Ցեղակրոնության մի հետևորդի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

Ցեղակրոնության մի հետևորդի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

10.05.2016 | Երեւան |

2011թ. հոկտեմբերի 6-ին Ազատության հրապարակում ՝ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ Գարեգին Նժդեհի ձևավորած ուսմունքին՝ Ցեղակրոնությանը: Իբրև Ցեղակրոնության հետևորդ՝ երբեմնի նախագահ և քաղաքական առաջնորդ Տեր-Պետրոսյանից պիտի սպասեի  ծանրախոհ և նշանակալից մի քննադատություն Ցեղակրոնութան հասցեին, որի տարափային հարվածներից աշխարհայացքս պիտի կծկվեր՝ փորձելով կենտրոնացնել կենարար հակափաստարկները, սակայն ցա՛վ ի սիրտ, տարափի փոխարեն գործ ունենք հերթական պարզունակ քննադատության հետ: Պարզունակ քննադատությունների  ինքնատիպություններից է  այն, որ դրանք արձակված պղպջակների պես երկունքի իսկ պահից  դատապարտված են ինքնաոչընչացման: Դրանց հատուկ է նաև ինքնամատնությունը և սեփական բառերի միջակայքերում ականների գոյությունը, որոնք այս պարագայում պայթում են  առաջին իսկ նախադասության մեջ և պայթեցնում ու արժեզրկում ողջ քննադատությունը:

Եվ այսպես, առաջին նախադասությունը․

1.«…Նախ ես, որ ասել եմ «ցեղապաշտություն» և «ցեղակրոնություն» բառերը ռասիզմ բառի հայերեն համարժեքն են, դա իմ հայտնագործությունը չէ, դա նրանց բառարանային իմաստն է, որը կա բոլոր բառարաններում,,.»:  Այսպես, ահա,  խոսքը դեռ սաղմի մեջ Տեր-Պետրոսյանը խեղում է փաստերը, իսկ խեղված մտքերի սաղմերով ոչ թե ծնում են առողջ քննադատութուն, այլ վիժում:

Նախ «ցեղապաշտություն» և «ցեղակրոնություն» բառերը առաջին անգամ հայտնվում են 1954-57թթ Պետրոս Վարդ ճիզմեճեանի «Հայերէն աշխարհաբար լեզուի լիակատար բառարան»-ում տպագրված  Տպարան Անի, Հալէպ, 1957թ – համապատասխանաբար` Ցեղը կրոնքի պաշտամունք դարձնելը, և Ցեղի ոգին և հանճարը պաշտելը, ապա՝ «Հայոց լեզուի նոր բառարան»-ում, Տպագիր Էջ 855,Արտաշէս Տէր Խաչատուրեան,  Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1969-1980, Տպագիր Հատոր 4, Էջ 555, համապատասխանաբար՝ «Ցեղակրոն» – այնպիսի, որ իր կրոնը համարում է իր ազգը, ժողովուրդը, «Ցեղապաշտ»- այն անձը, որն իր ազգը պաշտելու չափ սիրում է, ազգը պաշտող՝ իմաստներով»:

Ինչպես տեսնում եք, խոսք չկա ոչ մի ռասիզմի մասին, և հանկարծ, «Արդի հայերենի բացատրական բառարան»֊- ում  Էդուարդ Բագրատի Աղայան, Երեւան, 1976 հայտնվում են իբրև ռասիզմ, շովինիզմ: Ապա «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»- ում, Աշոտ Մուրադի Սուքիասյան, Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 2009՝ ցեղապաշտությունը՝ իբրև ռասիզմ և ազգայնամոլություն, «Ցեղակրոնություն» բառը բացակայում է։ Այստեղ ուշագրավ է այն փաստը, որ սույն գրքի 1967թ հրատարակության մեջ բացակայում է «ցեղապաշտ»-ը՝ իբրև ազգայնամոլ և ռասիստ բացատրությունը, իսկ 2009թ. հրատարակությունը նշյալ տեսքով հրատարակվել է իր մահից 2 տարի անց: Նշենք նաև, որ Աշոտ Մուրադի Սուքիասյանը հանդիսանցել է Հ .Աճառյանի աշակերտը, ում մոտ «Ցեղապաշտ»-ը կրում էր —  այն անձը, որն իր ազգը պաշտելու չափ սիրում է, ազգը պաշտող իմաստը:

Թե ինչպես, հանկարծ, «ազգը պաշտելու չափ սիրողը» ՀԽՍՀ֊-ի տարածքում դարձավ «ռասիստ և շովինիստ», այն ժամանակ, երբ ցեղակրոն շարժումը այլևս չէր գործում, թերևս, գիտեն բոլշևիկները, քանզի բոլշևիզմի դարաշրջանում Նժդեհը համարվում էր պետության դավաճան և բոլշևիզմի թշնամի, նրա մասին արգելված էր անգամ խոսել, ինչի հիման վրա էլ ձերբակալվում, բանտարկվում և մահանում է Վլադիմիրի բանտում: Բայց ինքնամատնություն չէ՞ այն, որ ազատական գաղափարները կրող Տեր֊-Պետրոսյանը, ով պայքարում էր կոմունիստական ռեժիմի դեմ, այս պարագայում իր միտքը գիտակցաբար հենում է միայն կոմունիստական և իրեն ձեռնտու աղբյուրների վրա, այլ ոչ վերոբերյալ աղբյուրների::

Իսկ որտե՞ղ փնտրել այդ բառերի իրական բացատրությունները՝ ճշմարտության դեմ ճերմակերես կանգնելու համար: Ամեն ինչ գուցե շատ բարդ ու խճճված լիներ, եթե չիմանայինք, որ Ցեղակրոնություն բառի  ստեղծողը ու առաջինը գործածողը հենց ինքը Նժեհն է. «Ցեղակրօն, նոր բառ մըն է, երկու գոյականներու (այս պարագային ցեղ եւ կրօն) միացումով բարդ բառ մը շինելը հակառակ չէ հայ լեզուի բառակազմական կանոններուն»: —  Արմենակ Բարսեղյան, Ցեղակրոնշարժումը, 1935, Բոսթոն, « Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի: Այդ չարիքի դեմ պայքարել հնարավոր է միայն ցեղային արժեքների, առաքինությունների եւ սրբությունների խոր ճանաչումով ու վերապրումով — մի բան, որ հիմնավորեցի եւ անվանեցի Ցեղակրոնություն»: -Նժդեհ ինքնակենսագրություն:

Ինչպես տեսնում ենք «Ցեղակրոնություն» բառը ոչ միայն օտար բառի համարժեքը չէ,այլև ունի զուտ հայկական ծագում: Իմանալով՝ ինչ իմաստ է դրել այդ բառի մեջ հեղինակը, տրամաբանորեն թնջուկը վերջնական լուծված պիտի համարենք:

«Դա պաշտամունքն է ցեղի – իր ուժի, հանճարի և բազուկի (մոտավորապես նույնը, ինչ վերոբերյալ վկայությունները բառարաններում, մինչ իմաստի խեղաթյուրումը-Վ․Ա․): Դա մեր հավատն է՝ դէպի մեր ցեղի կարողությունները:

Ցեղակրոնը՝ ներկայացուցիչը իր ցեղի ոգու, դավանում է, թե Հայաստանը է՛ր, է՛եւ պիտի մնա՛մինչև վախճանը ժամանակների»:

Արդյո՞ք հավերժական Հայաստանի գոյությունը դավանողը ռասիստ է և շովինիստ Հայաստանի նախագահ Տեր-֊Պետրոսյանի ընկալումներում: Եթե այո, ապա այս ինքնամատնությունը տիպիկ նկարագրում է իր պաշտոնավարման բնույթը և իրական նպատակները, այս կոնտեքստում էլ, հավանաբար, պիտի բացատրենք նրա ելույթի մեկ այլ դրվագ «Ես վստահ եմ ձեզանից շատերը չգիտեն Նժդեհի ուսմունքը և Աստված չտա` իմանան»:

Այսպես Տեր-Պետրոսյանը հենց սկզբում փորձում է ցանել խեղաթյուրման սերմերը, որպեսզի հետագայում դրանց ծառից քաղի իր պտուղները, ուտսի հույժ կարևոր է հենց սկզբում ի ցույց դնել Տեր-Պետրոսյանի մտքի շինարարության  ավազահիմն լինելը: Այժմ, երբ գիտենք որ Ցեղակրոնությունը ոչ միայն բառարաններում, այլև տրամաբանորեն չի ունեցել և չի կարող ունենալ  ռասիզմ իմաստը, գիտենք, որ բառը լեզվաբանների կողմից փոխառված չէ, այլ նորաստեղծել է ինքը՝ Նժդեհը, կարող ենք Տեր-Պետրոսյանի մտքի կառուցումը հիմնահատակ փլված համարել, սակայն մարդասիրաբար և քաղաքավարությունից ելնելով շարունակենք լսել հաջորդիվ քննադատությունները, հուսալով, որ դրանք կլինեն արժեքավոր և օգտակար:

«Ո՛վ խուսափում է ոգուց եւ կառչում բառերին, ցոյց է տալիս, որ թշնամի է խորքին, իմաստին, բովանդակութեա՛նը»:

  1. Հաջորդ խեղաթյուրումը: Տեր-Պետրոսյանը նախ նշում է, որ Նժդեհը Հայ ժողովրդի մեծագույն երախտավորներից մեկն է, որ իր և հանրապետականի միջև Նժդեհի գնահատման հարցում տարբերությունն այն է, որ ինքը գնահատում է Նժդեհի մեծագործությունը, համարում է ազգափրկիչ Զանգեզուրը Հայաստանի տարածքում պահպանելու համար, իսկ նրանք գնահատում են Նժդեհի ուսմունքը, որ ըստ Տեր-Պետրոսյանի եղել է ժամանակավոր մոլորություն Նժդեհի կողմից, որ իբր ինքը անգամ հրաժարվել է հետագայում դրանից: Խեղաթյուրողը բնականաբար պիտի ստեր, թե Նժդեհն ինքը հրաժարվել է իր ուսմունքից, որպեսզի հեշտացներ խեղաթյուրումը: Իսկ ի՞նչ է ասում ազգափրկիչ Նժդեհը այն բանի առնչությամբ ինչի համար Տեր-Պետրոսյանը Նժդեհին որակում է Մեծագործ և ազգափրկիչ․

«Գերազանցորէն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթ Բեգյան ուխտերը Սյունյաց աշխարհում, այն ուխտերը, որոնց զարկերի տակ փրկվեց բազմահազար հայ մտավորականությունը բոլշևիկյան տապարից,  ինչպես եւ Ադրբեջանին թողնված հայոց լեռնաշխարհը ճանաչվեց որպես Հայաստանի անբաժան մասը»:

Ստացվում է, որ այն նույն Ցեղակրոնությունը, որը Տեր-Պետրոսյանը համարում է մոլորություն և Աստված է կանչում, որ հայությունը չիմանա, այդ նույն Ցեղակրոնությունն է, որի շնորհիվ Դավիթբեկյան ուխտերը Նժդեհի գլխավորությամբ  կատարել են այն, ինչ Պարոնը համարում է մեծագործություն և ազգափրկություն: Իրոք,միայն տգետը կարող է այստեղ մոլորանք չտեսնել, բայց միակ մոլորվածը ինքը Տեր-Պետրոսյանն է, ով հերթական ինքնամատնությամբ մոլորություն է համարում մի բան, որի շնորհիվ իրագործվել է, իր գնահատմամբ, մի մեծագործություն: Նույնն է թե մի գիտնականի գյուտարարությունները համարել մոլորություն ու ցնդաբանություն, բայց  միևնույն ժամանակ հիանալ և օգտվել նրա գյուտերի արդյունքում ստեղծված բարիքներից:

Ճշմարտություն է այն, որ մոլորվածը վարակակրի պես պիտի ձգտի մոլորեցնել և ախտաբանել իրեն առնչվողներին:

3  «Թեև կարելի է այս ամենը պատմական համարել: «Նժդեհը վաղուց  չկա, նրա գաղափարախոսությունը վաղուց  չկա, բայց այժմեական է այն առումով, որ Նժդեհի ուսմունքը ընկած է ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում» —  նմանատիպ տողերի հեղինակը նախ մատնում է իր հոգու աղքատիկությունը, նա թաղված է ներկայապաշտության մեջ, զուրկ հավիտենականության զգացումից, ունակ չէ ընկալել, որ կարող է մեռնել գաղափարի որևէ մարմնացումը, գաղափարը կարող է պարտվել ժամանակավորապես, բայց  չմեռնել։ Նա ունակ չէ հասկանալ, որ մահը հաղթահարված է, երբ անհատի գործը շարունակողներ կան, որ մարդը մահանալով շարունակում է գործել սերունդների ձեռքով: Տասնյակ սերունդներ պահանջվեց, որ հայությունը իրագործեր իր վաղեմի երազանքը, վերականգնել պետությունը հայրենքում: Արդյո՞ք Պատկանյանն ու Րաֆֆին, Դավիթ Բեկն ու Վարդանը, Շնորհալին ու Նարեկացին չէ՞ին, որ հերոսագործում էին Նժդեհի ձեռքով:

 Դավիթբեկյան ուխտեր հիմնել և նշանաբան ունենալ՝ «Հանուն հայրենիքի Դավիթեկաբար,»  չէ՞ր նշանակում կրոնական խանդով հավատալ, որ Դավիթբեկի վրիժավառ ոգին գործում է իր սերունդների մեջ, և հենց այսպես էր ավարտում Նժդեհը իր վաշտերին ուղված հրամանները՝«Ձեզ հետ Աստված և Դավիթբեկի վրիժավառ  ոգին»:

Սա է, որ հաղթանակեց  Զանգեզուրում, սա է Ցեղակրոնությունը, որը Տեր-Պետրոսյանը առանց հաշիվ տալու լեզվի մի շարժումով անվանոմ է «մոլորություն»: Նրա մեջ ապրող լիբերալ-մատերիալիստը  թույլ չի տալիս հասկանալ, որ մահից հետո հոգին֊ չի քարանում, նա աճում է գործելով, մահվան սարսափից  նյութապաշտիկ լիբերալը ջայլամի պես թաքնվում  է մահից՝ մտնելով հողի տակ, ճիգ է անում երկարացնել ներկան, դրա վայրկյանները, բայց չի հասկանում, որ հողի տակ թաքնվելով, արդեն իսկ կատարում  է իր հոգևոր թաղումը: Նժդեհը չկա՞ , Նժդեհը ավելի կենդանի է, քան շատերը, ովքեր թաղված են ներկայապաշտության ու դրա հաճույքների մեջ, կա ոչ միայն Նժդեհը, այլև նրա գաղափարախոսությունը, և ես վստահ եմ, որ շուտով կբարձրանա մի սերունդ, ով կսահմանի իր նոր նշանաբանը  այս անգամ արդեն` «Հանուն Հայրենիքի՝ Նժդեհաբար»:

  1. Չեմ անդրադառնա այն խեղաթյուրմանը, թե ՛ՀՀԿ-ն որդեգրել է Նժդեհի մոլորություն-ուսմունքը, այդ իսկ պատճառով նա դարձել է չար և մոլորված», դա նույնն է, թե մեղադրել ազատության գաղափարը, դեմոկրատիային այն բանի մեջ, որ Տեր-Պետրոսյանը՝ լինելով «ազատական» և «դեմոկրատ» կեղծում էր ընտրությունները, բռնանում ժողովրդի կամքի վրա: Հիմարություն չէ՞ր լինի դա արդյոք: Բաներ կան, որոնց արձագանքելով՝ արձագանքողը ստիպված է իջեցնել իր և իրեն ընթերցողի մտավոր մակարդակը, ուտսի չեմ ստիպի ընթերցողին մանրանալ նման բաներում:

5.«Ցեղակրոն շարժումը ոչ մի ընդհանուր բան չունի եւ չէր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով: Միայն թուրքամետ, պարտվողական ու պատմագիտության ասպարեզում տգետ հայը կարող է պարսավել Ցեղակրոն շարժումը»- Գարեգին Նժդեհ:

Ինչ խոսք,Նժդեհի այս 3 բնորոշումները չկարդացած՝ շատ անհատներ կլինեն, որ մեղադրել և մեղարում են դրանց մեջ Տեր-Պետրոսյանին, սակայն մենք կանգ չենք առնի դրա վրա և շարունակենք խոսեցնել Տեր-Պետրոսյանին, որպեսզի ինքը մատնի իր մոլորությունները:

Իր խոսքի միջնամասում Տեր–Պետրոսյանը կրկին հայացք է գցում բառարանին, Ցեղակրոնություն տերմինը որակում իբրև դասական ռասիզմ (իր խոսքերով բնութագրած սպիտակ֊-հնդեվրոպական ռասսայի իշխանությունը մյուս ռասսաների վրա, որի ծնունդ է անտիսեմիտիզմը, ֆաշիզմը, նացիզմը և այլն), ապա շարունակում մինչև  ելույթի վերջը մերկացնել և ձաղկել ռասիզմը, ֆաշիզմը, նացիզմը՝ կարծելով, թե դրանով նույն կերպ է վարվում  նաև ցեղակրոնության հետ, քանի որ այդ վերջինը արդեն որակել է իբրև դասական ռասիզմ՝ նույնացնելով «ռասա» և «ցեղ» բառերը, համարելով այն հակամարդկային:

Տեր-Պետրոսյանը չի կարողացել ըմռնել «Ցեղ» բառի իմաստը՝ տալով նրան ռասա բառի փոխառնված հասկացությունը, մինչդեռ Նժդեհի մոտ,  Ցեղը բացառապես հայկական իմաստ է կրում: «Ցեղակրօն լինել՝ասել է ապրել ցեղի համար, որի անունով մեռան հազարներն ու բյուրերը. ասելէ՝պատրաստ լինել ամեն վայրկյան մեռնելու այն դատի համար, հանուն որի մեր ցեղն իր կեսը ողջակիզեց. ասելէ՝մեր սրտի վրա կրել այն բոլոր վերքերը, որ թուրք բազուկը հայության մարմնին եւ հոգուն հասցրեց»:

«Պե՛տք է ծառայել մարդկության, այո՛, պետք է ծառայել, սակայն, մե՛ր ցեղի միջոցով, մե՛ր ցեղին ծառայելով – ապրելով ու ստեղծագործելով որպես հա՛յ մարդ»:

Ուշադրություն դարձրեք «մեր ցեղը»  բառակապակցությանը, արդյո՞ք որևէ կերպ Ցեղ բառին կարելի է այստեղ տալ սպիտակ կամ հնդեվրոպական ռասսա իմաստը: Սակայն Տեր-Պետրոսյանը հաջողացրել է, և ստացել մտքի մի բանդագուշանք, որ կնշանակեր, թե սպիտակ ռասսայի կեսը ողջակիզվեց թուրքի կողմից:

Մեկ այլ մեջբերում որտեղ Ցեղը և հայը նույնացված են, և խոսք չի կարող գնալ ռասսայի մասին. «Հայերը հպարտ զգալու որչա՜փ իրաւունք ունին, եթէ անգամ մը գիտնան, թէ իրենք փառապանծ անցեալ մըն են ունեցած: Բայց չեն գիտեր, դժբախտաբար»: Անգլիական արդի մեծագույն մարդաբաններից պրոֆ. Հետտընի այս խոսքին, որպես պատասխան, ամերիկահայ նորահաս սերունդը հայտարարում է՝«Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»:

Եվս մեկը՝ բացառապես հայկական. «Երբ ցեղահաղորդ չէ ազգը՝նրա մեջ ցեղի ուժերը — Տիգրան, Վարդան, Վահան կամ Մեսրոպ, Նարեկացի, Շնորհալի – մնում են քնած: Ցեղակրոնութունը գալիս է հրահրելու այդ ուժերի զարթոնքը եւ նրանց արտահայտություն տալու»:

Տեր-Պետրոսյանը պնդում է, թե ցեղակրոնությունը բառարանային տերմինաբանությամբ, այսինքն` գիտականորեն հիմնավորված, դասական ռասիզմի համարժեքն է, մոլորեցնողին հավատալով` նրա ցանցը հեշտ կլիներ ընկնել, եթե Նժդեհին ժամանակին մեղադրած չլինեին նաև հենց « ցեղակրոն» տերմինի ոչ գիտական լինելու մեջ:

«Եվ ահա՛ մեր շարժման հենց առաջին տարին, խեղաթյուրելու տկարությամբ տառապող մեկը խծբծեց. «Հայ ժողովրդի ներկա կացության մեջ Ցեղակրոն անունը գիտական չէ»: Ո՞վ կարող է ասել, թե ի՛նչ իմաստ է դրված այդ ցնդաբանության մեջ: Ի՞նչ է նշանակում «ներկա կացության Մեջ գիտական չէ» — մտքի հոպոպություն չէ՞դա: Արդյո՞ք, գիտությունը հարաբերական հասկացողություն է՝ կապված այս կամ այն կացության հետ» — Գ․ Նժդեհ:

Տեր–Պետրոսյանը չի ըմբռնել Նժդեհյան «Ցեղ» տերմինի իմաստը,  տրվել է մտքերի խարխափումին և արտահայտում է, թե Նժդեհը ազգը ստորադասում էր Ցեղին՝իր դատողությամբ սպիտակ ռասսային,  նա չի հասկացել որ Ցեղը, ոչ թե փոխառիկ հասկացություն է և նշանակում  ռասսա, այլ զուտ հայկական, չի հասկացել, որ Ցեղը դա հայու ողջ պատմության ընթացքում լավագույն անհատների, նվիրյալների հավաքական ոգին է, հավաքական առաքինությունը, հավաքական բարոյականը, սերուցքը, որին է պարտական  ազգը իր գոյությունը և գործունեութունը, այդ պատճառով այն ստորադաս է իր սերուցքին: Ցեղը դա ազգի  հավիտենական լավագույնն է: Դա լինելով հավիտենական ոգի, այսինքն ժամանակի իշխանությունից դուրս, իր մեջ է պարունակում, թե՛ նրանց ովքեր տքնել են անցյալում հավիտենական հայաստանի համար, թե ովքեր տքնում են ներկայում ,թե ովքեր դեռ պիտի տքնեն ապագայում:

«Ըստ մեզ – ասենք առանց տեսական խորացումների – ցեղն ավելի հոգի է, քան կավ»:

«Ցեղակրոնություն, ասել է՝ցեղաճանաչություն, ջերմաջերմ պաշտամունք դեպի ցեղի փառահեղ անցյալը, ապա ստեղծագործ հավատ դեպի Ցեղի մեծ ապագան»:

Ցեղակրոնը համակված է պարտականության խոր գիտակցությամբ՝նրա՛նց հանդեպ, որոնք էի՛ն եւ չկան, եւ նրանց՝որոնք չկան, բայց պիտի գան: Ա՛յդ իսկ պատճառով նա ապրում է ավելի բարձր կյանքով, նա իր կյանքին միացնում է անցյալի խորհուրդը եւ ապագայի հրայրքը»֊:

«Ցեղն ավելի՛ նրանք են ներկայացնում, որոնք այլևս մեկնած են մեր Աշխարհից եւ նրանք, որոնք պիտի գան»:

Չի հասկացել Տեր-Պետրոսյանը Նժդեհի ուսմունքը,  չհասկացված ամեն բան խարխափումի է մատնում մարդու մտքերը, մոլորված անհատը իր կողմից չհասկացվածի հանդեպ դիրքավորվում է թշնամական դիրքով, դառնում ճշմարտություններ լղրճող, և իրեն հակոտնյային անվանում մոլորված:

Եթե մոլորված էլ չէ, ապա գիտակցող սադրիչ է:  Մեր օրերում, երբ ռասիզմը այդքան խստորեն դատապարտվում է, մի՞թե դասական պրովոկացիա չէ Տեր- Պետրոսյանի սույն ելույթը:

Ցավում եմ և արդարորեն սպասում, որ  ելույթն այդ կճաշակի ժողովրդի արգահատանքը և պատմության թուքը:


Դիտվել է  4,822 անգամ:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների