Կոմիքսներ․ հայրենասիրության, նազիոնալիզմի, ֆեմինիզմի և խիզախության լավագույն պրոպագանդա

Կոմիքսներ․ հայրենասիրության, նազիոնալիզմի, ֆեմինիզմի և խիզախության լավագույն պրոպագանդա

Կոմիքսը մեդիայի տեսակ է, որը միտքը հաղորդում է տեքստի և նկարի շնորհիվ։ Հիմնականում դա պատկերների շարք է, որը պատմում է պատմություն՝ երկխոսությունների և ձայնարկությունների միջոցով։

Շատ մարդիկ, կոմիքս ասելով, պատկերացնում են գունավոր պատկերներով ամսագիր, որը պատմում է՝ ինչպես են սուպերհերոսները փրկում աշխարհը և հիմնականում դրանց համարում են մանկական զբաղմունք, բայց սա համարել ճշմարտություն սխալ է, որովհետև կան կոմիքսների և կերպարների տարբերակումներ, որոնք բնավ մանկական կամ պարզունակ չեն։

Ժամանակակից կոմիքսների «նախահայրեր» կարելի է համարել հռոմեական Տրայանոսի սյունը (Ք․ա 113թ․), եգիպտական հիերոգլիֆները, հունական ֆրիզները, միջնադարյան գոբելենները, որոնք նույնպես նկարների միջոցով պատմություն են պատմում։

Ամերիկացի պատմաբան Ջուլիան Չեմբլիսը ասել է․ «Այս ժանրը անհատ կերպարներին դարձնում է մշակութային մտքերի հավաքական կերպարներ։ Այս գործընթացի շնորհիվ այս կերպարները դառնում են սուպերհերոսներ, որոնք, օրինակ՝ նացիոնալիզմի (Սուպերմեն), հասարակական կայունության (Բեթմեն) և ֆեմինիզմի (Հրաշք Կին) ներկայացուցիչներն են»։

Կարդալով այս մեկնաբանումը՝ ակամա համեմատություն արեցի սուպերհերոսների և էպոսի կերպարների հետ։ Նրանք հավաքական կերպարներ են, որոնք ներկայացնում են ժողովրդի իդեալ հերոսներին։ Հիմնականում ունեն գերբնական ուժեր, կիսաստվածներ են և ամենակարևորը՝ պայքարում են չար ուժերի դեմ։ Հայաստանում կոմիքսի ժանրը, ցավոք, դեռ զարգացած չէ, սակայն լավ միտք է սկսել տպագրել կոմիքսներ, որոնց գլխավոր հերոսը կարող է լինել, օրինակ՝ Սասունցի Դավիթը։ Բազմիցս լսել եմ  աշակերտների բողոքները մեր էպոսից, որովհետև դա կարդալը ձանձրալի է, իսկ լեզուն ոչ բոլորի համար հասկանալի և պարզ։ Աշակերտների համար շատ ավելի հետաքրքիր ու հեշտ կլինի կարդալ էպոսը կոմիքսի տեսքով։

Կոմիքսները պրոպագանդայի միջոց դարձան երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում․թե՛ անհատ ձեռնարկները, թե՛ պետությունը սկսեցին կոմիքսներ տպագրել և բաժանել զինվորներին։ Հայտի հերոսները, ինչպիսիք էին՝ Բեթմենը և Սուպերմենը, սկսեցին ամերիկացի զինվորների հետ պայքարել նացիստների դեմ։ Սա օգնեց զինվորներին ազատվել անինքնավստահությունից ու վախից։

Ամենահայտնի զինվոր սուպերհերոսը Կապիտան Ամերիկան է, ով հասարակ ամերիկացի էր, որ շատ էր ցանկանում կռվել, սակայն ֆիզիկապես թույլ էր, և նրան հրաժարվում էին ուղարկել պատերազմի դաշտ։ Սթիվ Ռոջերսը (ապագայում Կապիտան Ամերիկա) նկարիչ էր, որ ցանկանում էր դառնալ կոմիքսների նկարազարդիչ։ Թեև նա ձախողել էր ֆիզիկական հատկությունների թեստը, նրան  թույլ են տալիս մասնակցել «Վերածնունդ» գաղտնի օպերացիային, որի նպատակն էր ստեղծել «գերմարդկանց»։ Նախագիծ հաջողվում է, և Սթիվ Ռոջերսը դառնում է սուպերհերոս։ Նրան համարում են ազատության և անկախության մարմնավորում։ Կապիտան Ամերիկան այն սուպերհերոսներից միայն մեկն է, որ տարածում են խիզախություն, անկախություն, պատրաստակամություն, ինչպես նաև հայրենասիրություն։ Իր անունն արդեն հուշում է՝ նա պատրիոտ է, ով պատրաստ է ամեն ինչի հանուն իր երկրի՝ Ամերիկայի։ Իմ կարծիքով, հայերին նույնպես անհրաժեշտ է «Կապիտան Արմենիա», որ կկռվի հանուն Հայաստանի։ Ներկայիս մեդիան շատ է տարածում հայ հերոսների մասին պատմություններ, հրապարակվում են հոդվածներ, գրքեր, նկարահանվում են հոլովակներ ու ֆիլմեր, սակայն չկան իլյուստրացիաներ։ Մեր մշակույթը իրոք առաջ կգնա և մեր հերոսների մասին ավելի շատ մարդ կիմանա, եթե սկսեն տպագրվել հայ հերոսների մասին կոմիքսներ։

Մարդու համար ավելի հեշտ է ընկալել ինֆորմացիան նկարի, քան տեքստի միջոցով, իսկ դիզայներների աշխատանքը դարձնում է կոմիքսը հետաքրքիր: Այս պատճառով էլ արդեն 20-րդ դարում կոմիքսները սկսեցին օգտագործվել՝ որպես պրոպագանդա։ Համոզված եմ՝ Գարեգին Նժդեհի կամ ապրիլյան պատերազմի հերոսների մասին կոմիքսները լայն տարածում կստանան, և նրանց հերոսությունների մասին իրազեկումը կբարձրանա։ Այս միտքը արդիական է հատկապես հիմա, որովհետև շատ է զարգացել կոմիքսի ենթաժանրերից մեկը, որը կոչվում է գրաֆիկ վեպ (graphic novel): Եթե կոմիքսները կարելի է համարել անիրական, ապա գրաֆիկ վեպերը ճիշտ հակառակն են, որովհետև արտացոլում են իրականությունը․ կան Հոլոքոստի, տնտեսության, սիրո, պատերազմի մասին գրաֆիկ վեպեր։ Նախորդ առաջարկս (տպագրել հերոսների մասին կոմիքսներ), հնարավոր է որոշ մարդկանց կողմից չընդունվի, որովհետև հիմնականում կոմիքսը անլուրջ զբաղմունքի տպավորություն է թողել հայերի մոտ, բայց այս դեպքում իլյուստրացիոն արվեստը կարելի է զարգացնել գրաֆիկ վեպերի շնորհիվ՝ տպագրելով պատերազմների, հայ թագավորների, նույնիսկ ցեղասպանության մասին գրաֆիկ վեպեր։

Կոմիքսների մասին հոդվածում չէի կարող չանդրադառնալ իմ ամենասիրելի կերպարին՝ Հրաշք Կնոջը (Wonder Woman), ով ֆեմինիզմի, կանացի ուժի ու անկախության մարմնացումն է։ Դիանան (ապագայում Հրաշք Կինը) ամազոնուհիների արքայադուստրն էր, և ապրում էր «մարդկանց աշխարհից» իզոլացված կղզում, որտեղ նրան դեռ մանկուց դարձնում էին կատարյալ զինվոր։ Մի անգամ օդաչու Սթիվ Տրևորի ինքնաթիռն ընկնում է կղզու մոտ, և Դիանան փրկում է Սթիվին մահից։ Այսպես՝ Հրաշք Կինն իմանում է, որ տեղի է ունենում համաշխարհային պատերազմ և որոշում է գնալ կռվելու։ Հրաշք Կինը կոտրեց կանանց մասին կարծրատիպերը։ Կինը կարող է տղամարդկանց հետ կռվել, նա բնավ թույլ և պաշտպանության կարիք ունեցող մարդ չէ։ 2016-ին Հրաշք Կինը (կերպարը) դարձավ կանանց և աղջիկների պաշտպանության ՄԱԿ-ի դեսպան, սակայն մի քանի ամիս անց այս որոշումը չեղյալ համարվեց։

Այսպիսով՝ կոմիքսները անլուրջ զբաղմունք չեն։ Նրանց շնորհիվ հնարավոր է տեղեկույթ փոխանցել և ոգեշնչել մարդկանց։ Հայ հերոսները նույնպես կարող են դառնալ սուպերհերոս։ Իլյուստրացիոն արվեստը անհրաժեշտ է զարգացնել։

Հեղինակ՝ Քնար Օհանջանյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների