ArmPhone. Հայկական խելացի հեռախոսներ

ArmPhone. Հայկական խելացի հեռախոսներ

07.06.2016 | Երեւան |

Հեղինակ՝ Արսեն Բաբայան

Հեղինակ՝ Արսեն Բաբայան

Հայաստանում ՏՏ ոլորտը կարևորագույն ոլորտ է: Այս մասին դեռևս ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բազմաթիվ հարցազրույցներից գիտենք: Այս ոլորտում 2013 թվականի դեկտեմբերից նոր լիցք հաղորդվեց. կառավարությունից տեղեկացանք, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այդ օրը տեխնիկայի, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների սիրահարներիս համար նշված նիստն ամենասպասվածներից էր: Նիստի մեկնարկը տրվեց հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Մասնավորապես այն, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1  դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոնը (Armphone): Ընկերության տնօրենը նշել էր, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Հենց այդ օրն էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընկերության տնօրենից նվեր ստացավ հայկական արտադրության առաջին պլանշետը: Ես՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների սիրահար, մեծ «նախանձով» լցվեցի: Ի դեպ, ոչ միայն ես: Բոլոր տեխնիկասերներս սկսեցինք անհամբերՀայՖոն ՀՀ ՌԴ սպասել, թե վերջապես երբ հնարավոր կլինի ունենալ հայկական արտադրության հեռախոս և պլանշետ: Նախանշվեցին մոտավոր ժամկետներ: Մի բան հստակ էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս ոլորտին առավել քան լուրջ էր վերաբերվում ու, իմ գնահատմամբ, ջանք չէր խնայում, որ ոլորտը պատշաճ զարգանա: Հենց այդ ընթացքում էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներից մեկով իր «բարի նախանձ»-ը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացման տեմպերի մասին: Կարճ ժամանակ անց իմացանք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայկական արտադրության պլանշետ և հեռախոս է նվիրել ՌԴ վարչապետին, ով ռուսական մեկ այլ լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ ինքն օգտվում է հայկական արտադրության գադջեթներից:

Հայկական արտադրության սմարթֆոնն արդեն ազատ վաճառվում է, գինն էլ 50 հազարից մինչև 150 հազար դրամի սահմաններում է: Փաստ է, որ մատչելիության խոստումն իրականություն դարձավ:

Ինչպես ցանկացած նոր երևույթ, այնպես էլ հայկական արտադրության սմարթֆոններն ու պլանշետները պետք է ենթարկվեին քննադատության: Մասնավորապես, ո՞րն է դրա իմաստը, արդյո՞ք այն անհրաժեշտություն էր, մի՞թե հնարավոր չէր ավելի կարևոր տեղերում ներդրումներ անել և այլն: Հենց այս հարցերի պատասխանն է, որ փորձել եմ հավաքագրել ֆեյսբուքյան օգտատերերից:

Այսպիսով, պարզվում է, որ հայկական արտադրության սմարթֆոնների ու պլանշետների շուրջ կարծիքները հակասական են: Մարդկանց մի մասը պնդում է, որ ընդամենը կրկնօրինակման փորձ է, ինչը բացասական է ՏՏ ոլորտի զարգացման համար: Որպես բացասական կարծիք կարելի է առանձնացնել նաև այն, որ հայկական համարվող սարքերը հայկական չեն, արտադրված են Չինաստանում: Սակայն ի հակադրումն այդ կարծիքի, պետք է նշել, որ աշխարհում հայտնի տեխնիկայի ավելի քան 90 տոկոսն է արտադրվում Չինաստանում, ինչը, ըստ էության, չի փոխում դրա պատկանելիությունը: Օրինակ՝ iPhone-ը երբեք չի համարվում չինական, թեև ամբողջությամբ արտադրվում է Չինաստանում: Ուսումնասիրենք համաշխարհային ճանաչում ունեցող Samsung ֆիրմայի սմարթֆոնը: Ընկերությունը կորեական է, ծրագիրը՝ ամերիկյան, արտադրվում է Չինաստանում: Փաստ է, որ Samsung-ը կորեական է, երկրորդ կարծիք դեռ չեմ լսել:

ArmPhoneԱնցնելով դրական կարծիքներին՝ պետք է նկատեմ, որ դրանցում հիմնական միտքը տնտեսության զարգացումն է: Իսկապես, այս առումով անվիճելի է, որ ընկերության հաջողության դեպքում տնտեսական մեծ զարգացում կունենանք: Առավել ևս, երբ հայկական գադջեթները կսկսեն արտահանվել: Ստեղծվեցին նոր աշխատատեղեր:

Կարծիքների ուսումնասիրության ընթացքում դրանցից մեկն արժանի է առանձին անդրադարձի. Տիգրան Գալստյանը կարծում է, որ «Ցանկացած հայրենական արտադրություն խրախուսելի է ու խրախուսման ենթակա: ԱրմԹաբ լինի, թե՝ ԱրմՍուջուխ: Ներքին տնտեսական աշխուժացմանը նպաստելուց զատ մի այլ կոնկրետ փաստարկ ավելացնեմ. կան բարեկամ երկրներ, որոնք ցանկանում են տնտեսական բաղադրիչ ավելացնել հարաբերություններում, որ հարևանների կողմից չմեղադրվեն միայն հայկական լոբբինգի թիրախ լինելու մեջ, այլ նաև տեսանելի տնտեսական գործարքներ ունենան նաև, ու Հայաստանով հետաքրքրվածությունը, թեկուզ ֆիկտիվ, այդպես արդարացվի, ոչ թե միայն համայնքով ու լոբբինգով: Այդ առումով ցանկացած հայրենական արտադրություն կարող է նման կապող օղակի դեր ստանձնել: Օրինակ, եթե ֆրանսիական որևէ նահանգ, որն ուզում է տնտեսապես աջակցել, բայց չգիտի ինչպես, կարող է մեծ պատվեր տալ ԱրմԹաբի կամ ԱրմՍուջուխի ներկրման՝ դա փաթեթավորելով որպես իր ներքին սպառման համար ապրանքի փոքր պատվեր՝ ՏԻՄ մասշտաբով, իսկ Հայաստանի դեպքում դա կլինի շահավետ տնտեսական գործարք»: Ի դեպ, Տիգրան Գալստյանը դիվանագետ է, աշխատում է Ֆրանսիայում՝ ՀՀ դեսպանատանը:

Այսպիսով, փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի ցանկացած տեսակի զարգացում նպաստում է տնտեսության զարգացմանը: Այս առումով, հաշվի առնելով հայկական հայրենասիրությունը և մեր փոքր շուկան պետք է սատար կանգնենք մեր արտադրանքին:

Ես անպայման գնելու եմ ArmPhone:


Դիտվել է  2,229 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների