ԱՆԱԿՆԿԱԼ ԱՐԵՎՈՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱՆԱԿՆԿԱԼ ԱՐԵՎՈՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երբ արևը հոգնում է շողալ և աչքերս այլևս ի վիճակի չեն լինում հանդուրժել լույսն իր ողջ զորությամբ, ես գրկախառնվում եմ գիշերվան ու աստղերի հետ ընկերանալով դառնում եմ գիշերային մի բու և սավառնում գիշերում քուն մտած անիրական երազներում: Դրանք նման չեն այն սարսափելի իրականությանը, որը կանգնած է պատրանքի և երազի միջև: Ես սկսել եմ սիրել գիշերը` իր խորին լռությամբ և արհամարհական հպարտ կեցվածքով,որը մարտահրավեր է նետում արևին` հիշեցնելով հիշողության հանդեպ ունեցած իր ողջ ուժը: Ու թեև միայն այդ լույսն է ի վիճակի վանելու այն սարսափազդու վախը, որը առաջանում է ամեն գիշեր` արևագալը տեսնելու մասին մտորումներից` կարծելով, թե լույսը կարող է բաժանել միակ սահամանգիծը, որը թույլ է տալիս անցնել կարելիի և անկարելիի սահմանը, այնուամենայնիվ ինձ հոգեհարազատ է դարձել հպարտ կեցվածքով, կապույտ շքեղ հանդերձանք հագած երկինքը: Բայց ես ատում եմ այդ սահամանը, որը ստիպում է կանգ առնել այն պահին, երբ ամբողջ սրտով ուզում եմ գոռալ, ուզում եմ ճչալ ու ասել. «համաձայն չե’մ»: Այո’, ես համաձայն չեմ այն իրականությանը, որը սահմանափակում է Նրա հանդեպ ունեցած իմ իրավունքները: Թեև, եթե փորձեմ հասկանալ, թե որտեղ են սկսվում և ավարտվում դրանք, գուցե սկսեմ ընդունել այն միակ իրականը, որը պետք է ստիպի ինձ ընդունել այն, որ Նա, թերևս, ոչ մի իրավունք ինձ համար չի սահմանել և արդարացի են նրանք, ովքեր ասում են, որ լավագույն իրականությունը երևակայական աշխարհի գոյությունն է իմ կյանքում:
Անտանելի է լռությունը… Նրա լռությունը… Իմ և Նրա հանդիպումը լուսավոր էր, գունավոր: Արևի տաք շողերը ավելի վառ էին սկսել շողալ, այնպես, որ նույնիսկ վախենում էի դրանց միջով նայել Նրա աչքերին: Վտանգավոր են Նրա աչքերը… Վտանգավոր են այնքան, որ եթե մեկ անգամ համարձակվեմ տեսնել դրանցում տեղ գտած խորությունը, գուցե այս անգամ մեկընդմիշտ կորցնեմ իրականություն վերադառնալու միակ հնարավոր ճանապարհը: Հեռվից լսվող Նրա ձայնն է, որ դեռևս հնչում է իմ ականջներում և շարունակում հիշեցնել այն անհավատալի զգացմունքի մասին, որի մասին մինչ օրս լսել էի, բայց չէի համարձակվում թույլ տալ մտածել այն զգալու մասին: Նրա երկար, բարակ մատները, որոնք ամեն անգամ ինչ-որ բան նկարագրելիս կամ պատմելիս աջ ու ձախ էին պտտվում, վեր ու վար անում և հեռվից ձգողական ուժի նման իրենց վրա սևեռում իմ ուշադրությունը, նմանվում էին տաք հոսանքների, որոնք հեռվից արագորեն վրա էին հասնում և ստիպում ինձ մտածել այն վերջաբանի մասին, որը հանդիպման սկզբից ի վեր որոշված էր և անգամ ժամանակը կանգնեցնելու իմ այդքան մեծ ցանկությունը չկարողացավ կանգնեցնել Նրան այդտեղ` մեր առաջին հանդիպման արևոտ սենյակի վառ շողերի տակ:
Անցել է արդեն երկու շաբաթ: Այդ շաբաթները այնքան լիքն են Նրան տեսնելու հույսով: Անվերջանալի է թվում ժամանակը, որը կանգել է իմ ու Նրա միջև: Չեմ հանդգնում անգամ մտածել այն մասին, թե ով եմ ես Նրա աչքերում, ինչպիսին է առաջին տպավորությունը, պատկերացումները այն ներքին աշխարհի մասին, որը գուցե արտացոլվում էր իմ աչքերում: Ես ուզում եմ լսել իմ բնութագիրը, ուզում եմ լսելի դառնալ Նրա համար և կոտրել այն պարիսպը, որը սահմանգծել է իմ և Նրա հանդիպման համար հնարավոր բոլոր ուղիները:
Գիշերվա և լույսի սահմանագծում Նրան հանդիպելուց հետո կորցրել եմ լռելու կարողությունը: «Ես որոշել եմ սիրահարվել, ես արդեն սիրահարվել եմ» նախադասույթունները շղթայի նման փաթաթվել են շուրթիս պարանոցին: «Ես որոշել եմ սիրահարվել» նախադասույթունը այնքան է նմանվել պայմանագիր կնքելու նման մի հայտարարության, որ ես ինքս սարսափում եմ այդ միտքը արտաբերելիս: Բայց, թերևս միակ նախադասությունն է, որ ստիպում է հանդարտեցնել այն մոլեգնությունը, որը առաջացել է սրտիս օվկիանում: Ինքս ինձ համոզելով, ինքս ինձ հերքելով, ժխտելով միակ հաստատուն իրականը, որը դաջվել է սրտիս անկյունում և հանդգնորեն պնդում է իր սիրահարվելու միակ ճշմարիտ գաղափարը, փորձում է հավատալ այն ստին, որ հորինում են ինձ նման հիմարները, ովքեր վախենում են աշխարհի ամենագեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ամենավտանգավոր զգացմունքից: Այո’, վախենում եմ: Վախենում եմ սիրել` իմնալով այն մարդկային էությունը, որը մոռանում է իր գոյության մասին և նվիրվում մի մասնիկ դարձած նոր էությանը: Ու չնայած սարսափազդու բոլոր մտքերին, ես նախընտրում եմ քայլել գիշերային մութ ճանապարհներով, որոնք ընթանում են գլխումս ծնված նոր պատրանքներում: Եվ առաջին անգամ չկարողանալով բերանս կապել ամուր կապերով շարունակում եմ գոռալ Նրա մասին, շարունակում եմ գոռալ Նրան սիրելու մասին: Գոռում եմ, գոռում եմ իմ ներսում, այն ներաշխարհում, որտեղ ոչ ոք չի կարող լինել, բացի Նրանից: Իսկ եթե այդ ներաշխարհում կարողանայի խոսել և բոլորը ինձ լսեին կասեի. «Ուզում եմ տեսնել Նրան, ուզում եմ լսել Նրան, ուզում եմ… ուզում եմ… ուղղակի Նա դառնա իրական»…

Հեղինակ՝ Ալվարդ Հարությունյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների