«Առաջին պայմանը լավ աչք ունենալն է և ոչ՝ պրոֆեսիոնալ տեսախցիկ». Լուսանկարիչ Աշխեն Դավթյան

«Առաջին պայմանը լավ աչք ունենալն է և ոչ՝ պրոֆեսիոնալ տեսախցիկ». Լուսանկարիչ Աշխեն Դավթյան

Աշխեն Դավթյանը մասնագիտությամբ ֆոտոլրագրող է: Սովորել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում: Նկարում է արդեն երկար տարիներ: Նա դեռևս մանկուց սկսել է զբաղվել լուսանկարչությամբ, միշտ ցանկացել է ունենալ իր լուսանկարչական ապարատը և որսալ կյանքում իր տեսած հետաքրքիր պահերը, որոնք, ինչպես ասում է նա, հրաշալի ճանապարհ անցնելով լուսանկարչական ապարատի միջով՝ դուրս են գալիս արդեն որպես կադր: «Սկսեցի նկարել այն ժամանակ, երբ սկսեցի ինքս գումար վաստակել ու գնեցի իմ առաջին սիրողական ապարատը, մոտավորապես, 2005թ.-ին»,-ասում է նա:
Առաջին լուսանկարը չի հիշում, բայց ասում է՝ սկզբում, երբ լուսնակարում էր , և գոհ էր որոշակիորեն, քույրերի փոքրիկներն էին օգնության հասնում՝ իրենց ներկայությամբ. «Ես ագահորեն անմահացնում էի նրանց բոլոր ռեակցիաները՝ լաց ուրախություն, խռով, արկածներ, քանի որ կարծում էի, որ փոքրերը հրաշք են ու չգիտեն դրա մասին, անմահացնում էի, որ մեծանան ու իրենք էլ իրենց մեջ այդ հրաշքը տեսնելու հնարավորություն ունենան»: Հետագայում իր ուսանողական շրջանի ցուցահանդեսներում ու մրցույթներում այդ լուսանկարները մասնակցել են ու շահել տարբեր մրցանակներ ու նաև տպագրվել կատալոգում:

Ուսանող տարիներին Աշխենին նվիրեցին պրոֆեսիոնալ ապարատ՝ ZENIT: «Դա լուսանկարիչներին քաջ հայտնի սովետական ապարատ է, բոլոր լուսանկարիչներն ու ֆոտոլրագրողները, որոնք ստացել են մասնագիտական կրթություն, իրենց առաջին մասնագիտական ապարատը հենց դա է եղել, կամ մեկ այլ սովետական պրոֆեսիոնալ ապարատ: Սակայն ամենաառաջին նախապայմանը իրականում լավ աչք ունենալն է: Եթե դու կարողանում ես նկատել ոչ սովորական աննկատելին կամ տեսնել կյանքից այնպիսի պահեր, որոնք տարիներ անց կարող են հրաշալի դոկումենտալ լուսանկարներ լինեն, ապա պարտադիր չէ պրոֆեսիոնալ կամ ժամանակակից ֆոտոապարատ ունենաս, չնայած չէր խանգարի, միայն կօգներ»: Իր առաջին ցուցահանդեսում ընդգրկված էին լուսանկարներ, որոնք նա արել էր իր հեռախոսով, սիրողական թվային ապարատով և սովետական պրոֆեսիոնալ ZENIT ֆոտոապարատով:

Աշխենն իր լուսանկարներում տողատակեր թողնում է, բայց հաճախ նաև ցուցադրում է ամբողջը՝ բացահայտորեն դուրս թողնելով նկարի իմաստը: Ասում է՝ երկու տարբերակներն էլ իր համար նախընտրելի են, սակայն առաջին տարբերակի դեպքում քիչ ավելի բծախնդիր է: Նրա համար հետաքրքիր կլիներ նկարել մեկին, ում հետ կյանքում շփում չունենալով կարողանար հասկանալ նրան առանց խոսքերի ու այնպես լուսանկարել, որպեսզի դրանք արտահայտեն իր էությունը, հույզերն ու ապրումները: Եվ ընդհանրապես բնության ու մարդկային կյանքի ամենբուռն պահերը կցանկանար հետևել ու անմահացնել:

Այն, որ այսօր շատ են լուսանկարիչները մեր հասարակության մեջ, տեսնում ենք բոլորս: Իսկ Աշխենը նրանց մասին խոսելիս ասում է. «Այո շատ են, չեմ կարող ասել, մի մասը, որ օր օրի կատարելագործվում է, իսկ մյուսը՝ կրկնօրինակելով է կատարելագործվում, առանց հասկանալու, որ իրեն իր լուսանկարչական հետազոտություններն ու փորձն են պետք, իսկ ուրիշի փորձով երբեք չես կատարելագործվի, այլ կլինես նրա պատենտը: Կա նաև մի մաս, որ չունի լավ տեխնիկա, սակայն շատ տաղանդավոր է ու իրեն ի հայտ բերելու հնարավորություն չունի, ինչի համար շատ եմ ափսոսում»: Աշխենը երբեք չի կարող ասել՝ երբեք այսինչ բանը չի նկարի, որովհետև, ըստ նրա, հաստատ կյանքը նրան կկանգնեցնի հենց այդ «երբեք»-ի առջև ու նա դա մեխանիկորեն կանի:

Նյութը՝ Աննա Գարեգինյանի

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների