Հերոսությունը և դրա հետևանքները

Հերոսությունը և դրա հետևանքները

Ցանկացած պատերազմ, անկախ իր կամքից, ծնում է հերոսներ: Նույնիսկ պարտված բանակի շարքերում լինում են զինվորներ, որոնք հետագայում իրենց կատարած քայլերի արդյունքում հերոսանում են: Հերոսություն կատարած զինծառայողների մեծ մասը սովորաբար զոհվում են հենց հիշատակվող հերոսության ժամանակ: Ու երևի բոլոր ազգերի մոտ է առկա ՝ գնա մեռի, արի սիրեմ, արտահայտությունը , քանի որ բոլորի մոտ զոհված հերոսները ավելի շատ են:

Սակայն ժողովրդի կողմից զինվորին շնորհած հերոսական քայլը շատ դեպքերում նաև օգտագործվում է այն երկրի դեմ, որի ժողովուրդը տվել է այդ հերոսին: Եթե ուշադիր կարդանք պաշտոնական մի շարք տեղեկություններ, ապա կտեսնենք, որ շատ հերոսական քայլեր, որոնք տարածված են ժողովրդի մեջ ու ամեն մեկը դրա մասին տեղյակ է, չկան այդ տեղեկությունների մեջ: Դրանք քողարկված են, քանի որ միջազգային կառույցներում թշնամու կողմից հնարավոր է օգտագործվեն մեր դեմ:

Միշտ չէ  որ մարդկային գիտակցությունը և միջազգային նորմերը իրար համապատասխանում են: Որքան էլ տարօրինակ է պատերազմը նույնպես ունի կանոններ ու դրանք խախտելու դեպքում, նույնիսկ  եթե հաղթում ես, հետագայում կարող ես շատ թանկ վճարել:  Բոլորս էլ հասկանում ենք, որ զինվորների կատարած մի շարք քայլերը բերանից բերան անցնելով մի փոքր չափազանցվում են ու հենց այդ չափազանցնելը իրենից խնդիր է ներկայացնում:

Ցանկացած անձ, ով պատերազմական իրավիճակում զենք է վերցնում և գնում է հայրենիքը պաշտպանելու արդեն իսկ հերոս է ու կարիք չկա նրանց կատարած քայլերը մտովի ավելացնել ու հետագայում խնդրի մեջ դնել մի ամբողջ պետության կատարած գործողություն: Քանի որ եթե հերոսիդ կատարած քայլը չի համապատասխանում պատերազմի օրենքներին և միջազգային նորմերին , ապա այդ դեպքում թշնամիդ, որը նաև պարտված պետության ներկայացուցիչ է , սկսում է փրփուրներից կախվել և ամեն առիթի շահարկում է զինվորիդ կատարած իբրև ոչ օրինական քայլը: Ավելի վատ դեպքում տվյալ երկրի ներկայացուցիչը կարող է սպառնալ, որ հետագայում իր կողմից էլ հնարավոր է կատարվեն ավելի խիստ ոչ օրինական քայլեր, քանի որ նշված դեպքում քո զինվորի կատարածը հերոսացրել ես:

Հիմնականում սա է պատճառը, որ պաշտոնական փաստաթղթերում շատ դեպքում շրջանցվում են, որոշ գործողություններ, սակայն դրանք մնում են մարդկային գիտակցության մեջ, շրջանառվում են, ավելանում են և դուրս են գալիս երկրի սահմաններից, նույնիսկ հասնում են թշնամու ականջին:

Մեր հերոսները պաշտպանել են մեր հայերնիքը, հերթը մերն է,  որպեսզի կարողանանք պահել այդ պաշտպանածը ու պատերազմական դաշտից դուրս ՝ միջազգային հարթակներում, արժանի լինենք իրենց, որ չթողնենք թշնամում ձեռքերը հասցնի մեր տղերքի կատարած քայլերին:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների