոշում ստանձնեցին, կնախանձեն անկախ ու անկաշկանդ մեդիայի ուժին ու իրենք էլ մի օր դարձի կգան։ Բայց, ինչպես տեսանք, այս անգամ էլ չհաղթեց բարին։ Բայց կա նաև մեկ այլ, ավելի խորը ճգնաժամ, որը ստիպված ենք լինելու մարսել, այն է՝ փաստորեն այսքան տարիներ մենք սատարել ենք ոչ-թե անկախ մեդիայի կամ մամուլի կայացմանը, այլ աջակցել ենք ինչ-որ մարդկանց քաղաքական նկրտումների իրագործմանը։ Բայց, հարգելիներս, մոռացել եք մի կարևոր հանգամանք. երբ մենք սատարում էինք անկախ մեդիան, մենք գիտեինք, որ այնտեղ են պրոֆեսիոնալ ժուռնալիսներ: Իսկ արդյո՞ք մենք կարեծել կամ կարծում ենք, որ դուք պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ եք: Պարզվում է, որ մեր պատկերացրած անկախ մեդիան ուներ մեկ հիմնական խնդիր, այն է՝ դառնալ հերթական քաղաքական միավորը, ունենալ իշխանություն, այսինքն՝ վարչական լծակներ, որպեսզի այդպիսով հագեցնի իր իշխանական ծարավը։ Կարծում եմ՝ այդպես ազնիվ չէ, կարծում եմ՝ այդպես արդար չէ։ Մի՞թե չեք գիտակցում, որ մեդիան, ստանալով հանրության վստահությունը, այլևս դադարում է սոսկ սեփականության ու բիզնեսի միջոց լինելուց, մի՞թե չեք գիտակցում, որ ԳԱԼԱ-ն այլևս հանրության սեփականությունն է, որից հանրությունն ունի իր ազնիվ պահանջները։

Մեդիան ինձ համար ավելին է քան քաղաքականությունը, մեդիան վերքաղաքական միավոր է։ Մեդիան բոլոր քաղաքական միավորների հանրային հսկիչն է, հանրության շահերի պաշտպանն ու հանրության ասելիքը տեղ հասցնողը հենց քաղաքական միավորների քննարկման համար։ Մեդիան, ի վերջո, կյանքի որակ թելադրողն է, որը պետք է կատարեն հենց քաղաքական ուժերը։ Չի կարելի մեդիայի գլխավոր դերը, գլխավոր առաքելությունն իջեցնել ու հասցնել սովորական քաղաքական նկրտումներ ապահովող միջոցի, այսինքն՝ կուսակցության։

Մեր բոլոր դժբախտությունների հիմնական պատճառը բոլորիս քաղաքականացվածությունն է։ Բիզնեսը քաղաքականացված է, տնտեսությունը նույնպես, հաճախ նաև մշակույթը, կրոնը, գիտությունը։

Մի պղծեք մեդիան․․․


Դիտվել է  337 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների