Տեղեկատվական աշխատանքն արտակարգ իրավիճակների պայմաններում

Տեղեկատվական աշխատանքն արտակարգ իրավիճակների պայմաններում

27.05.2016 | Երեւան |
Արտակարգ իրավիճակն այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում, խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը:

ԱԳՆ, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքային պրակտիկայում կարող են ծագել ամենատարբեր արտակարգ իրավիճակներ, որոնք կարող ենք դասակարգել հետևյալ կերպ.

● քաղաքական բնույթի՝ պետական հեղաշրջում, պատերազմ, ներքին բախումներ, քաղաքացիական պատերազմ,
● քրեական բնույթի՝ պատանդների վերցնում, ներքին բախումներ, ահաբեկչություն
● տեխնածին բնույթի՝ տրանսպորտային վթար, հրդեհ, թունավորումներ, պայթյուններ, արտադրական վթարներ
● բնածին բնույթի՝ երկրաշարժ, ճառագայթում, ջրհեղեղ, համաճարակ, սողանքներ

Արդեն տեղի ունեցած կամ նշմարվող արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատանքը պահանջում է տեղեկատվության մատուցում խիստ կենտրոնացված ձևով, քանի որ նման պայմաններում տեղեկատվությունը սովորաբար լինում է հակասական և չստուգված, իսկ պաշտոնական աղբյուրից մատուցվող տեղեկատվությունը պետք է ամբողջովին համապատասխանի իրականությանը։ Վերը նշված պատճառով անթույլատրելի է ոչ ճշգրիտ, չստուգված տեղեկատվության հրապարակումը:

Արտակարգ իրավիճակների դեպքում հարցումների տարափի տակ զգոնությունը և զգուշությունը երկրորդ պլան է մղվում, և առաջ է գալիս շուտափույթ կերպով տեղեկություն հաղորդելու բնական ցանկությունը, սակայն շտապողականությունը հաճախ սխալ տեղեկատվության հրապարակման պատճառ կարող է հանդիսանալ:

Արտակարգ իրավիճակների պայմաններում դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը տեղեկատվության հրապարակումը պետք է համաձայնեցնի ԱԳՆ-ի հետ՝ խուսափելու համար հետագա բարդություններից:

Արտերկրում գործող ներկայացուցչության համար արտակարգ իրավիճակ է նաև որևիցե պատահարի հետևանքով քաղաքացու ծանր վնասվածքը կամ մահը:

Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության մատուցումը պետք է ընթանա խիստ կենտրոնացված ձևով՝ պետք է հրապարակվի միայն ճշգրիտ և կրկնակի ստուգված տեղեկատվությունը։

Էթիկական պատկերացումներից ելնելով` ցանկալի է չհրապարակել տուժածների անունները, եթե չկա նրանց հարազատների համաձայնությունը։

Արտակարգ իրավիճակների պայմաններում քաղաքացիների հետ տարվող աշխատանքը պահանջում է ուժերի առավելագույն լարում: Զգացմունքայնության դրսևորումներն անթույլատրելի են, քանզի խանգարում են ճիշտ կողմնորոշվելուն և որոշում կայացնելուն:

Արտակարգ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին օժանդակելու համար դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները պետք է սկսեն օգնության ուղիներ փնտրել խնդիրն ի հայտ գալուց անմիջապես հետո, ոչ թե սպասեն լրատվամիջոցների հրապարակումներին և նոր սկսեն գործել։

Հաճախ պատահում է նաև, որ քաղաքացիներն առանց պետական մարմիններին դիմելու միանգամից ահազանգում են լրատվամիջոցներին` բողոքելով, թե իրենց թողել են բախտի քմահաճույքին: Շատ դեպքերում լրատվամիջոցներով քաղաքացու առջև ծառացած խնդրի հրապարակայնացումը խանգարում է տվյալ հարցում օժանդակություն ցուցաբերելուն և երկրի համապատասխան մարմինների հետ լուծումների փնտրտուքին։

Բերենք համանման մի իրավիճակ, որը տեղի է ունեցել 2014 թ.-ին՝

2014թ. մայիսի կեսերից հունիսի կեսերը շարունակ տեղացող անձրևների պատճառով փակվել էր Վրաստան – Ռուսաստան ավտոմայրուղին, որի պատճառով ՌԴ Վերին Լարս անցակետի մոտ ՀՀ քաղաքացիների կուտակումներ էին եղել, որոնք, փաստացի, անօթևան էին մնացել` սպասելով ճանապարհի բացմանը, որը կարող էր ձգվել շաբաթներ:

Մարդկանց կուտակումներ առաջանալուց ի վեր Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Վլադիկավկազի հայկական համայնքի միջոցով սկսել էր անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին, որոնցից մի քանիսը կապվել էին հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի հետ և պնդել, թե իրենց «անտեր են» թողել: Հատկանշական է, որ բողոքողները չէին էլ փորձել կապվել գլխավոր հյուպատոսության կամ ԱԳՆ-ի հետ:

Հաջորդիվ ամենօրյա պարբերականությամբ տեղեղեկատվություն էր հրապարակվում քաղաքացիներին ցուցաբերված աջակցության, նրանց փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, հայկական լրատվամիջոցներին էին տրամադրվում տեսանյութեր՝ տեղում քաղաքացիների վիճակի, ճանապարհի բացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:

Հունիսի 5-ին ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տարածվել էր հետևյալ տեղեկատվությունը.

«Ռուսաստանի Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների վիճակի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն` բնական աղետի հետևանքով Ռուսաստան — Վրաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին, տարերքի սկսվելուց ի վեր, տեղի հայ համայնքի ջանքերով մատակարարվել է սնունդ և դեղորայք:

Գլխավոր հյուպատոսության կողմից աջակցություն է ցուցաբերվել արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրների լուծման նպատակով:

Չնայած հայկական, ռուսական և վրացական իշխանությունների բազմաթիվ հորդորներին` զերծ մնալու Վերին Լարս – Կազբեկի հատվածով երթևեկելուց, վերջին օրերին մի քանի մեքենաներ ժամանել են հիշյալ հատված և նորից հայտնվել խցանման մեջ:

Մասնավորապես, քաղաքացի Մարինե Պետրոսյանը (անունը փոխված է), ով երեկ հեռուստատեսությամբ պնդում էր, թե մի քանի օր է երեխայի հետ բնակվում է անտառներում իր ամուսնու և քսաներեքամյա որդու հետ, ինչպես նաև Նաիրա Մխիթարյանը` Ղրիմից և Անապայից, համապատասխանաբար Վերին Լարս անցակետ են ժամանել ս.թ. հունիսի 2-ին, տեղավորվել են տեղի հայ համայնքի փոխնախագահ Վլադիմիր Մանասյանի ամառանոցում:

Հայտնում ենք նաև, որ գլխավոր հյուպատոսության կողմից երկու շաբաթ առաջ կազմակերպվել է «Անի» պարային համույթի ողջ անձնակազմի օդանավով տեղափոխումը Հայաստան` հյուպատոսության միջոցներով:
Ծերերին, կանանց և երեխաներին առաջարկվել է ինքնաթիռով մեկնել Հայաստան` ոչ իրենց հաշվին, սակայն վերջիններս հրաժարվել են:

Հունիսի 6-ին դեպքի վայր է մեկնել գլխավոր հյուպատոսության խորհրդականը»:

Այս իրավիճակը տևեց մի քանի օր, և այդ թեմայով վերջին տեղեկատվությունը ԱԳՆ մամլո խոսնակի՝ հունիսի 14-ի թվիթերյան հետևյալ գրառումն էր.

«Վերին Լարս Կազբեկի ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է»:


Դիտվել է  488 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների