Մարզադահլիճից մինչև արվեստանոց

Մարզադահլիճից մինչև արվեստանոց

Նկարչին ճանաչելու համար, անշուշտ, պետք է լինել նրա արվեստանոցում, տեսնել նրա աշխատանքներն ու զգալ այնտեղ տիրող գույների շունչը: Իմ առջև բացվեց մի ուրիշ աշխարհ, որտեղի շունչն ու հոգին, ներսի պատկերները, ինչքան էլ նման էին արվեստանոցի ապակե դռներից այն կողմ գտնվող աշխարհին, նույնքան տարբեր էին՝ լցված նկարչի վառ ու խոսուն գույներով:

Արվեստանոցի՝ նկարներով, կտավներով և քանդակներով փակված պատերը լցված էին բնության հանճարեղ գեղեցկությամբ…

Իսկ սպիտակ թուղթին մի նոր կյանքով կենդանացնող արվեստագետը ԵՊՀ-ի ուսանողներից շատերին ծանոթ ֆիզկուլտուրայի դասախոսն է, ով կարողացել է համադրել սպորտի, նկարչության, գրականության և երաժշտության գույները՝ իր կյանքի կտավում:

Հրաչյա Հակոբյանը Երևանի կենտրոնական փողոցներից կտրված մի թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում տարիներ շարունակ թղթին է հանձնում իր աշխարհի պատկերները, որոնք հետագայում մասնակցում են ցուցահանդեսների ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս՝ ծանոթացնելով և ավելի մոտեցնելով օտարներին մեր երկրի բնությանը, եկեղեցիներին և այլ պատկերներին…

Նրա մեջ նկարչական ունակությունները նկատել են ծնողները և տարել նրան նկարչական խմբակ: Նրա առաջին ուսուցիչը, ում ազգանունը արվեստագետը միշտ պահում է իր մտքում՝ Ղարիբյանը,  առաջինն է եղել, ով իրեն ծանոթացրել է նկարչական գույների և գունային աշխարհի, հետաքրքիր կառուցվածքների ու նկարելու ճիշտ ձևերի հետ: Հրաչյա Հակոբյանը նշում է, որ շատ է սիրել իր ուսուցչին և ճիշտ է այն միտքը, որ եթե շատ ես սիրում ուսուցչիդ, կարևորում ես նաև առարկան:

  Նկարչական խմբակ հաճախելու տարիներին էլ Պարոն Հակոբյանի աշխատանքները ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում, միջոցառումների ժամանակ: Իսկ հետո ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, ավարտել գերազանց գնահատականներով: Այնուհետև որոշել է նաև զբաղվել սպորտով, ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, ունի սպորտի վարպետի կոչում: Սովորել է նաև Մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
Այսօր նկարիչների միության անդամ է և ունի ՅՈՒՆԵՍԿՈ-յի մրցանակ: Եղել է տարբեր երկրներում՝ ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Կիպրոսում և այլուր՝ ցուցադրելով իր աշխատանքները:

Ուսանողները հաճախ են ունենում հնարավորություն շփվելու նրա հետ ոչ միայն որպես դասախոսի, այլ նաև արվեստագետի, իսկ ուսանողների հետ աշխատելը, ինչպես փաստում է Պարոն Հակոբյանը, չի խանգարում նրան, այլ հակառակը. նա սիրում է զրուցել խելացի երեխաների հետ, ովքեր ճանաչում և սիրում են արվեստը:

Նա արդեն ունի դոցենտի կոչում, հրատարակել է նաև գիրք՝ «Առողջ ապրելու բանաձևը», որը նվիրել է իր ուսանողներին: Իսկ երկրորդ գիրքը՝ «Արվետը և սպորտը» շուտով լույս կտեսնի, գրել է նաև գիտահետազոտական աշխատանքներ, որոնք տպագրվել են:

Հրաչյա Հակոբյանի ոգեշնչման աղբյուրը բնությունն է, նա հաճախ է լինում բնության գրկում և թղթին հանձնում իր առջև բացված հիանալի տեսարանները: Իսկ բնությունից բացի բանասիրության հանդեպ մեծ սեր ունեցող արվեստագետին նաև ոգեշնչուն են գրքերն ու դրանց հերոսները: Նա նշում է՝ իր ամենասիրած գիրքը «Բոռը» գիրքն է,որի հերոսների նկարները տեղ են գտել նրա արվեստանոցում, շատ է սիրում նաև «Սպարտակը», Ալ.Դյումայի և Բալզակի գործերը: Հայ գրականությունից սիրում է Պարույր Սևակին և Եղիշե Չարենցին:

Հրաչյա Հակոբյանի արվեստանոցում կային նաև երաժշտական գործիքներ՝ կիթառ, ջութակ: Հետաքրքիր էր նաև նկարչի սերը դեպի երաժշտությունը: Ի դեպ, նա միշտ նկարում է երաժշտության հնչյունների ներքո:

Նկարիչը նաև վաճառում է իր աշխատանքները, սակայն ունի մի նկար, որը երբեք չի վաճառի: Նկարը պահում է տանը և ժպիտով պատմում, որ նկարել է այն ժամանակ,երբ սիրահարված էր բանասիրական ֆակուլտետից մի աղջկա,ով եղել է իր ուսանողուհին, իսկ հետագայում դարձել է իր կինը։ Նա իր կողքին միշտ պատկերացրել է հենց բանասիրական կրթություն ունեցող կնոջ, ով մոտ կլինի գրականությանը, արվեստին, ավելի շատ կընթերցի…Նրանք ունեն երկու երեխա, մեծ աղջիկը մայրիկի նման բանասեր է, իսկ մյուս երեխան՝ պատմաբան, իհարկե ունենալով նաև հայրիկից անցած նկարչական տաղանդը:

Նրա կտավներում հիմնականում գերակշռում են ակտիվ և պաղ գույները: Աշխատում է լավ վերաբերվել իր նկարներին՝ հենց իր վառ գույներով՝ իր ներսում ապրող նկարչի նման:
Այսօր, ըստ Հրաչյա Հակոբյանի, ունենք տաղանդավոր նկարիչներ, ովքեր իրենց աշխատանքները ներկայացնում են տարբեր երկրներում, հաշվի են նստում այստեղի նկարիչների հետ, ովքեր ունեն իրենց դերը և երևում է՝ մնայուն գործեր են ստեղծում:

Հրաչյա Հակոբյանը նշում է, որ չի նկարում սգո թեմաներին վերաբերող նկարներ: Հիշողությունները նրան տարան դեպի Սպիտակ, երբ տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժը, սակայն նա չէր կարողանում նկարել այն, ինչին ականատես էր եղել: Նա նշում է, որ շատ խորն է տանում ցավը, սակայն չի կարողանում նկարել ցավալի ու ողբերգական թեմաներով նկարներ:

Նա սիրում է նաև իր նկարները նվիրել, սակայն միայն նրանց, ովքեր լավ կվարվեն իր աշխատանքի հետ և կգնահատեն այն, խնամքով կվարվեն արվեստի գործի հետ. Չէ՞ որ մարդուց հետո իր աշխատանքն է մնայուն։

Հեղինակ՝ Աննա Գարեգինյանի

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների