Ինչո՞ւ փակվեց 1in.am մեդիագիգանտը

Ինչո՞ւ  փակվեց  1in.am  մեդիագիգանտը

11.07.2016 | Երեւան |

Հեղինակ՝ Արսեն Բաբայան

Հեղինակ՝ Արսեն Բաբայան |

Հարցին միանգամից կպատասխանեմ՝ փակվեց, քանի որ ավարտեց իր առաքելությունը: Ցավոք մենք սովոր չենք, որ նախաձեռնությունը կարող է ունենալ վերջնական նպատակ և հասնելով դրան ու այդ ձևաչափում չգտնելով որևէ այլ մոտիվացիա՝ պարզապես կվերցնի ու կփակվի: Սա մեկ բանի մասին է խոսում, նախագիծը, որը ստեղծվել է, ոչ թե առօրյա խնդիրների լուծմանն էր միտված, այլ ուներ գլխավոր գլոբալ խնդիր (անկախ նրանից այդ գլոբալը բարի էր, թե ոչ), որն էլ լուծելուց հետո այլևս գլոբալ անելիք չունի: Քիչ թե շատ ճանաչելով Արման Բաբաջանյանին՝ կարող եմ վստահ պնդել, որ Արմանը հենց այդպիսիններից էր, մարդ, ով իր առջև կարող է դնել գլոբալ խնդիր ու լուծել այն: Լուծելուց հետո էլ հանգիստ շունչ քաշել ու անցնել հաջորդ գլոբալ խնդրի լուծմանը: Կասկածից վեր է, որ Արման Բաբաջանյանն արդեն ունի նոր ու կրկին գլոբալ խնդիր ու ամենևին պարտադիր չէ, որ այն լինի նորից մեդիա դաշտում: Դա կարող է լինել ցանկացած ոլորտ՝ մեդիադաշտից սկսած մինչև տնտեսական, քաղաքական ու ամենատարբեր ոլորտներից մեկը: Մեծ հաշվով իսկապես խորը հարգանքի է արժանի գլոբալ մտածողությունը, խնդիրների գլոբալ առաջադրումն ու դրանց լուծման համար ջանքերի չխնայումը: Ավելի քան վստահ եմ, որ 1in.am-ի գործունեության դադարեցման հիմնական պատճառը հենց սա էր՝ պարզապես վերջ, ավարտվեց այդ նախագծի հիմնական անելիքը:

Դիտարկելով որպես հիմնական անելիք՝ այսինքն գլոբալ խնդիր, կարող ենք փաստել, որ 1in.am-ն ու անձամբ Արման Բաբաջանյանը հայկական մեդիադաշտում լուծեցին շատ կարևոր խնդիր, այն է՝ դաշտ բերեցին ճաշակ, որակ, պրոֆեսիոնալ աշխատանք ու բացառիկ ձեւաչափ: Կարճ ժամանակում 1in.am-ը դարձավ մեծ հեռուստաընկերություն համացանցում՝ ամենալուրջ տեխնիկական համալրվածությամբ, պրոֆեսիոնալ բովանդակությամբ ու հանրության մեծամասնության հավատի ձեռքբերմամբ: Կարճ ժամանակում 1in.am-ը փոխեց լրատվության մասին բոլորի պատկերացումները: Կարճ ժամանակում 1in.am-ը ստեղծեց լուրջ այլընտրանք հեռուստատեսությանը:

Մենք՝ հայերս, սիրում ենք դավադրությունների տեսությունը, չենք կարողանում հավատալ ամենապարզ ճշմարտությանը: Տվյալ դեպքում ամենապարզ ճշմարտությունն այն է, որ վերջ, այլևս չկա մոտիվացիան, ուժը և ավյունը: Իսկ ինչո՞ւ չենք կարող հավատալ այս ազնիվ պատճառին: Չենք կարողանում հավատալ, քանի որ մշտապես առաջնորդվում ենք ընթացիկ շահերով, փոքրիկ խնդիրներ առաջադրելով ու դրանք լուծելով: Օրինակ՝ ամենամեծ խնդիրը, որ մեծամասամբ դրվում է, դա որևէ քաղաքական ուժի՝ դեմ կամ հօգուտ այդ ուժի գործելն է: Որ պահին այդ ուժն այլևս կորցնում է իր ազդեցությունը, դրա համար կամ դրան հակազդելու նպատակով ստեղծված մեդիան պարզապես դառնում է անպիտան: Օրինակները բազմաթիվ են:

Արման Բաբաջանյանի քայլն անտրամաբանական էր, բայց անտրամաբանական էր միայն կարճ խնդիրներ դնողների ու դրանց լուծողների համար. դժվար է հավատալ, որ երկրի ամենահարուստ մեդիան կարող է պարզապես հոգնել ու փակվել: Փակվել, քանի որ չունի այլևս մոտիվացիա:

Մոտիվացիա: Ի վերջո պետք է ընդունել, որ հենց մոտիվացիան է ամենագլխավոր առաջ մղող ուժը, որը պետք է դրվի ցանկացած նախաձեռնության հիմքում: Ես, ստեղծելով eJournal.am էլեկտրոնային ամսագիրը, ունեմ գլխավոր առաքելություն, գլխավոր մոտիվացիա, այն է՝ որևէ բան փոխել դեպի դրականը, հնարավորություն տալ մտածող մարդկանց մտքերը հասանելի դարձնելու ու դրանց հետ հաշվի նստելու: Որ պահին տեսնեմ, որ այլևս անպետք է իմ առաքելությունը, այդ պահից կկորի իմ հիմնական մոտիվացիան: Նշանակում է, որ այլևս իմաստ չի ունենա շարունակել eJournal.am-ի գործունեությունը: Հենց այդ պահից կդադարեցնեմ այդ գործունեությունը  մինչև նոր մոտիվացիայի ի հայտ գալը:

Վերջապես ժամանակն է ընդունելու, որ այո, հենց այսպես, հնարավոր է, որ պարզապես վերցնես ու փակես մի ամբողջ գիգանտի: Պատճառն ամենապարզն է, բայց ամենաարժեքավորն ու կարևորը, պարզապես այլևս չկա մոտիվացիա: Սովորեք վերջապես, որ լինում է նաև այսպես:

Արման Բաբաջանյանը, իմ կարծիքով, ամբողջությամբ իրավացի է. ստեղծելով նոր մեդիա մտածողություն, բերելով դրական փոփոխություններ մեդիայում՝ դաշտից հեռանում է հույսով, որ իր ստեղծածը դեռ երկար ժամանակ օգտակար կլինի դաշտի մյուս խաղացողների համար:

Ամեն դեպքում հույս ունեմ, որ 1in.am-ը  կվերագտնի իր մոտիվացիան ու նորից կլինի եթերում: Անկախ այն հանգամանքից՝ մենք ընդունում ենք վերջինիս աշխատանքը, թե ոչ, այն արդեն մեկ մարդու սեփականություն չէ, այն այլևս հանրային արժեք է, որի կորուստը մեծ վնաս կբերի հանրությանը:


Դիտվել է  1,005 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների