Նոր հիվանդություն կրթական ոլորտում. շտեմարանացավ 

 Նոր հիվանդություն կրթական ոլորտում. շտեմարանացավ 

21-րդ դարը կրթության լայն հնարավորություն տվող ու ապահովող շրջան է, որտեղ յուրքանչյուրին հնարավորություն է տրված սովորելու ու դառնալու կրթված մարդ: Հայաստանում այս պահին գործում են բազմաթիվ պետական ու ոչ պետական բուհեր ու քոլեջներ: Պետական դիպլոմ տվող բուհերի թիվը Հայաստանում մոտ 27-ն է:  Մեզ մոտ կա երկու անհամեմատելի գործոն՝ որոշ ֆակուլտետների համար աստղաբաշխական վարձեր ու դատարկ գրպանով ժողովուրդ: Հիանալի է չէ՞: Դպրոցից սկսած, դասագրքային ամենակարևոր ու անկարևոր, միգուցե անհետաքրքիր դասերը սերտած, վերջին դասարանում մեր կյանքի միակն նպատակն է կրկնուսույցի մոտ պարապելով, առաջ շատ դժվար՝  խցկվելով, հիմա ավելի հեշտ՝ դրականը ստանալով, վստահ քայլերով համալսարան մտնելը: Ավագ դպրոցի ի հայտ գալուց հետո թվում էր թե կրկնուսույցի խոհանոցն ու դրա բույրերը կդառնան լավ ու բարի հիշողություն, ու ինչպես ԽՍՀՄ-ն են հիմա շատերը կարոտով հիշում, այնպես էլ կրկնուսույցն ու իր խոհանցը կամ հյուրասենյակը, կարևոր չէ,  կդառնան կարոտալի ու անվերադարձ հիշողություններ: Բայց մենք չհասցրինք նույնսիկ շունչ քաշել, չկարողացանք ազատվել մեր այդքան սիրելի պարապողի մոտ գնալու սովորությունից, որովհետև ավագ դպրոցն իրականում իրեն չարդարացրեց: Հիմա էլ շատերը 11-րդ դասարանից վազում են պարապելու առարկայի գիտակների մոտ, մի քանիսին  էլ նույնսիկ դպրոցից դուրս են գալիս ու զբաղվում միայն իրենց սրբազան գործով ՝ պարապելով:

Սակայն մեր բուհերն այսօր կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ տարեցտարի դիմորդների թիվը կրճատվում է ու դրա հետեւանքով նրանք ունենում են մի շարք թափուր ֆակուլտետներ, որոնցից շատերի դեպքում առավելագույնը դիմել է 2 հոգի: Թափուր տեղերը 2017-ին անհամեմատ աճ ունեցան: Մինչ Հայաստանում դիմորդները իրենց կոտորում են 19, 20 ստանալու համար, որպեսզի կրկնուսույցի մոտ պարապածը ջուրը չընկնի, գոնե անվճար ընդունվեն, օրինակ՝ Ֆրանսիայում բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունվում են առանց ընդունելության քննությունների, այնուհետև մնում են նրանք, ովքեր ունակ են և ցանկություն ունեն սովորելու, ինչ-որ բանի հասնելու: Մեր հայրենիքում բուհ ընդունվելու համար մի մեծ քայլ է հարկավոր կատարել ՝ ուղեղիդ ստիպել սովորել ու հարմարվել մի քանի ամիս քեզ հետապնդող հաստ ու գեր շտեմարաններին, որոնք իրականում քեզ ու ուղեղիդ անգիրից բացի ուրիշ ոչինչ չունեն տալու: Չէ՛, կներեք ունեն, իրենք լուրջ «հիվանդություն » են դառնում, որն արդեն հայտնի է շտեմարանցավ անունով: Մոտավորապես 9 ամիս ես տառապեցի այդ հիվանդությամբ,  հավատացնում եմ՝ իրենք բացի ուսումնական նյութը անիմաստ հարցերով ուղեղդ լցնելուց ու անհետաքրքիր ձևով երազներումդ գալուց բացի ուրիշ առաքելություն չունեն:  Ամեն առարկայից դուրս է գալիս նվազագույնը 3 շտեմարան, որոնք ոչ մի բանով՝ տառով, նախադասությամբ, օրինակներով չեն էլ զիջում նախորդ տարիների հրատարակություններին: Մի զարմացե՛ք, մեզ մոտ բիզնեսը սկսել է լավ զարգանալ նույնիսկ կրթական ոլորտում:

Հեղինակ՝ Տաթև Արշակյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների