Մեր երկիրը լավագույնն է

Մեր երկիրը լավագույնն է

2017 թվականը  բավականին  խոստումնալից է  զբոսաշրջության  աճի բարձրացման տեսանկյունից: Ամենուր  կարելի է  տեսնել  տարբեր  երկրներից  ժամանած  զբոսաշրջիկների,  ովքեր  չեն  կարողանում  թաքցնել  հիացմունքը  Հայաստանի  շքեղ  բնության,  դարավոր  մշակույթի  և  հայերի  հյուրընկալության  նկատմամբ:

Այո՛,  ուրախալի  է,  երբ  տեսնում  ես,  թե ինչպես են  այլազգիները  փորձում ամեն  ինչ  իմանալ  փոքրիկ,  բայց  հարուստ  անցյալով  Հայաստանի  մասին:  Չէ՞  որ  այդ  նույն  մարդիկ,  վերադառնալով  իրենց  հայրենիք,  մեծ  ոգևորվածությամբ  ու  սիրով  կպատմեն  երկրի և  այնտեղ  ապրող  ու  ստեղծագործող,  առավոտից  իրիկուն  քրտնաջան  աշխատող  ու  քարից  հաց  ստեղծող  ժողովրդի  մասին:  Բնականաբար,  այս  ամենն  էլ  իր  հերթին  կունենա  միմիայն  դրական  հետևանք.  ավելի  շատ  մարդիկ  կցանկանան  ժամանել  մեր  երկիր:

Այս ամենին զուգահեռ, ունենք շատ հայրենակիցներ, ովքեր ոչ մի  հետաքրքրություն  չեն  տեսնում  Հայաստանի  տարբեր  անկյուններում  շրջելու  և  նորանոր  բացահայտումներ  կատարելու  մեջ:  Իհարկե,  ոչ  ոք  ոչ  մեկին  չի  պարտադրում  չգնալ  ուրիշ  երկիր(պե՞տք  չէ  նաև  այլ  մշակույթներ  ուսումնասիրել,  վերջիվերջո  նոր  վայրեր  էլ  այցելել),  բայց  ասել,  որ  Հայաստանը  հանգստի  համար  այդքան  էլ  հետաքրքրական  չէ,  միանգամայն  սխալ  է:

Տաթևի  ճոպանուղին  այս  տարի  ունեցավ  ռեկորդային  քանակությամբ  այցելուներ,  հազարավոր  զբոսաշրջիկներ  են   ամեն  օր  այցելում  Խնձորեսկի  ճոճվող  կամուրջ՝  միաժամանակ  հիանալով  Սյունյաց  աշխարհի  աննկարագրելի  բնությամբ.  ու  այսպես  շարունակ  դեպի  հայոց  աշխարհի  մյուս  գողտրիկ  անկյունները…

Ուրիշ  է  Հայաստանը՝  բազմագույն, ինքնատիպ, խորհրդավոր ու առեղծվածներով  լի:  Տարբերվող  է  հայի  տեսակն  այս  աշխարհում՝  հյուրասեր  ու  զրուցասեր,  նվիրված  ու  բարյացակամ:

Հենց  այս  ամենն  էլ  նպաստում  է  նրան,  որ  տարեցտարի  շատանում  են  զբոսաշրջիկները և   ավելի  մեծ  տեմպերով  զարգացում  կունենա  զբոսաշրջությունը,  իսկ  մեր  մասին  արդեն  կիմանան  բոլորն  անխտիր:

Սա  նշանակում  է,  որ  պետք  չէ  կանգ  առնել, այլ ժամանակ առ ժամանակ ստեղծել  ավելի  մաքուր  ու  ապահով  վայրեր,  Հայաստանի մասին  պատմող  բազում  տեսաշարեր  թողարկել,  գովազդային  ամենատարբեր  միջոցներով  գրավել  այլոց  ուշադրությունը:  Իսկ  եթե  որոշ  վայրեր շատ  թանկ  են  այցելության  ու  հանգիստը  անցկացնելու  համար,  ապա այդքան  էլ   դժվար  չէ  իջեցնել  սահմանված գները՝  օգուտ  տեղաբնակների  և  հյուրերի:

Հեղինակ՝ Անուշ Առաքելյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների