Վիրավորանք

Վիրավորանք

Նա ինձ վիրավորեց, ու երբեք չկարողացա ներել…  Նա ինձ հոգեկան հիվանդ անվանեց: Ընդամենը կարելի էր  սրտին մոտ չընդունել: Քի՞չ մարդիկ են իրար այդպես վիրավորում: Սակայն ճշմարտությունն այն է, որ մեկ շաբաթ եղել եմ այդ սահմռկելի հաստատությունում. ուղիղ մեկ շաբաթ: Իսկ նա ասաց, իբրև հինգ տարին քիչ էր ինձ ու մի հինգ տարի էլ պետք է: Ինչու՞ այդպես ասաց: Հստակ հիշում եմ, որ մեկ շաբաթ եմ եղել այնտեղ` ուղիղ յոթ օր: Շաբաթ օրն ինձ տարան, իսկ մյուս շաբաթ օրն արդեն դուրս էի գրվել: Ճիշտ է, սարսափելի օրեր էին այդ յոթ օրերը: Ծերացա այնտեղ: Թերևս մարդիկ դա են հիմք ընդունում, երբ անհրաժեշտ է լինում ճշտել տարիքս: Ասում են, որ քսանյոթ տարեկան եմ, մինչդեռ շատ լավ հիշում եմ, որ քսաներկուսից ավելին չեմ: Հենց այդքան էի, երբ հոգեբուժարան տարան: Ինչպե՞ս կարող էի մեկ շաբաթում քսանյոթ դառնալ: Խելագարվե՜լ են բոլորը: Հարցրեք ծնողներիս, հարցրեք քրոջս ու եղբորս: Նրանք ազնիվ ու հավասարակշռված մարդիկ են, և յուրաքանչյուրը կարող է հավաստել, որ քսաներկու տարեկան եմ: Մեկ շաբաթ զուր ժամանակ կորցրի հիվանդանոցի դատարկագլուխ բժիշկներին ապացուցելու, որ կատարելապես առողջ եմ: Այնուամենայնիվ, նրանցից մեկը խելքը գլխին մարդ էր: Հենց նրա միջնորդությամբ ինձ դուրս գրեցին: Եթե նա չլիներ, գուցե մինչև հիմա այնտեղ լինեի: Բայց մյուս կողմից էլ` շատ վատ էր, որ յոթ սարսափելի օրեր անցկացրի այդ զզվելի վայրում ու ամբողջ հինգ տարով ծերացա: Իսկ հետո ընկերս վիրավորեց ինձ, ու չկարողացա ներել: Նա հոգեկան հիվանդ անվանեց ինձ… Եթե միայն հնարավոր լիներ բացատրել մարդկանց…

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ գիշերները չէի կարողանում քնել: Սենյակումս հետուառաջ էի անում մինչև առավոտ ու այդպես` մի քանի շաբաթ: Հետզհետե ըմբռնեցի անքնությանս պատճառը: Այգու կողմից եկող սատանայական ձայներն էին խանգարում: Երկհարկանի է մեր տունը, իսկ իմ ննջասենյակը երկրորդ հարկումն է ու բացվում է այգու վրա: Դուրս եկա պատշգամբ: Ամառային երեկո էր, բայց դեմքիս սառը քամի փչեց: Արյունը սառավ երակներիս մեջ: Այգու հեռավոր անկյունում ուրվականատիպ արարածներ նկատեցի: Շուրջպար էին բռնել ու աղաղակում էին: Հենց նրանցից էր ճառագում աղմուկը, որը օրեր շարունակ չէր թողնում քնել: Շուտով նկատեցի Բեհեղզեբուղին: Իրոք նա էր: Նրա մասին ինձ պատմել էր մի խելացի ու զարգացած մարդ, երբ յոթ օր… Մի խոսքով: Չեմ սիրում հիշել այդ ժամանակները: Նյարդերս պրկված էին: Կուզենայի քնել, բայց չէի կարող այդ ականջ ծակող հնչյունների տակ: Ցած թռա պատշգամբից ու մի փայտի կտոր վերցնելով` վազեցի ուրվականների կողմը: Խուճապահար փախան ողորմելիները և ցանկապատի վրայով հարևանի այգին անցան: Բարձր էր պարիսպը, բայց բարեբախտաբար սանդուղք ունեի: Շուտով հարևան այգում էի հալածում չարքերին: Բայց նենգ էր հակառակորդը: Սկսեցին քարեր նետել վրաս: Մեկը դիպավ հարևանիս տան լուսամուտին ու փշուր փշուր արեց: Չնչին, ողորմելի մարդիկ էին հարևաններս: Իմ ոչ մի խոսքին չհավատացին ու ավելի մեծ աղմուկ բարձրացրին, քան մինչ այդ սատանաները: Հենց նույն օրը հայտնվեցի ճաղապատ լուսամուտների հետևում, որտեղ չարաբաստիկ յոթ օրեր անցկացրի, իսկ երբ դուրս եկա, ընկերս ինձ հոգեկան հիվանդ անվանեց, ու երբեք չկարողացա ներել…

Շաբաթներ շարունակ վիրավորանքը կրծում էր հոգիս: Հավանաբար կխելագարվեի, բայց բարեբախտաբար լուծումը գտա: Պետք էր սպանել նրան: Որևէ պատրվակով կկանչեի մեր տուն, մեկ այլ պատրվակով նկուղ կիջնեի ու կվերադառնայի հսկա դանակը ձեռքիս: Մնացածը դատարկ բան էր: Իսկ դիակը կգցեի փոսը ու կլուծեի թթուների մեջ:

Հենց այդպես էլ արեցի: Չեմ հիշում, թե ոնց համոզեցի, բայց այդ միամիտը եկավ: Երբ տեսավ դանակը ձեռքիս, մի պահ շշմեց, հետո կարծես հասկացավ ու վախից լայնացած աչքերով վրաս էր նայում: Փորձեց փախչել դեպի այգու հեռավոր անկյունը: Փորձեց օգնության կանչել, բայց մի՞թե այնքան հիմար էի, որ տանը մարդ եղած ժամանակ այդպիսի գործ ձեռնարկեի: Երբ այգու ամենահեռավոր անկյունում էր ու մի երկու ձևական հարված էր մնացել, որպեսզի ձևակերպեմ գործարքս, հանկարծ վարանեցի: Պատկերացրի, թե ինչպես եմ խփում, և ինչպես է նրա կարմիր արյունը ցայտում շորերիս ու ձեռքերիս վրա: Խիղճս սկսեց տանջել: Իսկապես. չարժեր նրան սպանել սոսկ այն բանի համար, որ վիրավորել էր ինձ: Չէ որ հետո ներողություն խնդրեց: Չէ որ իմ ընկերն էր, որի հետ լավ ու վատ օրեր էինք կիսել: Իսկ երբ յոթ օր բացակայում էի, ամեն օր, այսինքն ուղիղ յոթ անգամ, տեսակցության եկավ: Իջեցրի դանակն ու ասացի, որ կատակ եմ արել: Սաստիկ ամաչում էի արածիցս: Շրջվեցի ու գնացի տուն: Միջանցքում հետուառաջ անելով` երկար մտորում էի: Հակասական զգացումները խեղդում էին: Հիմա էլ նրանից էի նեղվում, որ փոքրոգի գտնվեցի ու չկարողացա հարկ եղած պահին վճռականություն ցուցաբերել: Ինչու՞ պիտի ապրեր, եթե այդպես անգթորեն անպատվել էր ինձ…

Շտապ օգնության մեքենայի զիլ ազդանշանը սթափեցրեց ինձ: Երևի հարևանս նորից սրտի տագնապ էր ունեցել: Արագ դուրս թռա տնից: Չեմ կարող ասել, թե ինչու: Հավանաբար ուզում էի օգտակար լինել: Կամ գուցե լոկ հետաքրքրասիրությու՞ն էր: Սակայն տնից  դուրս տարօրինակ պատկերի ականատես եղա: Սպիտակ խալաթավորները իմ տուն էին գալիս: Մենակ էի տանը ու չէի կարողանում հասկանալ, թե ում համար են եկել: Երբեք առողջությունից չեմ բողոքել: Ճիշտ է, գիշերները նորից սկսել էի անքնությամբ տառապել, բայց դրա մասին ոչ ոք չգիտեր և, համենայնդեպս, բժիշկ չէի կանչել: Զարմանալի էր, բայց ինձ տեսնելով` նրանք զգուշացան ու պատշաճ հեռավորություն էին պահում: Առավել զարմանալի էր, որ ցանկանում էին օղակի մեջ առնել ինձ: Բնազդաբար այգու կողմը նահանջեցի: Շուտ-շուտ հետ էի նայում: Առնվազն տասը սպիտակ խալաթավոր հետապնդում էին ինձ: Մի քանի վայրկյանից այլևս նահանջելու տեղ չկար: Հայտնվել էի այգու ամենահեռավոր անկյունում: Հանկարծ տեսա ընկերոջս դիակը: Վրան դանակի մահաշունչ հետքեր էին: Հարվածներից մեկը վերից վար այլանդակել էր դեմքը, մյուսը կտրել էր կոկորդը, իսկ երրորդը հսկա վերք էր բացել կրծքին: Տեսնես ով էր սպանել նրան: Նկատեցի, որ շրջապատված եմ: Բոլորը վախից պլշած ինձ էին նայում: Հայացքներն այնքան սևեռուն էին, որ անհարմարության ակնթարթային զգացում ունեցա: Հնարավոր է, որ դա ամենամեծ բացահայտումն էր իմ կյանքում, բայց նոր միայն նկատեցի, որ նկուղից վերցրած հսկա դանակը դեռ ձեռքիս է: Վրան արյան կարմրավուն բծեր կային: Համարյա չորացած: Տեսնես որտեղի՞ց էր արյունը: Ձեռքերիս կպչուն մի բան զգացի ու տեսա, որ ոտքից գլուխ արյան ու ցեխի մեջ եմ: Այլևս չհասցրի ոչ մի բանի մասին մտածել: Սպիտակ խալաթավորներից մեկը ճարպկորեն ձեռքիցս վար գցեց դանակը (Հիմա՜ր մարդ. ինքս կտայի, եթե խնդրեր), իսկ մյուսը ոչ պակաս ճարպկությամբ ոլորեց ձեռքերս: Վերջ. ընկա այս անխիղճների ձեռքը: Մի՞թե ամբողջ մեկ շաբաթ նորից պիտի տանջվեմ: Սոսկալի բան է կյանքը…

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների