«Այնտեղ, որտեղ հատվում են զուգահեռ հարթությունները»

«Այնտեղ, որտեղ հատվում են զուգահեռ հարթությունները»

Մինչ ես կհրեմ երթուղայինի դուռը, ես կկարողանամ հիշել բոլոր նրանց հայացքները, ովքեր ժպտացին փակվող դռների բացվածքներում: Նյուտոնի խնձորն իրոք հիասքանչ է, բայց 3-րդ օրենքն ինձ ավելի է հիացնում: Մեկը բացում-փակում էր դռներ, իսկ ես մնում էի դրանց հետևում՝ շշմած, քարացած: Ուժը հավասար է հակազդեցությանը, բացվող դռներն հավասար էին փակվող դռներին, բացվածքներում սառած ժպիտները հավասար էին մյուս կողմում՝ հերթական երթուղայինը բաց թողնող շշմած ու քարացած հայացքներին, իմ ներկան հավասար էր իմ անցյալին՝ հակառակ նշանով:

Իմ երթուղայինը կանգնում է  այնտեղ, որտեղ հատվում են զուգահեռ հարթությունները: Ես գրքերից պոկված հայացքներ եմ փնտրում, բայց բախվում եմ զույգ ապակեպատ դռների: Մեր քաղաքում հայացքները թաքնվում են անթափանց ապակիների, ապակիները՝ գլխարկների տակ, իսկ գլխարկները՝ երթուղայիններում: Համառորեն նայում եմ ապակիներին ու թաքուն էսքիզում դիմացս նստած կնոջ աչքերը: Թաղվում եմ ապակու ու դրա մեջ սեփական աչքերիս արտացոլանքի մեջ և զգում, որ իմ աչքերն եմ նկարում:

Հետաքրքրասիրությունս ու անթափանց ապակիները շարունակում են շարժվել զուգահեռ հարթություններում, ու ևս մի դուռ շարունակում է փակ մնալ: Եվս մի փակ դուռ, մի սառած ժպիտ ու սխալ երթուղայինում հայտնված մի շշմած ու քարացած հայացք:

Երթուղայինը համալրվում է նոր ուղևորներով ու ես հիշում եմ շեքսպիրյան դիլեման. «Զիջել, թե՞ չզիջել»: Ես ընտրում եմ 3-րդ տարբերակը և «Տվեք՝ պահեմ» բառերը կախվում են երթուղային իրականության մեջ: Երիտասարդ կինը ինձ է հանձնում  տոպրակը ու ժպտում փշրված ապակիների տակից, հայացքս քամու նման ներսուդուրս է անում շագանակագույն աշխարհների մեջ, և մեր ապակեպատ քաղաքում հատվում են զուգահեռ հարթությունները:

Հրելով բացում եմ դուռը՝ հիշելով ժպտացող կնոջ բաց աչքերը և հետևելով, որ ոչ մեկ չմնա փակվող դռների ետևում: Ես հույս ունեմ, ես երազում եմ, որ մեր քաղաքում հայացքները կազատվեն ապակիներից, ապակիները՝ գլխարկներից, իսկ վերջիններս կթաքնվեն պահարաններում, որովհետև երթուղային պահմտոցիների դարն արդեն անցած կլինի, իսկ մարդիկ կերթևեկեն հեծանիվներով: Ես ժպտում եմ ու ոտքով տուն գնում. չէ՞ որ շտապել ու սխալ կանգառ էի իջել: Ես չեմ չափչփում փողոցներն ու չեմ բախում ոչ մի դուռ, այժմ իմ կյանքի դռները այլևս չեն փակվի:

Հեղինակ՝ Նիլեմ

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների