«Կարմիր իշխանությունը չի մոռացել, չի մոռանում, եւ դժվար թե մի օր ի սպառ մոռանա ինձ»: Գարեգին Նժդեհ, 1937թ

«Կարմիր իշխանությունը չի մոռացել, չի  մոռանում, եւ դժվար թե մի օր ի սպառ մոռանա ինձ»: Գարեգին Նժդեհ, 1937թ

15.06.2016 | Երեւան |

Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ անպատասխանատու հայտարարությունները Ռուսական աղբյուրների կողմից գուցե արժանի չլինեին այդքան բուռն քննարկումների, եթե սահամանափակվեին մեկ–երկու վերլուծաբանների կարծիքներով, անգամ պատգամավորների կոչերն իրենց ԱԳՆ-ին զբաղվելու արձանի հարցով կարելի էր որակել իբրև մասնավոր դեպք, և ուշադրության անարժան:

Ի դեպ պետք է նշել, որ եղան նաև ռուս վերլուծաբաններ, ովքեր հականժդեհյան հայտարարությունները որակեցին «անքաղաքավարություն»:
Սակայն ամբողջ խնդիրը նրանում է , որ անկախ պատճառահետևանքային կապերից, անկախ Ադրբեջանի լոբբինգի արդյունք էր, թե ոչ, անտեղյակության արդյունք էր, թե ոչ, փաստն այն է, որ, միևնույնն է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` Մարիա Զախավորան, պաշտոնական հայտարարություն արեց, ընդ որում կարելի է ասել` Նժդեհի արձանի տեղադրումը դատապարտող հայտարարություն:
Այս պարագայում, երբ պաշտոանապես, պետական մակարդակով որևէ բան է հայտարարվում, ապա դա որակվում է իբրև տվյալ ժողովրդի, պետության դիրքորոշման առանցք, և եթե անգամ ամբողջ ռուս ժողովուրդը պնդի հակառակը, այստեղ արդեն դա որևէ արժեք չի ունենա:

Մեր պատկան մարմիններից, բնականաբար համապատասխան պատասխան չտրվեց, հիմա էլ փորձ է արվում ներկայացնել, թե իբր` դե աղջիկ է, առանց հասկանալու հայտարարել է, և պետք չէ ուշադրություն դարձնել:
Չեմ ժխտում, և շատ հնարավոր է, որ այդպես է, բայց արդյոք մենք պետք է բացատրենք, որ առանց հասկանալու խոսում է, թե իրենք պետք է այդ կերպ մեզ բացատրեին իրենց ներկայացուցչի հայտարարությունը:

Ինչ վերաբերվում է նրան, թե ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ են ստեղծվում ինչից շահում է Ադրբեջանը, կամ որևէ այլ կողմ, դա էլ գուցե և այդպես է, բայց արդյոք դա նույնպես միայն մեզ պետք է մտահոգի: Միթե դժվար էր որևէ պաշտոնյայի շուրթերով հայտարարել, որ Մարիա Զախարովան տեղյակ չէ այն թեմայից, ինչից խոսում է, անպատասխանատու հայտարարություններ է անում և դրանով իսկ Հակառուսական տրամադրություններ առաջացնում Հայաստանում, և հուսալ, որ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան նկատողություններ կանի` իհարկե այս ամենը համեմելով դիվանագիտական համեմունքներով` տեքստին մի փոքր քաղցրություն տալու նպատակով:
Զախարովան, անշուշտ բանից անտեղյակ է, և չգիտի որ Նժդեհը նացիստ չէ, Նժդեհը ոչ միայն Հայության սիրելի հերոսն է, այլև համամարդկային արժեք է: Նա չգիտի, որ Բուլղարիայի Թագավորության կողմից 1912թ-ին Նժդեհը ստացել է «Արիության շքանշան», ստացել է «Բալկանյան ժողովուրդների հերոսի» կոչում:
Զախարովան նաև չգիտի, որ անգամ Ռուսական կայսրությունն է նրան պարգևներ շնորհել, Սուրբ Վլադիմիրի շքանշան 3-րդ կարգի 1915թ
Սուրբ Աննա շքանշան 4-րդ կարգի 1915թ
Սուրբ գևորգի խաչ 3-րդ կարգի 1916թ
Սուրբ Գևորգի խաչ 2-րդ կարգի 1916թ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ կարգի 1918թ

Իսկ Նժդեհիի` Նացիստների հետ համագործակցությունը նույնպես թե ազգային էր, թե մարդասիրական:

1. Եվրոպայում խիստ վտանգավոր իրադրություն էր ստեղծվել տեղաբնակ հայերի համար, որտեղ Թուրքական և այլ բևեռների հակահայկական քարոզչության հետևանքով, Հայերին սկսել էին որակել իբրև քոչվոր, սեմական ծագման ազգ, ինչը ենթադրում էր արժանանալ հրեաների ճակատագրին, և հերթական անգամ ցեղասպանության ենթարկվել:
2. Գերմանիայում գտնվող ազգությամբ հայ սովետական ռազմագերիներին աջակցություն և այլն:
3. Գերմանիայի կողմից Թուրքիային հարվածելու, Արևելյան և Արևմտյան Հայստանները միավորելու նպատակ, անկախ Համաշխարհիային պատերազմի ելքից այդ միավորումը կլիներ ազատ Հայկական պետության, թե որևէ կայսրության սահմաններում: Նժդեհը շատ լավ գիտակցում էր, որ ցանկածաց բռնապետական կայսրություն ի վերջո փլուզվելու է, և այդ փլուզումից հետո անհրաժեշտ է ունենալ միասնական հայրենք` ապահովելու նրա գոյության անվտանգությունը, հենց այդ մտածմունքով էլ նա պայքարեց Սյունքի` Սովետական Հայստանի կազմում մնալու համար, և իրավացի դուրս եկավ բոլոր իր կանխատեսումներում:

Նժդեհի` Գերմանիայի հետ կապ հաստատելու նպատակը և բնույթը նկարագրելիս կարճ լինելու համար մեջբերենք մի հատված Նժդեհի գործով հարցաքննվողներ Հայկ Ասատրյանի և Գուրգեն Սամսոնի Սարգսյանի հարցաքննությունների արձանագրություններից:
Հարց. Ու՞մ հետ մեկնեցիք Բեռլին
Պատասխան. Բեռլին մեկնեցի միայնակ, իսկ մի քանի օր անց այդտեղ ժամանեցին Սեդրակ Ջամալյանը և Ծովասար Պետիկյանը: Նրանք Նժդեհի հետ սկսեցին այցելել ճամբարներ, որտեղ պահվում էին հայ ռազմագերիները:
Հարց. Ի՞նչ նպատակով:
Պատասխան. Մենք նպատակ ունեինք առանձնացնել հայ ռազմագերիներին և այդպիսով ուժ ստեղծել Թուրքիայի դեմ օգտագործելու համար:

Հարց. Ի՞նչ է Ձեզ հայտնի Սովետական միության դեմ Նժդեհի գործունեությունից
Պատասխան. Սովետական պետությունների դեմ Նժդեհի գործունեությունից ինձ բացարձակապես ոչինչ հայտնի չէ, ես գիտեմ, որ նա ողջ կյանքի ընթացքում ուզում էր պատերազմել Թուրքիայի դեմ: 1942թ-ին Բուխարեստում Նժդեհը զրույցի ընթացքում ինձ անձամբ հայտնեց, որ գերմանացիները նրան առաջարկել են Զանգեզուրում բնակվող հայերին կոչ հղել, որպեսզի նրանք ապստամբեն սովետական իշխանության դեմ, բայց Նժդեհը մերժել է՝ համարելով նման քայլը դավաճանություն հայ ժողովրդի հանդեպ:

Իրականում Նժդեհին նացիստ ներկայացնողների դատապարտումների տակ թաքնված է այն մեծ վիրավորանքը, որ ինչ-որ մի Նժդեհ մի խումբ ուխտակիցներով կարողացել է կասեցնել 11-րդ Կարմիր բանակի հաղթարշավը, և ստիպել ահռելի պետությանը հաշվի նստել իրենց հետ: Այսպես Նժդեհի գոյությունը խոցում է ոչ թե ՌԴ մարդկային խիղճը, այլ նրանց կայսերապաշտական գոռոզությունը:
Հենց այս պատճառով էլ գլխավորապես Նժդեհը դատապարտվեց` իբրև «Վրեժ Զանգեզուրի» համար: Եվ անգամ ծայրահեղ ծանր առողջական վիճակում կյանքի վերջին տարիներին նրան ազատ չարձակեցին, երբ շատերը Ստալինի և Բերիայի մահից հետո ազատ էին արձակվում:
Այնպես որ, Նժդեհի թեման բացելիս մեղադրողի և դատապարտողի դերում կարող է հանդես գալ միայն և միայն Հայաստանը, և ոչ երբեք Ռուսաստանը:

Վերջում ձայնը տանք Նժդեհին, որպեսզի ինքը բացատրի, թե դեռևս համաշխարհային 2-րդ պատերազմից շատ առաջ ինչ տրամադրություններ էր շնչում Սովետական Միությունը իր հանդեպ:
«Խորհրդային իշխանության, նրա թերթերի, բազմապիսի փողհարների եւ ջատագովների կողմից, թերևս, ազգայնական ոչ մի գործիչ այնքան կրքոտ հարձակումների եւ զրախոսութեանց չի ենթարկվել, որքան տողերս գրողը:
Մեկ ու կես տասնյակ տարի է անցել այն ողբերգական օրից, ինչ մենք թողեցինք Հայաստան երկիրը, բայց եւ այնպես, կարմիր իշխանությունը չի մոռացել, չի մոռանում, եւ դժվար թե մի օր ի սպառ մոռանա ինձ:
Եւ հասկանալի է դա, ավելի քան հասկանալի: Առաջին գնդակը՝ Կարմիր բանակի դեմ, արձակեց իմ զինվորը. և բովանդակ Ռուսաստանում եւ Անդրկովկասում վերջինը լինելով, նա թողեց կռվադաշտը:
Իմ ժողովրդական վաշտերն էին, որ ջարդեցին, զինաթափեցին եւ գերեցին XI Կարմիր բանակի գրեթե բոլոր զորամասերը, եւ, հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության եւ Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրին — որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին — իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով,
խորհրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը — Սյունիքի կցումը Հայաստանին»:


Դիտվել է  1,807 անգամ:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների