Դիվանագիտական տեղեկատվության աղբյուրները

Դիվանագիտական տեղեկատվության աղբյուրները

19.05.2016 | Երեւան |

Արտաքին քաղաքական տեղեկատվական աշխատանքում տեղեկատվություն ստանում են բազմաթիվ միջոցներով, առաջին հերթին՝ տեղեկատվական տարաբնույթ աղբյուրներից։

Տեղեկատվական աղբյուրներից ավանդական են համարվում հետևյալները:

Ռադիոն և հեռուստատեսությունը

Ռադիոն և հեռուստատեսությունը տեղեկատվության ստացման կարևորագույն աղբյուր են հանդիսանում։ Այս աղբյուրների առանձնահատկությունն այն է, որ դրանցից կարելի է օտվել առանց առօրյա գործերից կտրվելու (սպորտով զբաղվելիս, սնվելու ընթացքում, տրանսպորտային միջոցներում, այլուր)։ Այս տեղեկատվական աղբյուրներն աշխատում են օպերատիվության վրա և միշտ չէ, որ մատուցում են ստուգված և իրավիճակը ճշգրիտ ներկայացնող տեղեկություններ, ուստի դրանք  պետք է ենթարկվեն ֆիլտրացիայի: Այնուամենայնիվ, դիվանագիտական աշխատանքի տեսանկյունից այս աղբյուրից ստացված նույնիսկ ոչ ստույգ տեղեկատվությունը պետք է առիթ հանդիսանա տեղեկատվության աղբյուրներում այն գտնելու համար և իրադարձության կամ երևույթի մասին։

Հատկապես հեռուստատեսությունը տեղեկատվական աղբյուրներից ամենաազդեցիկն է, որն ապահովում է հեռուստադիտողի վիրտուալ ներկայությունը դեպքի վայրում և իրադարձությունների կիզակետում՝ այդպիսով ներգործելով մարդկանց գիտակցության վրա։

Թերթեր

Թերթերի մեծամասնությունը լույս է տեսնում օրական մեկ անգամ։ Թերթերը, չունենալով հրատապ օպերատիվություն ապահովելու խնդիր, իրադարձությունների և երևույթների մասին նյութերը մատուցում են առավել կշռադատված, ընդլայնված և այլ հավելյալ աղբյուրների տեղեկության ընդգրկմամբ։ Թերթերում հրապարակված հոդվածներին պետք է ծանոթանալ առավել ուշադիր՝ բաց չթողնելու համար կարևոր եզրահանգումները, ակնարկներն ու տեղեկությունները։ Հատուկ կարևորություն են ներկայացնում թերթերում հրապարակվող խմբագրականները կամ, այսպես կոչված, սյունյակները՝ կարծիք-խմբագրականները (op-ed անգլերեն opinion-editorial բառերից), որտեղ սովորաբար ներկայացվում են կարևոր իրադարձությունների և խնդիրների վերաբերյալ տվյալ պարբերականի խմբագիրների կամ հեղինակավոր քաղաքական գործիչների և փորձագետների տեսակետները։ Այս հրապարակումներում ներկայացված վերլուծություններն ու կարծիքները սովորաբար բավականին արժեքավոր են, քանի որ  մեծ մասամբ համընկնում են տվյալ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածության, նախասիրությունների  և նրան սատարող քաղաքական ուժերի տրամադրությունների հետ, պաշտոնատար անձի կողմից գրված լինելու պարագայում արտահայտում են պետության դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ավանդական են դարձել կարևոր միջազգային խնդիրների վերաբերյալ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների համատեղ հոդվածների հրապարակումը հեղինակավոր լրատվամիջոցներում։

Թեպետ մինչև XX դարի կեսերը թերթերը համարվում էին տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը, սակայն ռադիոյի, հեռուստատեսության և օնլայն պարբերականների բուռն զարգացումը հանգեցրեց թերթերի տպաքանակների անկմանը, իսկ թերթերի քանակը ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում նվազեց 12-50 %-ով:

Ամսագրեր

Հասարակական-քաղաքական, հատկապես մասնագիտացված ամսագրերը տեղեկատվության կարևոր աղբյուր են հանդիսանում (Foreign Affairs, Economist, Foreign Policy, Международная жизнь, Spiegel, Politique International և այլն)։ Ամսագրերը լույս են տեսնում շաբաթը մեկ, ամիսը մեկ կամ եռամսյակը մեկ  անգամ։ Ամսագրերում ներկայացվում են վերլուծական հոդվածներ, լրագրողական հետաքննություններ, պետական և քաղաքական գործիչների, դիվանագիտական ծառայության բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ հարցազրույցներ և վերոհիշյալ գործիչների հեղինակած հոդվածներ։ Նյութերի պատրաստման համար հատկացվող ժամանակը հնարավորություն է ընձեռում ամսագրերում հրապարակել առավել խոր և համակողմանի ուսումնասիրված վերլուծություններ՝ ներառելով իրադարձությունների նախապատմությունը, դրանց զարգացման դինամիկան, կանխատեսել հետագա ընթացքը: Փաստերը ամսագրային հոդվածներում սովորաբար ներկայացված չեն առանձին, այլ փոխկապակցված, պատճառահետևանքային կապով։

Մասնագիտացված ամսագրերում ներկայացվում են աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր տարբերակներ, քաղաքական զարգացումների և միջազգային հարաբերությունների վերաբերյալ նորարարական մոտեցումներ։ Հատկապես զարգացած երկրներում գիտական շրջանակներից քաղաքական պաշտոնների հրավիրված անձինք նկատվում են նմանատիպ հրապարակումների շնորհիվ, և նրանց են վստահվում կարևոր քաղաքական և դիվանագիտական պաշտոններ։

Ամսագրերում հրապարակված նյութերի ուսումնասիրության արդյունքում դիվանագետը կարծես բարձրանում է լավագույն մասնագետի մակարդակի, ինչը օգնում է առավել օբյեկտիվ գնահատել երևույթներն ու իրավիճակը, ծանոթանալ դրանց հիմքում ընկած պատճառներին և հնարավոր ընթացքին։

Գիտահետազոտական և վերլուծական կենտրոնների հրապարակումներ

Դիվանագիտական աշխատանքում հաճախ է պատահում, որ անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել ամենատարբեր ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ և փորձառություն պահանջող տեղեկատվություն։ Այս պարագայում է, որ կարիք է առաջանում օգտվելու տարբեր մասնագիտացված ինստիտուտների և գիտահետազոտական կենտրոնների ուսումնասիրություններից և վերլուծություններից։ Մեծ մասամբ այդ վերլուծությունները բաց են, համացանցում հասանելի, սակայն կան նաև փակ ուսումնասիրություններ, որոնք կարելի է ձեռք բերել որոշակի վճարի դիմաց։

Լրատվական կայքեր

Տեղեկատվության ստացման համեմատաբար նոր ձև է համարվում համացանցում զետեղված տեղեկատվությունը, որն ունի տարբեր առանձնահատկություններ` սկսած տեղեկության հրապարակման ծավալային սահմանափակման բացակայությունից, վերջացրած օպերատիվությամբ և առցանց հեռարձակումներ ու հարցումներ կազմակերպելու հնարավորությամբ։

Գրեթե բոլոր մեծ ու փոքր լրատվամիջոցներն այսօր ունեն կայքեր, որոնք թարմացվում են շուրջօրյա ռեժիմով, հրապարակվում են նյութեր, որոնք չեն լինում մամուլի տպագիր տարբերակներում։ Կայքերի հրապարակած նյութերի առնչությամբ ընթերցողների մեկնաբանությունները ևս տեղեկատվության կարևոր աղբյուր են հանդիսանում։

Քանի որ կայքերը օպերատիվ տեղեկատվություն մատակարարելու խնդիր ունեն, հաճախ հրապարակվում են ոչ ստույգ տեղեկություններ, և դրանք մշակելիս հարկ է առաջանում ճշտել դրանց իսկությունը։

Համացանցային լրատվամիջոցներից հարկավոր է առանձնացնել ինտերնետային հեռուստատեսությունը, որը, համեմատած դասական հեռուստատեսության կամ թերթի, ամսագրի կամ գործակալության, լրատվական գործունեության համեմատաբար նոր տեսակ է և  շատ լայն հնարավորություններ է ընձեռում։

Համացանցային տեղեկատվական աղբյուրների շարքում իրենց ուրույն ու հաստատուն տեղն ունեն սոցիալական ցանցերը, որոնք լայն տարածում ստացան հատկապես վերջին տարիներին։ Սոցիալական ցանցերը տեսականորեն կարելի է դիտարկել որպես լրատվական կայքեր՝ շատ ավելի լայն և թիրախավորված լսարանով։

Սոցիալական ցանցերում տեղեկատվական աշխատանքին անդրադառնալու ենք առանձին բաժնում։

Պետական կառույցների տեղեկատվությունը

Դիվանագիտական տեղեկատվության ևս մեկ արժանահիշատակ աղբյուր է հանդիսանում պետական կառավարման մարմինների կողմից տրվող պաշտոնական տեղեկատվությունը, որը տարբեր հարցերի շուրջ պետական տեսակետների վերաբերյալ ամենաարժանահավատ տեղեկատվությունն է։

Պետական մարմինների տեղեկատվության շարքում առանձնանում են երկրի ղեկավարների ելույթներն ու հարցազրույցները, որտեղ փաստացի ներկայացվում է որևէ հարցի վերաբերյալ տվյալ պետության դիրքորոշումը։

Վերևում ներկայացված տեղեկատվության աղբյուրները դիվանագիտական աշխատանքում հանդիսանում են հանրամատչելի և բաց աղբյուրներ։

Աշխատանքը կապերի հետ

Տեղեկատվության ձեռքբերման բոլորովին այլ ձև է հանդիսանում աշխատանքը այսպես կոչված կապերի՝ պաշտոնյաների, լրագրողների, փորձագետների, դիվանագետների հետ։ Դիվանագիտական պրակտիկայում սա թերևս տեղեկատվության հավաքման ամենաավանդական և արժեքավոր տեսակն է, քանզի հնարավություն է ընձեռում տեղեկություն  ստանալ առաջին ձեռքից՝ դրա  անմիջական կրողներից կամ տեղեկատվական առիթ ստեղծողներից ու դրանց հետ փոխկապակցված անձանցից։

Օրինակ` երկրի ընդդիմության մտադրությունների և ծրագրվող քայլերի մասին քիչ բան կարելի է իմանալ մամուլի հրապարակումներից, առավել ստույգ տեղեկատվության համար հարկավոր է կապ հաստատել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, պարբերական հանդիպումներ ունենալ նրանց հետ։ Այս ամենով հանդերձ՝ դիվանագետի համար անթույլատրելի է նույնիսկ ընդդիմադիր գործիչների հետ շփումներում քննադատությամբ հանդես գալ գործող իշխանությունների հասցեին, քանի որ այդ քննադատությունը միգուցե առավել ուռճացված կարող է կրկնվել մեկ այլ շրջանակում։

Նման կապերը հաստատվում են համաժողովների, ընդունելությունների, հանդիպումների, մշակութային միջոցառումների ընթացքում։ Դիվանագետի համար հնարավորինս շատ կապերի հաստատումը և դրանց հետ աշխատանքը առաջնային տեղ է զբաղեցնում։ Նաև հմտություն և փորձառություն է պահանջում կապերից ստացված տեղեկատվությունը զտելու, կարևորը երկրորդականից տարբերելու կարողությունը։ Կապերի հետ աշխատանքի համար հարկավոր են լեզվական լավ գիտելիքներ, ընդհանուր զարգացածություն, հետաքրքրության ցուցաբերում կոնկրետ անձին հետաքրքրող թեմաների, նրա նախասիրությունների շուրջ։

Աշխատանքը կապերի հետ, այսինքն՝ տեղեկատվության հայթայթումը չի կարող լինել միակողմանի. դիվանագետը պետք է տեղեկություններ ստանա և հաղորդի, այլապես կապը չի աշխատի։  Որքան շատանում է կոնկրետ անձի հետ շփումների և հանդիպումների քանակը, այնքան ավելի վստահելի են դառնում հարաբերությունները և դրանց մակարդակը. այս առումով դիվանագետը գոնե ներքուստ պետք է հստակ սահամանազատի աշխատանքը կապի հետ ընկերական հարաբերություններից` հավելյալ և զգայուն տեղեկատվության արտահոսքը բացառելու համար։

Փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում նոր երևույթները հասկանալու համար հարկավոր է անմիջական կապ հաստատել գործող անձանց հետ, ինչը հնարավորություն է ընձեռում առավել լավ ճանաչել նրանց  և հետագայում օգտագործել այդ կապը սեփական երկրի շահերն առաջ մղելու համար։ Մարդկանց հետ աշխատելու կարողությունը յուրաքանչյուր դիվանագետի հաջողության կարևորագույն գրավականներից է`  կրթվածության, լեզուների իմացության, կարդացածության հետ միասին։

Հատկանշական է, որ Ռուսաստանի Նախագահ Վ. Պուտինը դեռ 2000 թվականին իրեն տրված «Ո՞րն է  Ձեր մասնագիտությունը» հարցին պատասխանել է. «Ես մարդկանց հետ շփվելու մասնագետ եմ»։


Դիտվել է  738 անգամ:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների