Պատերազմում զոհվող խաղաղությունը

Պատերազմում զոհվող խաղաղությունը

Ցանկացած կռվի կամ մրցման մեջ հաղթողը միշտ ճիշտ է, պարտվողի բախտն էլ բերում է, երբ կենդանի է մնում: Պատերազմների ժամանակ ևս հրադադար է հաստատվում այն ժամանակ, երբ կողմերից մեկը նախընտրում է մնալ ողջ, քան մեռնել՝ պարտված: Նույնը կատարվեց նաև Արցախի ազատագրման ժամանակ, երբ հայկական կողմը, չնայած քանակական անհավասարությանը,  սկսեց ազատագրել տարածքներն ադրբեջանական և ՕՄՕՆ-ի զորքերից: Կնքվեց, այսպես կոչված,  հրադադար, որը հավասար է պատերազմի, քանի որ արդեն 25 տարի այդ տարածքում զոհեր են լինում, արդեն 25 տարի այդ տարածքը պահվում է բացառապես զինվորի և զենքի շնորհիվ:

Տարբեր ժամանակահատվածներում զինվորական զոհերից բացի եղել են նաև քաղաքացիական զոհեր՝ ծերեր, կանայք և երեխաներ: Ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական կողմն երբեք շահագրգռված չի եղել խաղաղ բնակիչ սպանելու: Նրանք կրակում են ոչ միայն հայկական դիրքերի վրա, այլ նաև  խաղաղ բնակիչների՝ ինչպես մեր , այնպես էլ իրենց, որի արդյունքում սպանվում և վիրավորվում են ծերեր, կանայք և երեխաներ:

Խոջալուի դեպքեր կազմակերպած երկրի ղեկավարությունից իհարկե շատ բաներ կարելի է սպասել ու չզարմանալ, բայց երբ այդ երկրի ռազմական  ղեկավարությունը բոլորի աչքի առաջ հրանոթները շարում է գյուղերին մոտ և սկսում կրակել հայկական դիրքերի վրա , դա արդեն մի տեսակ, տարօրինակ է: Տարօրինակ է ոչ թե նրա համար, որ այդպիսի քայլ են կատարում, այլ որ դրանից հետո անմեղ գառան /ոչխարի/ հայացքով դիմում են աշխարհին, թե իբր հայերը կոտորում են իրենց բնակիչներին: Մենք՝ հայերով էլ, տարածում ենք տեսանյութ, որով ապացուցում ենք ադրբեջանական բանակի կրակոցները սեփական բնակիչների ուղղությամբ: Չգիտեմ ադրբեջանական բանակի ղեկավարությունն ինչքանով է տեղյակ հրետանային կրակից, բայց ես, լինելով նախկին հրետանավոր, քչից-շատից տեղյակ եմ, որ հաշվարկի ժամանակ մի քանի միլիմետր շեղումն արկը կարող է շատ մեծ տարածության շեղում տա, իսկ եթե թիրախը շատ մոտ է գյուղին կամ այլ բնակելի տարածքների, ապա շատ մեծ հավանականությունը, որ արկերի մի մասը հաստատ կընկնի գյուղերի վրա, արդյունքում կլինեն զոհեր: Բոլոր նորմալ բանակների հրետանավորներն այս ամենը հաշվի են առնում դիրքավորվելուց առաջ:

Սակայն Ադրբեջանը հակահայկական քարոզչություն կատարելու համար պատրաստ է անգամ սեփական երկրի բնակիչներին առանձին-առանձին հողին հանձնելուն: Միայն թե մի քանի զոհված երեխայի ու ծեր կնոջ նկար ավել լինի միջազգային հանրությանը ցույց տալու համար: Փորձված բան է, որ միջազգային այդ կազմակերպությունները մեծ սեր ունեն սև խավիարի և նավթի հանդեպ ու նրանք այսքան ժամանակ ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքի վրա, որ այդ զոհերը հենց Ադրբեջանի բանակի մեղքով է լինում: Այսինքն, եթե կա մեկը ով պատասխանատու է երկու տարեկան աղջնակի ու նրա տատիկի զոհվելու համար, ապա դա բացառապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է, ով անձամբ է ղեկավարել հրանոթների դիրքավորման պրոցեսը և երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ում անմիջական հրամանով կատարվել է այդ քայլը:

Ադրբեջանի վարած այս քաղաքականության հետևանքով առաջնագծում զոհվում են երեխաները, ովքեր անկախ սեռից և ազգության պատկանելությունից, պետք է լինեին մեր ապագայի խաղաղությունը, ովքեր տարիներ հետո կարող էին առանց արյուն լուծել այս խնդիրը: Սակայն Իլհամ Ալևի ղեկավարած իշխանությունը սպանում է նրանց, սպանում է սեփական քարոզչությունը կատարելու ու աշխարհին երեխա սպանող հայերի մասին պատմելու համար: Իրենց այս քարոզչությունն իրականացնելու համար Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է հազարավոր ադրբեջանցի երեխաներ սպանել, միայն թե աշխարհով մեկ  դիակի նկարներ տարածելու պակաս չլինի:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների