Կյանքամեջում սղված երիտասարդություն. Մաս 3-րդ

Կյանքամեջում սղված երիտասարդություն. Մաս 3-րդ

11.07.2016 | Լոս ԱՆջելես |

Հեղինակ՝ Նունե Պ. |

-Մերոնք բոլորը Հայաստանում են, կնոջս կողմն է Լոսում։

Հայկոյի հետ զրույցի է բռնվել մեր լացկանի պապան, ով մարզիկի կառուցվածքով, կոտրած քթոսկրով, ամուր երիտասարդ է, անունը դեռ չգիտեմ:

-Մերոնք Հրազդանում են ապրում, հայրական տունս Ջրառատ գյուղում է։ Սպանես տեղներից չեն շարժվի։ Իմ գալուն էլ շատ դեմ էին, բայց դե ես որ ստեղ չլինեի, ոնց էին յոլա գնալու, այ ախպեր։ Հենա, մի ռեյս գնացի, 5-րդ օրը մեռած էի արդեն։ Չէի ձգում, ուր նայում ես աղքատություն, տների վիճակն ահավոր, անգամ փող չունեն, որ պատ ներկեն, հազիվ հացի փող են աշխատում։ Մարդու մեղքն է գալիս։ Ախպերս ընտանիքը հավաքել, գնացել է Ռուսաստան, մերս ու հերս են մնացել։ Էլ ռեմոնտով, կռիշով, զաբոռով լրիվ սարքել տվի։ Հավաքեցի ընկերներիս տարա, ինչ չէին արել՝ արին, ինչ չէին տեսել՝ տեսան։ Արա դե անտեր մնա, կյանքը կյանք չի էդ խեղճերի։ Վայ, որ մի րոպե էլ լռեմ, պիտի մեռնեմ, բայց նախ հոգնած եմ, երկրորդն էլ՝ գլուխ դնելու հավես չկա։ Թե ասա ինչու՞ երես տվեցի, որ հիմա էլ սրա գլուխգովալը լսեմ։ Ամեն մեկիս մոտ տարբեր է դրսևորվում հայրենիքը։ Մեկի համար այն խարխլված տներով, դրսում փռված լվացքներով, անկանոն երթևեկությամբ, ջրափոսերով ու բակում հավաքված աղբակույտով մի հողատարածք է, որտեղից միայն փախչելը կփրկի։ Գնում են, գալիս ու սկսում վատաբանել։ Ապրելու տեղ չէ, մարդ գնա, մի 15 օր լավ ման գա, վերադառնա։ Գործ չկա, կառավարությունը լավը չէ, թանկություն է, էս է, էն է: Մտածում եմ՝ ինչպե՞ս է որ մյուս տեղերի վատը չենք տեսնում։ Լոսում ամեն ինչ գերազանց հո չի՞։ Կյանքում պատերազմ չտեսած երկրում, որ ավազի մեջ անտառ է աճում, որ տարին 8 ամիս ամառ է, որ առատություն է և հնարավորություններ ունի ամեն նախասիրություն իրականացնելու, հարցրեք՝ օրը քանի՞ անտուն, փողոցներում քնող մարդիկ եք տեսնում։ Լոսը միայն Գլենդել-Փասադենա չէ։ Հենց այս խոսացողները Դաուն Թաուն չե՞ն գնում, որտեղ մրջնանոցի նման պատերի տակ շարված են անտուն, թափառական մարդիկ, որտեղ թմրանյութը ձեռքի վրա պտտվում է, որտեղ աղբամաններից ուտում ու մեջն էլ քնում են հաճախ։ Թե՞ մեր ամերիկաներում քիչ վթարներից մահացած երիտասարդություն կա։ Կարո՞ղ է թմրանյութի կախվածությունից տառապողներ չկան։ Կամ բարձր դոզայից մահացողներ։ Հա՜, կարող է բանտերում մերոնցից էլ չկան հա՞… լա՜վ էլի, շատ մի զարգացեք։ Հայաստանում ապրող մեր հարազատները, բարեկամներն ու ընկերներն էլ մտածում են՝ դրախտ է, որ կա։ Իրականությունը ո՞վ պիտի տեսնի ու ասի ի վերջո։ 4 հոգանոց ընտանիքից քանի՞սը պիտի աշխատեն, որ «յոլա գնաք»… Կարո՞ղ է միայն երկուսը, չասեք այո, սու՛տ է: Գլենդելում դիլլեր ունեմ, վատ չէ, կինս էլ խանութում է աշխատում, Մեյսիզ, հասել ենք այսօր մի բանի:

-Ձեր անունն ինչպե՞ս էր, — հարցնում եմ։

-Մայք, քուր ջան, ծանոթ է դեմքդ, — միանգամից ոգևորվում է Մուկուչը կամ Մինասը կամ Մարտիրոսը կամ Մնացականը:

Ես ծանոթ չեմ քեզ հաստատ, ես մտքով հիմա քո ծննդավայրում եմ՝ Ծաղկաձոր տանող ճանապարհի վրա գտնվող այդ հրաշք գյուղում, որտեղ հիմա երևի վայրի մորի է հասել անտառում ու ջահելները հավաքված գլուլ են ուտում։ Վարդավառն էլ անցավ, երանի Ջրառատում լինեի Վարդավառին՝ Երևանից Ծաղկաձոր սլացող լոպազներին գժվացնելու համար մի լավ ջրոցի կազմակերպեի: Մայքի ձայնն առանց այն էլ բարձր է, հիմա էլ որ ոգևորվել, խելոք լսող է գտել, ինչքան հնարավոր է բարձր խոսում է ու անվերջ խոսում։ Ես մի տեսակ անհարմար եմ զգում, որ հանգստի ժամ է և ինքնաթիռը լեցուն է նաև օտար ազգերով։ Ահա, հայրենասիրության մի այլ զեղում ևս։ Վստահ եմ, որ ապրիլի 20-ից Մայքն իր մերսեդեսի վրա եռագույնը դրած, Ներսիկի երգը զլած, սև բլուզով ու մտահոգ դեմքի արտահայտությամբ վեր ու վար էր անում Գլենոկսով։ Բա ապրիլի 24 է գալիս, մի քիչ «տիտ-տիրիտ» չանե՞նք, ախպեր, որ սաղ էս լոբի-մոբիքը իմանան մեր գենոցիդի մասին։ Մի ձև լիներ սրանց բոլորին հասկացնեինք, որ օտար երկրում այսքան անդուր լինելն ոչ մի գութ ու կարեկցանք չի առաջացնի մեր հանդեպ։ Որ մի տեսակ ամոթ է տարիներով մղկտալը, որ մեզ ջարդել, սպանել, քշել, թալանել են։ Որ մեր աղջիկներին բռնաբարել են, նվաստացրել են։ Ախր սա ինչ ներկայացնելու բան է։ Կիսատ-պռատ անգլերենով՝ բա. «յու նոու վաթ հափընդ նայնթին ֆիֆթի՞ն թուրքիշ փիփըլ քիլ արմենիանս»: Հա, էղել է, բայց մի րոպե մտածենք՝ ինչ է փոխում մեքսիկ, ֆիլիպին, կորեացի, ամերիկացի, սևամորթ լոսեցիների տեղեկացված լինելը, բացի նրանից, որ մտածում են՝ մենք ոչխարի պես կանգնել ենք դեմները, իրանք էլ մեզ նվաստացրել են։ Կամ որքանով է մեր դաստիարակությանն ու քաղաքակրթությանը վայել քնած մարդկանց մեջ Մայքի այս բարձր խոսալը։ Այո, հայրենասիրությունն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորում ունի։ Օտար երկրում քաղաքակիրթ ազգություն ներկայանալու համար այնքա՜ն բան կա սովորելու, Մայք ջան. ծանոթ-անծանոթի ժպտալը, թեթև, ընկերական բարևը, հերթ կանգնելը, ցածր ձայնով խոսելը, ամեն առավոտ լողացած աշխատանքի գնալը, փողոցում չծխելը, մեքենաներն աննոռմալի նման գազ չտալը, օտար ազգերին չարհամարհելը, երաժշտության ձայնը «չզլելը», լավ մեքենան ցուցադրելու համար չարչարվելով չքշելը կամ խանութում կանգնած ես հերթի մեջ ու մեկ էլ մի հայ պապիկ.

-Աղջիկ ջան, իրան ասա, թող իմը հաշվի, ես գնամ:

-Չէ, ամոթ է, սպասեք մի քիչ, ես չեմ ասի,- ու միանգամից.

 -Սքյուզմի, փլիզ, փլիզ, յա օչեն բիստրո, փլիզ, մայ մանի, յա գոու…

Ու ակամայից մտածում եմ, որ էս պապիկը դժվար թե վիրաբույժ լինի, որ պիտի հիմա վազի ու մոտոցիկլետի վթարից վիրավորված վարորդի ուղեղ հետ հավաքի: Ու՞ր ես շտապում, այ մարդ: Ինչու՞ ես մեզ ամաչեցնում, ախր էդ Մեյփլ փարկում նարդի խաղալու համար… Հայրենասիրությունն սկսվում է դաստիարակված հասարակությունից։ Իսկ մենք դեռ էլեմենտներն ենք անցնում:

 «Ձեր մտահոգությունները հայտնեք Հակոբ Չոփուրյանին, բայց ի՞նչ Չոփուրյան, Ստեփանն է կարծես, Փարթամյան Ստեփանը ու ինչ-որ երակներ է բուժում 10 րոպեում։ Ու դեռ հետն էլ եռագույն դրոշով թրջոցներ է դնում հիվանդների կրծքերին և ինչպե՜ս մինչև հիմա չեմ իմացել, որ Ստեփանը բժիշկ է ու բուժում է ամեն-ամեն հիվանդություն, իսկ Փայամ Շահանին և Գուգուշը և Միլաձեն: Գրիգորի Եսայանը, ոնց եմ քեզ սիրում, ոնց եմ քեզ սիրու՜մ երգելով, թռուցիկներ են բաժանում անցորդներին ու Ստեփանը էլի, թրջոցները ձեռքին ուզում է ազգ բուժել, իսկ հեռվից եռագույն ներկած մորուքով Հարութն է՝ ձախը, որ անվերջ կրկնում է ու կրկնում. «է՜լ չենք լինի մենք քսան տարե՜կան…»: Երգը մտքումս արթնանում եմ ու սուրճի քաղցից ուղղակի բարկացած՝ կանչում ուղեկցորդուհուն.

-Աչքս վախեցավ էս մարդու խոսալուց, ասում է՝ շուկայից առած միս չուտես, ջրից զգույշ էղիր, բաթլով խմի, տաքսիստները, որ տուրիստ են տեսնում շատ են չարջ անում…

 -Հայկո՛, Հայկո՛, Հայկո՛, ախր դու կամ ես ի՞նչ տուրիստ, էս ի՞նչ բան է, տուրիստն էն մարդն է, որ կյանքում Լոսում շորտիկ չհագած՝ հասավ Հայաստան, թե չէ մտնում է շորտիկի մեջ։ Կյանքում գլխարկ չդրած՝ գլխարկ է դնում ու ամեն րոպե… Օ՜ մայ գա՜դ, մի հատ սրանց քշելը նայեք, մի հատ սրանց հագածը նայեք, մի հատ սրանց տները նայեք է՝ ինչ է անում։ Ես ու դու ի՞նչ տուրիստ։ Մենք տուն ենք գնում ու հենց հասանք, առաջին նստարանին փռվելու եմ, կոշիկներս աջուձախ շպրտեմ ու գոռամ՝ տնի՜ց լավ տեղ չկա՜… Չնայած եղբայրս մի խորհուրդ է տվել, ուզում եմ փորձել։ Ասում է, որ հասնես՝ Զվարթնոցից մինչև հյուրանոց աչքերդ փակ գնա, մտի սենյակդ ու շուտ քնի։ Առավոտյան առանց կողքերդ նայելու դուրս արի ու նայի շուրջդ, քուր, այս 26 տարին մի վայրկյանում կանհետանա։ Կթվա՝ երբեք էլ չես հեռացել, ուղղակի վատ երազի պես ջրին պատմի, թող գնա: Չփորձե՞մ Հայկո: Ընկերուհիդ որտե՞ղ է ապրում, ուզու՞մ ես միասին գնանք աղջիկ ուզելու:

-Արմավիր ասեց, ի՜նչ ասեց, հա ոնց որ Արմավիր էր:

-Հայկո, հոկտեմբերյանցի աղջիկները շատ սիրուն են հա, ում հանդիպել եմ, դեմքից արդեն իմացել եմ՝ հոկտեմբերյանցի է։ Խաժոտ աչքերով, մուգ մաշկով, քիթիկներին էլ մանր պեպեններ։ Բախտդ բերել է, հավատա։

-Իիիի՜, տեսե՞լ ես Շուշանին, հենց ինքն է, որ կա, — ծիծաղում է,- կարո՞ղ է շատ լինի իրանից, չտարբերեմ։

-Չէ, չէ, դու տես, որ հանկարծ բարեկամ դուրս չգաք, մի բուռ հայ ենք:

Մի բուռ հայ ենք, կառչում եմ մտքիցս ու «քիչ ենք, բայց հայ ենք, քիչ ենք, բայց հայ ենք» պտտեցնելով՝ սկսում Սևակի հետ հավասարի պես կռիվ անել. «Տես, Պարույր, չկարծես, թե մեղքդ չկա, որ մենք այսպես մեծացանք։ Դու չէի՞ր, որ տարբերում էիր պաչը համբույրից, մեգը՝ մշուշից ու մահացումը՝ մեռնելուց, եղբայր: Դե հիմա ասա, էս էն պահը չէ՞, որ ինքս շատ եմ ինձ նման ու տարբերում եմ ապրելը  սպասելուց»:


Դիտվել է  1,035 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների