Տեղեկատվության կարևորությունը երկրի արտաքին քաղաքականության համար

Տեղեկատվության կարևորությունը երկրի արտաքին քաղաքականության համար

29.06.2016 | Երեւան | Հեղինակ՝ Տիգրան Բալայան |

Նախորդ բաժիններում արդեն անդրադարձել ենք այն կարևորությանը, որն ունի տեղեկատվությունը մարդու, հասարակության և պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում։ Արտաքին քաղաքականությունն այն ոլորտներից է, որն ուրվագծվում, մշակվում, որոշվում և իրականացվում է հենց տեղեկատվության հիման վրա։

Արտաքին քաղաքական տեղեկատվությունը բազմազան, բազմաղբյուր և բազմաբովանդակ է։ Բազմազան է, որովհետև վերաբերում է ամենատարբեր ոլորտներին, բազմաղբյուր, որովհետև գալիս է տարբեր աղբյուրներից և բազմաբովանդակ, որովհետև ունենում է տարբեր բովանդակային ձևեր և դրսևորումներ։

Օրինակ՝ որևիցե երկրում ներդրումային կամ գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունների ընձեռումը վերաբերում է տնտեսական ոլորտին, ինչը կարևոր է արտաքին քաղաքականության և տնտեսական դիվանագիտության տեսանկյունից։ Սույն տեղեկատվությունը կարող է ի հայտ գալ ինչպես բաց աղբյուրներից՝ լրատվամիջոցներից, հրապարակային ելույթներից, այնպես էլ փակ աղբյուրներից՝ մասնավոր զրույցներից, հատուկ ծառայությունների կամ գիտահետազոտական կենտրոնների փակ զեկույցներից։ Այդ նույն տեղեկատվության բովանդակությունը կարող է իր բնույթով լինել տարբեր՝ կազմված տարբեր փաստերի և երևույթների համադրումից։

Վերոհիշյալն առնչվում է արտաքին քաղաքականության բաղադրիչ մաս հանդիսացող դիվանագիտության՝ տեղեկատվության հավաքման կամ ձեռք բերման գործառույթին, որը պայմանականորեն անվանել էինք առաջին գործառույթ։

Երկրորդ ոչ պակաս կարևոր գործառույթն արտաքին քաղաքականության լուսաբանումն է թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների համար։ Այս գործառույթն անվանվում է նաև հանրային դիվանագիտություն. այն բավականին լայն է և ունի տարբեր դրսևորումներ, որոնցից են քարոզչությունը, մշակութային դիվանագիտությունը, տեղեկատվական արշավները և այլն։

Այս առումով դիվանագիտական ծառայությունն ինքնին տեղեկատվության լուրջ աղբյուր է հանդիսանում։ Դիվանագիտական ծառայության կողմից երկրի ներկայացման նպատակով իրականացվող տեղեկատվական աշխատանքը կրում է նպատակաուղղված բնույթ, որը սահմանվում է տվյալ պահին արտաքին քաղաքական առաջնահերթություններով և դիվանագիտության առջև դրված խնդիրներով։ Հայաստանի պարագայում տեղեկատվական բնագավառում կարևորագույն խնդիրը ղարաբաղյան հիմնախնդրի և դրանից ածանցյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն է ու երկրի ներսում և արտասահմանում համապատասխան հասարակական կարծիքի ապահովումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը։

Տեղեկատվական հեղափոխության ժամանակահատվածում ապրող հասարակության պայմաններում այդ աշխատանքը պահանջում է հսկայական թե՛ մարդկային, թե՛ նյութական ռեսուրսներ, քանզի հարկավոր է աշխատել ահռելի քանակությամբ տեղեկատվության հետ։

Տեղեկատվության տարածման նոր հնարավորություններն առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ՝ այդ նոր հնարավորություններն օգտագործելու, ճշգրիտ տեղեկատվությունը շինծուից տարբերակելու, տեղեկատվական հոսանքներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ։

Տեղեկատվության տարածման նոր եղանակների օգտագործման հետ միաժամանակ պետք է նաև շարունակել աշխատանքն ավանդական լրատվամիջոցների և հասարակական կարծիք ձևավորող այլ կազմակերպությունների հետ, քանզի դիվանագիտությունը պետք է օգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներն ու գործիքները` իր տեսակետը տեղ հասցնելու, համապատասխան հասարակական կարծիք և աջակցություն ապահովելու նպատակով։ Այս շարքում հաճախ կիրառվում է նաև այսպես կոչված “տեղեկատվական արտահոսքի” գործառույթը, կարևոր տեղ է հատկացվում նաև համակրող գործիչների, փորձագետների և լրագրողների կողմից տեսակետների ներկայացմանը։

Վերոհիշյալ միջոցները հատկապես կարևոր են, քանզի պաշտոնական տեղեկատվությունը լրահոսի միայն չնչին մասն է կազմում, նույնիսկ որևիցե պետական կառույցին կամ նրա գործունեությանն առնչվող նյութ պատրաստելիս լրագրողները միայն դեպքերի կեսի ժամանակ են կապ հաստատում համապատասխան պաշտոնյաների հետ։

Տեղեկատվական աշխատանքի քարոզչական մասի նպատակներից են հանդիսանում տեղեկատվության կառավարումը, մանիպուլյացիան և վերահսկողությունը։ Այս երեք գործառույթների հիմնական առարկան հասարակության գիտակցության վրա ազդելն է, հետևաբար այն կարևորագույն նշանակություն ունի արտաքին քաղաքականության համար։

Մանիպուլյացիան կարող է լինել ինչպես կոնկրետ տեղեկատվության, այնպես էլ քաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի։ Մանիպուլյացիայի լավագույն գործիքը լրատվամիջոցներն են, որոնցից ամենաարդյունավետը հեռուստատեսությունն է, քանզի համապատասխան պատկերով զուգորդված խոսքն առավել ազդեցիկ տպավորություն է թողնում։

Վերոհիշյալ տիպի ուղղորդված տեղեկատվության արդյունավետության համար հարկավոր է հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ կոնկրետ հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակը, ազգային և ժողովրդական առանձնահատկությունները, աշխարհահայացքը, կրոնական պատկանելիությունը, հիմնական քաղաքական ուժերի տրամադրվածությունը։

Այստեղ պետք է տարբերակել “մենթալիտետ” և “հասարակական տրամադրվածություն” հասկացությունները։ Առաջինը ձևավորվում է մի շարք մշտական կամ երկարատև հանգամանքների արդյունքում՝ բնական աշխարհագրական, պատմության, երկրի տնտեսական զարգացման և այլն։ Իսկ հասարակական կարծիքը փոփոխական է և ենթակա է հաճախակի տատանումների՝ կախված ներքին և միջազգային իրադարձություններից և անցուդարձից, լրատվամիջոցների աշխատանքից ու մի շարք այլ հանգամանքներից։


Դիտվել է  206 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների