Արյունոտ օգոստոս

Արյունոտ օգոստոս

20.05.2016 | Երեւան |

Իրաքում մշտապես լարված մթնոլորտ է եղել եզդիների շուրջ: Եզդի ազգաբնակչությունը մահմեդականություն չդավանելու պատճառով մշտապես հետապնդումների, հալածանքների և խոշտանգումների է ենթարկվել Իրաքի տարբեր ժամանակների իշխանությունների կողմից: Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո եզդիները հույս ունեին, որ իրավիճակը կփոխվի դեպի դրականը, սակայն այդ հույսերը չարդարացան և վերջիններս շարունակեցին ապրել վախի պայմաններում, շարունակվեցին բռնություններն ու հալածանքները: 2003թ. ԱՄՆ-ի` Իրաք ներխուժումից հետո տեղի ունեցավ այդ երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը, և թիրախը կրկին եզդիներն էին: 2007-ի օգոստոսի 8-ին եզդիական երկու գյուղերում ռումբի գործադրմամբ սպանվեց ավելի քան 800 մարդ, իսկ 1500 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ: Իրաքում մահմեդականները հրապարակային գնդակահարում էին եզդիներին և մնում անպատիժ: Եզդիները իրավունք չունեին խոսելու իրենց ինքնության մասին. նրանք ստիպված էին ներկայանալ կա՛մ որպես արաբներ, կա՛մ քրդեր, հակառակ դեպքում նրանք հարվածներ կստանային կա՛մ արաբներից, կա՛մ քրդերից:
2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում եզդիների նկատմամբ սկսված հալածանքները միանշանակ կարելի է որակել որպես ցեղասպանություն, քանի որ այդ գործողություններն ուղղված էին եզդի ազգաբնակչության դեմ և նպատակ էին հետապնդում կա՛մ ոչնչացնել եզդիներին, կա՛մ ասիմիլացնել և հավատափոխ անել նրանց: «Իսլամական պետություն» (Islamic State of Iraq and the Levant) կոչված խմբավորումը, որն իր նպատակն է հռչակել արաբական խալիֆայության վերաստեղծումը, լայնածավալ հարձակումներ սկսեց Իրաքի Նինվե նահանգի Շանգալ եզդիաբնակ շրջանի ուղղությամբ: «Իսլամական պետություն» խմբավորումը ծայրահեղ սունիական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին Ալ Քաիդայի բջիջ խմբավորումներից: Վերջինս ֆինանսական աջակցություն է ստանում Պարսից ծոցի երկրներից` Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից: Իսլամական խմբավորման արտաքին ֆինանսավորման մասին հայտարարությամբ էր հանդես եկել Իրաքի խորհրդարանի անդամ Մուհամեդ Սալահ Ջոքարը: Այս կազմակերպությունն ունի նաև ֆինանսավորման ներքին աղբյուրներ, որոնք ապահովում է իր ենթակայության ներքո գտնվող տարածքներում առկա նավթի և այլ բնական պաշարների սպառման միջոցով: Մենք նշեցինք խմբավորմանն ուղիղ աջակցություն հասցնող ուղիները, սակայն պետք է նկատել, որ եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» խմբավորուման իրականացրած ցեղասպան գործողություններին անուղղակի կերպով օժանդակել են Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերը և Իրաքի կենտրոնական զինված ուժերը: Քրդական ինքնավարության «Փեշմարգա» (Peshmerga) զինված ուժերը «Իսլամական պետության» հարձակումից ժամեր առաջ դուրս էր հանել իր զինված ստորաբաժանումները եզդիաբնակ Շանգալից: Ի դեպ, պետք է նշել, որ «Փեշմարգայի» ներկայությունը ի սկզբանե անօրինական էր, քանի որ Շանգալը չէր համարվում և այսօր էլ չի համարվում Իրաքի քրդական ինքնավարության մաս, սակայն քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, վստահեցնելով եզդիներին, որ կապահովի նրանց անվտանգությունն առանց կենտրոնական իշխանությունների թույլտվության, իր զինված ստորաբաժանումները մտցրել էր Շանգալ` վերահսկողություն հաստատելով եզդիաբնակ տարծքներում: «Փեշմարգայի» առկայությամբ եզդիների անվտանգությունը երաշխավորելու պատրվակով քրդական ինքնավարության ղեկավարները զինաթափել էին եզդի բնակչությանը` ևս մեկ անգամ վստահեցնելով, որ բնակչության անվտանգությունը կապահովի «Փեշմարգան»: Մինչ օրս անհասկանալի է, թե ում հրամանով և ինչ պատճառաբանությամբ է «Փեշմարգան» «Իսլամական պետության» հարձակումից ժամեր առաջ լքել Շանգալը` թողնելով խաղաղ, անզեն ժողովրդին իսլամիստ զինյալների դեմ մեն-մենակ: Քրդական զինված ուժերի, մեղմ ասած, հանցավոր անփութությունն ընդունել է նաև Իրաքյան քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին, ով հայտարարել էր, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն. «Ես խոստանում եմ, որ կպատժվեն բոլոր այն մեղավորները, որոնք պատասխանատու են Շանգալից «Փեշմարգայի» փախուստի համար»: Մասուդ Բարզանիի այս հայտարարությունից հետո ձերբակալվեց Շանգալում Քրդական դեմոկրատական կուսակցության և Շանգալում քրդական զինված ուժերի պատասխանատու Սարբաստ Բափիրը, սակայն ամիսներ հետո նա ազատ արձակվեց: Այսպիսով, որևէ քուրդ պաշտոնյա չենթարկվեց պատասխանատվության: Սխալված չենք լինի, եթե այս միջադեպը համարենք քրդական ինքնավարության աջակցությունը «Իսլամական պետություն» խմբավորմանը: Եվ այս իմաստով պետք է նկատենք, որ Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների գործողությունները աջակցություն էին «Իսլամական պետությանը»: Քրդական ինքնավարության իշխանությունների գործողությունները դատապարտելի են` համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվեցիայի» 3-րդ հոդվածի Բ և Ե կետերի:
Կան շրջանակներ, որոնք ավելի են կոնկրետացնում քրդերի մեղավորությունը և նշում, որ վերջիններս ակտիվ համագործակցության մեջ են եղել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ, և մինչ Շանգալի ուղղությամբ սկսված հարձակումները` մի քանի անգամ քրդերի մայրաքաղաք Էրբիլում ահաբեկիչների հետ հանդիպումներ են կազմակերպվել: Լրագրող Ժիարա Մուհամեդը այս մասին գրում է, որ մինչ Շանգալի և Մոսուլի ուղղությամբ հարձակումների իրականացումը` «Իսլամական պետություն» խմբավորումը հունիս ամսին հանդիպում է կազմակերպել Օմանում: Հանդիպմանը մասնակցել են Սալիխ Կալիբը (Հորդանանի կառավարության ներկայացուցիչ), ահաբեկչական մի շարք խմբավորումների ղեկավարներ և Քրդական Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի որդին` Մասրուր Բարզանին: Այս հանդիպման մանրամասները հայտնի են դարձել հանդիպման մասնակիցներից մեկի շնորհիվ, ով իր ենթակայության տակ գտնվող տեղեկատվությունը վաճառել էր Իրանի Իսլամական հանրապետության հատուկ ծառայություններին, իսկ նրանք էլ իրենց հերթին հրապարակել էին այն: Արդեն նշեցինք, որ այս հանդիպման ժամանակ քննարկվել է Մոսուլ քաղաքի և եզդիաբնակ Շանգալ մարզի գրավումը: Սա նշանակում է, որ քրդական կողմը ևս մասնակից է եղել, և քրդական զինված ուժերի հետքաշումն այս հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հետևանք էր: Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից «Իսլամական պետությանը» ցուցաբերած անուղղակի օգնությունն այն էր, որ Բաղդադի զինված ուժերը, 2014 թվականի հունիս ամսին Մոսուլ քաղաքի ուղղությամբ իսլամիստների հարձակումներից հետո, լքեցին քաղաքը` ահաբեկիչների տրամադրության տակ թողնելով մեծաքանակ զենք և զինամթերք, որն օգոստոսին արդեն օգտագործվեց եզդիների դեմ: Մոսուլում Իրաքի կենտորնական իշխանությունների կողմից թողնված զենք-զինամթերքը գերժամանակակից զինտեխնիկա էր: Այս հանգամանքը բավականին մեծ դժվարությունների առաջ կանգնեցրեց եզդի ազգաբնակչությանը, քանի որ եզդիների տրամադրության տակ գտնվող փոքրաքանակ զինատեսակները նախորդ դարի զենքեր էին (Սովետական միության արտադրանք), որով անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրականացնելը ծայրաստիճան դժվար էր:
«Իսլամական պետությունը» եզդիների նկատմամբ սկսեց անմարդկային գործողություններ իրականացնել: Հարձակումների էին ենթարկվում բոլորն անխտիր, անգամ կանայք և երեխաները: Իսլամիստների հարձակումից ոչնչացված առաջին բնակավայրը Քոչո գյուղն էր: Հարձակման հետևանքով սպանվեցին բնակավայրի արական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ըստ պաշտոնական տվյալների` գյուղն ուներ 1700 բնակիչ: Միայն առաջին օրը հրապարակային գնդակահարության էին ենթարկվել 300 տղամարդիկ, իսկ մնացյալ եզդի բնակչությանը իսլամ ընդունելու համար տրվել էր երեք օր ժամանակ, հակառակ դեպքում նրանց ևս սպասվում էր նույն ճակատագիրը: Երեք օր անց իսլամ չընդունելու համար սպանվեց ևս 700 տղամարդ, իսկ կանանց տեղափխեցին Մոսուլ, որտեղից էլ իբրև ստրկուհիների վաճառեցին արաբ զինյալներին:
Սրանով, սակայն, բռնությունները չավարտվեցին: Հարձակումները շարունակվեցին եզդիաբնակ բոլոր բնակավայրերի ուղղությամբ: Արդեն առաջին օրերին Շանգալը լքեցին ավելի քան 300հազար եզդիներ, որոնք հաստատվեցին մոտակա շրջաններում և քաղաքներում: Շանգալ լեռան մոտակայքում գտնվող բնակավայրերի եզդիները փորձեցին փրկություն գտնել` բարձրանալով լեռներ: Ավելի քան 140հազար եզդիներ բարձարացան Շանգալ լեռը և դժբախտաբար հայտնվեցին շրջափակման մեջ: Մի քանի օր շարունակ լեռներում փրկություն փնտրող եզդիներին սպառնում էր սովամահությունը և իսլամիստների հարձակումները, որոնք ամեն կերպ փորձում էին կոտրել դիմադրությունը և բարձրանալ լեռներ: Միջազգային հանրությունը անտարբերությամբ էր վերաբերվում եզդիների նկատմամբ իրագործվող ցեղասպան գործողություններին, և որևէ պետություն միջազգային ատյաններում չէր խոսում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակից, իսկ լեռներում հայտնված եզդիները սովամահ էին լինում` հնարավորություն չստանալով հեռանալ լեռներից: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները շարունակում էին իրենց վայրագությունները եզդիաբնակ գյուղերում և քաղաքներում: Իսլամիստները կանգ չէին առնում և ոչ մի բանի առջև: Ըստ միջազգային լրատվամիջոցների հրապարակումների` նրանք գողանում էին կանանց, երեխաների, հաճախ նույնիսկ ամբողջական ընտանիքների, և մինչ այսօր էլ շատ եզդիների ճակատագրեր դեռևս շարունակում են անհայտ մնալ: Ըստ ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները միայն Թել Աֆար բնակավայրից առևանգել են 100 եզդի ընտանիքների: Միջազգային հանրության լռությունը կոտրվեց միայն օգոստոսի 7-ին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հայտարարությամբ հանդես եկավ եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ԱՄՆ նախագահի ելույթից հետո միջազգային լրատվամիջոցները սկսեցին սևեռվել եզդիների խնդիրների վրա և ներկայացնել, որ լեռներում ծվարած տասնյակհազարավոր եզդիներն օգնության կարիք ունեն, և եթե չլինի շտապ օգնություն, ապա նրանք բոլորը կարող են մահանալ կամ սպանվել:
Միջազգային կոալիցիոն ուժերը սկսեցին օդային ճանապարհով օգնություն հասցնել եզդիներին, սակայն օգնության չափը բավական փոքր էր և չէր կարող բավարարել բոլոր փախստականներին: Լեռներում շրջափակման մեջ հայտնված եզդիները կարողացան փրկվել միայն եզդի զինյալների ջանքերի շնորհիվ, ովքեր մեծ դժվարությամբ միջանցք բացեցին դեպի Սիրիա, որը հնավորություն տվեց փրկվելու ավելի քան 120հազար եզդիների, իսկ մոտ 20հազար եզդիներ շարունակեցին մնալ լեռներում և հրաժարվեցին լքել հայրենի եզերքը: Սիրիա տեղափոխված եզդի փախստականների մի ստվար հատված` մոտ 30հազար, հետագայում տեղափոխվեց Թուրքիա:
«Իսլամական պետություն» խմբավորումը գրավեց բոլոր եզդիական բնակավայրերը և իր ենթակայության տակ գտնվող տարածքներում բնակվող եզդիներին անխնա սպանդի ենթարկեց: Սպանվում էին բոլոր նրանք, ովքեր հրաժարվում էին իսլամ ընդունելուց: Պետք է փաստել, որ այն եզդիներն, ովքեր չէին լքել իրենց բնակավայրերը, բոլորն էլ ի վերջո սպանվեցին խմբավորման զինյալների կողմից և թաղվեցին եղբայրական գերեզմաններում: Այսօր էլ ամեն նոր ազատագրվող բնակավայրում հայտնաբերվում են եղբայրական գերեզմաններ, և դժվար է ասել, թե իրականում քանի եզդի է սպանվել «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալների կողմից: Հարկ է նկատել, որ «Իսլամական պետության» հիմնական նպատակը եղել է կա՛մ ոչնչացնել Շանգալի եզդիներին, կա՛մ եզդիաթափել այդ տարածաշրջանը, որը Իրաքի երկու եզդիաբնակ մարզերից ամենախոշորն է, և շրջանի քաղաքական առաջնորդները մտադիր էին ինքնավարություն հռչակել: Իրաքի սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն` մեկ կամ մի քանի ադմինիստրատիվ շրջաններ կարող էին միավորվել և ստեղծել ինքնավար մարզ, որը պետք է ունենար իր սեփական կառավարությունը և խորհրդարանը: Տվյալ մարզը պետք է ունենար նաև առանձին սահմանադրություն, որը չպետք է հակասեր մայր սահմանադրությանը:
Ինչպես հայտնի է, Իրաքում կա երկու միատարր եզդիաբնակ շրջան` Շանգալը և Շեյխանը, որոնց բնակչությունը անցնում է 1մլնի սահմանը: Ըստ Իրաքի նոր սահմանադրության` տեսականորեն այս երկու շրջանները կարող էին ստեղծել մեկ ինքնավար մարզ, սակայն այս անգամ էլ եզդի հոգևոր-քաղաքական ղեկավարները շատ անհեռատես վարվեցին և չօգտվեցին այդ հնարավորությունից: Ավելին` եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Բեկի անմիջական ջանքերով եզդիաբնակ Շեյխան մարզը մտավ Իրաքի քրդական ինքնավարության կազմ: Թահսին Բեկը ամեն կերպ փորձում էր նաև քրդական ինքնավարության կազմում ներառել եզդիաբնակ Շանգալը, սակայն այդ հարցում նրան հաջողություն չէր սպասվում, քանի որ Շանգալում եղան գործիչներ, ովքեր գտնում էին, որ եզդիները պետք է իրենց կյանքը կառուցեն քրդերից առանձին, և Շանգալը պետք է առանձին կարգավիճակ ունենա: Այս կապակցությամբ Շանգալում պետք է տեղի ունենար հանրաքվե, որի արդյունքների համապատասխան էլ կորոշվեր`արդյո՞ք Շանգալը կմիանա քրդական ինքնավարությանը, թե՞ կմնա Բաղդադի ենթակայության ներքո, սակայն Շանգալը կարող էր ընտրել նաև ինքնավարության ճանապարհը:
Ամենատարբեր ուժերի համար կարևոր էր թույլ չտալ, որպեսզի Շանգալը շարունակի մնալ միատարր եզդիաբնակ շրջան և ձգտի ինքնավարության: Տարբեր տարիների Շանգալի եզդիները բռնի տեղահնվել են և նրանց փոխարեն արաբներ են վերաբնակեցվել, որպեսի փոխվի տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերը:
Մինչ 2014 թվականի օգոստոսի 3-ի դեպքերը դժվար էր ասել, թե քանի եզդի է ապրում Շանգալում, քանի որ եզդիների թվին վերաբերող պաշտոնական տվայալները մշտապես վիճելի են եղել: Եզդիների թիվը մշտապես կրճատվել է քաղաքական նպատակներով: Մինչ 2014 թվականը Իրաքի կենտրոնական իշխանությունները և քրդական ինքնավարության իշխանությունները վստահեցնում էին, որ Շանգալում ապրում է 150 հազար եզդի, սակայն անհասկանալի է, թե ինչպես 2014 թվականի օգոստոսի 3-ի «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումից հետո Շանգալը լքեցին ավելի քան 430հազար եզդիներ: Սա փաստում է, որ եզդիների թիվը Իրաքում կրճատվել է զուտ քաղաքական նպատակներով:
Իրաքի 430հազար եզդի փախստականներից 300հազարը հաստատվել է Իրաքի այլ շրջաններում` Զախո, Դուհոկ, Էրբիլ, Սուլեմանիա, Շեյխան բնակավայրերում, 80հազար եզդի էլ հաստատվել է Սիրիայում, որտեղ ստեղծվեց Նավրոզ ճամբարը, 30հազար եզդի ապաստանել է Թուրքիայի Բաթման, Դիարբեքիր, Միդիաթ, Մարդին, Սիլոփի քաղաքներում և 20հազար եզդի շարունակում է ապաստանել Շանգալ լեռան վրա` հրաժարվելով լքել հայրենիիքը:
Այսօր եզդի փախստականներն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում: Վերջիններիս շուրջ ծայրահեղ բացասական և ճնշող միջավայր է ստեղծվել Իրաքի քրդական ինքնավարությունում: Ինքնավարության իշխանություններն ամեն կերպ փորձում են ճնշել բոլոր այն փախստական եզդիներին, ովքեր փորձում են խոսել քրդական զինված ուժերի կամայականությունների մասին և մեղադրանքներ են հնչեցնում քրդական ինքնավարության իշխանությունների հասցեին: Քրդական ինքնավարության ոստիկանությունը եզդի փախստականների բողոքի ալիքը ճնշելու համար հրապարակային սպանեց մի քանի ցուցարարի և բանտարկվեցին բազմաթիվ ակտիվիստների:
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իսլամական պետություն» խմբավորումը և Շանգալի տեղաբնակ արաբական ցեղերն իրենց ենթակայության տակ են պահում Շանգալը: Եզդիական ինքնապաշտպանական ուժերը` Հեյդար Շաշոյի հրամանատարությամբ, ամեն կերպ փորձում են ազատագրել Շանգալը, սակայն չստանալով գործուն աջակցություն քրդական ինքնավարության և Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից` նրանց առաջընթացը բավական դանդաղ կերպով է իրականանում, և դեռևս չի ստեղծվել հնարավորություն, որպեսզի հարյուրհազարավոր եզդի փախստականներ վերադառնան իրենց հայրենիք: Քրդական ինքնավարության իշխանությունները հրաժարվում են եզդիական զինված ուժերին օգնելուց և առաջարկում են եզդիներին մտնել քրդական «Փեշմարգա» զինված ուժերի կազմ, չնայած այն հանգամանքին, որ եզդիների զինված ուժերն արդեն իսկ ճանաչվել է Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից:
Մի բան հստակ է. դեռ այսօր էլ շարունակվում է եզդիների ցեղասպանությունն Իրաքում, քանի որ այսօր էլ շարունակվում են սպանվել անզեն եզդիներ, ավելի քան 5000 եզդիներ շարունակում են գերության մեջ մնալ , 3600-ը համարվում է անհետ կորած և հարյուրհազարավորներն էլ դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրերը: Իրավիճակը շարունակում է լարված մնալ, և անհանգստացնող ու դժվար է ասել, թե երբ եզդիները հնարավորություն կստանան վերադառնալու Շանգալ:
«Իսլամական պետություն» խմբավորման գործողություններին խորը իրավական մեկնաբանություն չենք տալիս այս գլխում, այլ առանձին կներկայացնենք Իրաբավանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Քոչոյի ծավալուն հոդվածը Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության վերաբերյալ:
Այս գլխի վերջում միայն կներկայացնենք, թե ինչ հետևանքներ է թողել եզդիների ցեղասպանությունը.

  • 20հազար եզդիներ սպանվել են (այս տվյալը դեռևս վերջնական չէ, քանի որ նոր ազատագրվող գյուղերում հայտնաբերվում են եղբայրական գերեզմաններ)
  • 430հազար եզդիներ դարձել են փախստականներ
  • 5000 եզդի կանայք և աղջիկներ գտվնվում են գերության մեջ
  • 3600 եզդիներ համարվում են անհետ կորած
  • 10-ից ավելի եզդիական սրբավայրեր ոչնչացվել են

Դիտվել է  550 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների