Անկախության 26 ամյակին ընդառաջ. մտորումներ պատմական հայրենիքում

Անկախության 26 ամյակին ընդառաջ. մտորումներ պատմական հայրենիքում

Հայաստանի անկախացման պատմական նշանակության, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումների, այդ օրերին համայն հայության միասնականության մասին մտորելով քայլում եմ իմ պատմական հայրենիքում, բարձրանում եմ Կարսի (Ղարսի) անառիկ թվացող հսկա բերդը տանող ճանապարհով, մտնում 19-րդ դարի կեսերին աշխարհում հռչակ ունեցող Կարսի բերդը, որտեղ պատմությունն է հառնում…որտեղ հզորությունն է Բագրատունյաց և Զաքարյանների… Այս բերդը, որը հայ պատմիչները ներկայացնում են՝ «Բերդ Կարուց», իր ամրությամբ, ռազմավարական նշանակության իր հզոր կառուցվածքով ինձ հուշում է, որ զինվածության ու հմուտ ռազմավարների պակաս այստեղ չի եղել, արդյոք ինչը դարձավ ազգիս արդեն մեկդարյա վշտի պատճառը…այստեղ ցավն ու ափսոսանքն է պարուրում ինձ. 1921 թ. Կարսի պայմանագրով այն դավադրաբար հանձվել է օտարին: Ու լսում եմ մեր ուղեկցի միատոն հնչող խոսքերը՝ «Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից։ Իսկ ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչ՝ ցավոք թուրքեր և քրդեր»: Քայլում եմ Կարսի հնաոճ ու նեղ փողոցներով, և ահա հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Հայոց թագավոր Աբաս Բագրատունու X դարի 60-ական թթ. կառուցած և  մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին.. Տեսնում եմ Չարենցի տունը՝ անխնամ, կիսավեր..… Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով…. Սակայն Կարինե Քոթանճյանին այդպես էլ չտեսա Կարսի փողոցներում, որ ասեմ նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Իմ պատմական հայրենիքում ես հանդիպեցի շատ քրդերի, ովքեր այդքան մեծաքանակ լինելով՝ այսօր չունեն հայրենիք: Քարտեզի վրա մենք տեսնում ենք քուրդերով բնակեցված տարածք՝ ընդգծված Իրաքի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի սահմաններում, սակայն հայրենիք նրանք չունեն: Իմ քուրդ զրուցակիցը տխրությամբ ինձ պատմեց, որ չնայած զինված երկարամյա պայքարին ու մեծ տերություններին անկախանալու, հայրենիք ունենալու խնդրանքով բազմիցս դիմելուն, աշխարհասփյուռ քրդերը, որ շուրջ 45 մլն. են արդեն, չունեն անխակություն, չունեն հայրենիք…

Մեքենան սլանում էր հարթ, ողորկ ճանապարհներով, նայում եմ Սարիղամիշի կանաչ, կուսական փթթուն անտառներին ու արցունքներս կոկորդումս խեղդելով մտածում Հայաստանի անկախացման պատմական նշանակության, հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման մասին… մենք ուժեղ ենք, եթե միասին ենք
և փորձում հասկանալ, թե ինչու է այսքա՜ ն մասնատված իմ hայրենիքը: Ինչ է մնացել մեզ: Ընդամենը մի փոքրիկ հողակտոր, որտեղ իմ ժողովուրդը փորձում է գոյատևել և պահպանել մեր ազգային ինքնուրույնությունը, մեր բարքերն ու սովորույթները: Եվ կա մի հզոր ուժ, որը համախմբում է մեզ վտանգի պահին: Թշնամու դեմ պայքարում ենք միասնական ուժով և միասին փչում հաղթանակի շեփորը: Հաղթանակի գաղտնիքը համախմբվածության, հավատքի մեջ է:
Քանի որ մեր ուժը, մեր միասնության մեջ է: Ու հասկանում եմ վերստին՝ որքան շատ եմ  սիրում իմ 26 ամյա փոքրիկ անկախ Հայաստանը:

Հեղինակ՝ Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների