Արցախին օժանդակության «անհրաժեշտն» ու «բավարարը»

Արցախին օժանդակության «անհրաժեշտն» ու «բավարարը»

25.05.2016 | Երեւան |

Դեռևս 2011 թվականին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը «ԼՂՀ-Հայաստանի Հանրապետություն ինտեգրման հրամայականները» վերտառությամբ համառոտ վերլուծական առաջարկ էր պատրաստել, որի աշխատանքային խումբն ինքս էի ղեկավարում:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո հիշեցի այդ վերլուծության մասին: Այն ակտուալ է նաև այսօր: Բայց նաև հասկանալի է, որ այն մեկ օրում չի կայանա, իսկ մենք պետք է քայլեր կատարենք առանց հապաղելու: Հիշում եմ, թե ինչքան կարևոր էր 1995 թվականից հետո ՀՀ երիտասարդ կադրերի ներգրավումը Արցախյան պետական ինստիտուտներում:

Այս օրերին մի շատ ուրախալի լուր ստացա. նշանակվեց Արցախի նոր օմբուդսմենը (ՄԻՊ): Շատ ճիշտ ընտրություն էր, և արդյունքներն արդեն տեսնում ենք:

Մեզ հիմա իսկապես պետք է այդ հին պրակտիկան կրկնել` ՀՀ երիտասարդ,  արհեստավարժ, ցանկություն ունեցող կադրերին ներգրավելով Արցախյան պետական գերատեսչություններում՝ առնվազն խորհրդականի կարգավիճակով: Սա կլինի ինչ-որ չափով առաջին քայլը դեպի ինտեգրում` առնվազն պետական ինստիտուտների մակարդակում:

Ակնարկ-առաջարկի մեջ, որը, ինչպես արդեն նշեցի, արդիական է մինչ օրս, մասնավորապես ասվում է.

Թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում, թե՛ յուրաքանչյուր հայի մտահոգություններում ու իղձերում Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրն առաջնային է: Հաճախ, կարևորելով այս կամ այն խնդիրը, փորձում ենք օգնել, համարելով, որ ապագայում մեր իղձերի կատարման համար մեր օգնությունը, մեր ներդրումը, մեր դրամն ինքնին բավարար կռվան է: Նման օգնությունը, սակայն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Անհրաժեշտ է այնպիսի հիմք ձևավորել, որը ԼՂՀ զարգացումը կդնի ինքնաբավ ու ինքնուրույն ուղու վրա, կարագացնի դրա ընթացքը և կբազմապատկի գործադրվող ջանքերը: Նման հիմք ձևավորելու համար ֆինանսական ռեսուրսն ու բարձր մակարդակով համագործակցությունը բավարար չեն: Ավելին, ՀՀ և ԼՂՀ հասարակությունները որոշակիորեն անջրպետված են. վարվող արտաքին քաղաքականությունն ու ներքին իրականության ոչ լիարժեք համադրելիությունը այս են վկայում: Անջրպետը մարտահրավեր է ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգությանը և շարունակաբար խոչընդոտում է պետականության կայացմանն ու հասարակության զարգացմանն ու ինտեգրմանը: Եվ սա այն պարագայում, երբ առնչվում ենք ԼՂՀ-ի, մասնակիորեն նաև՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ վարվող մեկուսացման քաղաքականությանը: Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին ձեռք մեկնող աշխարհասփյուռ հայության պարագայում եզրակացությունը հստակ է. «եթե օգնում ես, բայց չես շփվում ու հարաբերություններ կառուցում, ապա օտարանում ես ու ապաինտեգրվում»:

Գործակցություն. ամենից կարևորը

Եվ այսպես, ԼՂՀ-ին օգնության մեկնող ձեռքերը քիչ չեն: Օգնությունը տրամադրվում է թե՛ պետական մակարդակով` բյուջետային վարկի տեսքով, թե՛ աշխարհասփյուռ հայության կողմից` համահայկական հիմնադրամի հանգանակության խողովակով: Կա նաև պարզ, մարդկային միասնություն` բոլորս հայ ենք: Ստացվում է, որ մարդկային ու պետական հարթություններում կապերն ամուր են, սակայն թերևս ամենակարևոր՝ քաղաքացիական հասարակության հարթության մեջ խզումն ակնհայտ է: ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակության միջև համագործակցության բացակայությունը նպաստում է անջրպետի խորացմանը` մեծացնում շահարկումների վտանգը, թուլացնում լիարժեք ժողովրդավար պետականության կայացումը: Այսօր Հայաստանի բազմաթիվ կառույցներ ավելի մեծ պատրաստակամությամբ աշխատում և համագործակցում են եվրոպական ու ամերիկյան հասարակական կազմակերպությունների հետ, քան փորձում են գործընկերներ գտնել ու ծրագրեր իրականացնել ԼՂՀ-ում: Այս իրողությունը, թերևս, բազմամիլիոնանոց ծրագրերի առկայության հետևանք է, որի արդյունքում ստեղծված համագործակցությունը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը, ընդլայնում ու հարստացնում քաղաքացիական հասարակության սպեկտրը, խթանում բազմակարծությունը: Նման դրական ազդեցությունն անհնարին կլիներ, եթե միջազգային զարգացման գործընկերները միջոցները տրամադրեին բացառապես մեկ սուբյեկտի, ինչը զգալիորեն կթուլացներ միջոցների օգտագործման գործընթացի հաշվետվողականությունը, կհարվածեր դերակատարների պատասխանատվությանն ու նրանց գործունեության թափանցիկությանը, թերևս նաև՝ օրինականությանը: Հետևությունն ակնհայտ է. ԼՂՀ-ի և ՀՀ-ի հասարական կառույցների միջև անմիջական համագործակցությունը ավելի կհարստացնի քաղաքացիական հասարակության ներկապնակն ու կընդլայնի դրա սպեկտրը և զգալիորեն կկրճատի առկա անթույլատրելի անջրպետը քաղաքացիական հասարակության հարթության մեջ: Միաժամանակ, ակնհայտ է, որ նման համագործակցությունը պահանջում է միջոցներ, սակայն դրանց ձևավորման աղբյուրների և հատկացման մեխանիզմների ստեղծման խնդիրը մնում է չլուծված:

Լավ է շուտ, քան ուշացած

Կառավարման փորձ ունեցողները լավ գիտեն՝ որոշումների մեծամասնությունը կայացվում է, երբ այլևս հնարավոր չէ հետաձգել որոշումը: Չպետք է թողնել, որ դանակը հասնի ոսկորին և նոր միայն քայլեր ձեռնարկել. ՀՀ և ԼՂՀ անջրպետի խորացումը կանգնեցնելու ու ինտեգրման գործընթացները խթանելու համար անհրաժեշտ է որոշումներ կայացնել այսօր ևեթ: Որոշումները կարող են տարբեր լինել, սակայն պետք է նպատակին հասնեն ու պարունակեն իշխանություն-հասարակական կազմակերպություններ-ՀՀ-ԼՂՀ ինտեգրման առաքելության ուրվագծերը:

Վերլուծության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:


Դիտվել է  434 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների