Խաղաղ արշալույսի համար պայքարողները…

Խաղաղ արշալույսի համար պայքարողները…

Ամեն անգամ, երբ անցնում եմ Սևան — Դիլիջան  հայտնի թունելով, հիշում եմ Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգությունը: Իմ մոտ հենց այնպիսի տպավորություն է, որ քավարանից հասնում եմ դեպի դրախտ: Օրերս նույն զգացողությունը կրկին ապրեցի Գեղարքունիքի մարզի արևից կիսավառված դաշտերի տեսարանից հետո մտա թունել, որտեղից հայտնվեցի Տավուշի մարզի կանաչապատ ու ծառաշատ անտառներում: Ճանապարհը ոլոր մոլոր, տարավ ու հասցրեց Իջևանի Չինարի գյուղը:

Գյուղում խաղում էին արևից վարվառ, կարմրած դեմքով երեխաները, մոտեցա նրանց բարևեցի ու չէի հասցրել հարցնել ինչ են խաղում, շուրջս հավաքվեցին տարածքի գրեթե բոլոր երեխաները: Աղջիկներին հետաքրքրեց եղունգներիս, իրենց համար ոչ սովորական գույնը, իսկ տղաներն ավելի իրատեսական էին միանգամից հետաքրքրվեցին գալուս նպատակից:

Պարզվեց, որ տղաներն արդեն մի քանի օր է ֆուտբոլ չեն խաղում: ֆուտբոլի գնդակը կորցրել է իրենց համագյուղացին՝ Դավիթը.

— Նենց տշեց, ընգավ խաղողի բաղերը: Արագ-արագ, մեկը մյուսին հերթ չտալով, պատմեցին Արամն ու Միքայելը:

-Իսկ չէի՞ք կարող գնալ և վերցնել բաղից, հարցրեցի ես:

-Ի, ոնց վերցնենք, էդ բաղերը մինապատա, բա որ պտթա:

-Հա, ճիշտ եք, չգնաք հանկարծ,- ասացի ու ինքս ինձ մտածեցի, ոնց մտքովս չէր անցել:

-Բա ոնցա՞, որ նոր գնդակ չեք ուզում, -հետաքրքրվեցի ես:

-Է՜Է ուզել ենք, բա ինչ ենք արել, բայց պետքա քաղաք գնացող մաշին լինի, որ մամաս գնա վարունգ ծախելու ու վերջում էլ գնդակ բերի:

-Էն սարը, որ կերևա, այ էդտեղից են թուրքերը կրակում, պատմեց Միքայելը, ձեռքով ցույց տալով ընդամենը 500 մետր հեռավորության վրա գտնվող լեռը, ու շարունակեց,- կտեսնես չէ, իրանք բարձրից են կրակում, մենք ներքևից, իրանց համար հեշտա, վերևից սաղիս տեսնում են:

-Բա ի՞նչ եք անում, երբ կրակում են,- անհանգստացած հարցրեցի:

-Իջնում ենք չուլան ու նստում, սպասում ենք մինչև վերջանա:

-Օրինակ էրեկ իրիկուն, հենց մութն ընկավ, գյուլեքը սկսեցին կարմիր -կարմիր անցնել,- միջամտեց աղջիկներից մեկը, — ու հալամուլան հարամ արեց, մամաս կանչեց տուն…

Խոսում էի ու մտածում՝ մենք՝ երևանաբնակներս, չպետք է բողոքենք մեր ապրուստից… Այս երեխաներն ամեն օր ապրում են, խաղում վախը սրտներում, պայքարում ամեն բացվող օրվա խաղաղ արշալույսի համար, իսկ մենք, մեր երեխաներն ինչ ենք անում…

Երեխաների հետ երկար կխոսեի, իրենց խաղերից ու հետաքրքրություններից, եթե կողքի վարունգի դաշտից Միքայելի մաման ձայն չտար: Երեխաներին թողեցի ու մոտեցա տիկին Վարսիկին, ուզում էի հետը զրուցել, բայց չկարողացա. Չակորի (հնդկական սերիալ) կրկնության ժամն էր, ինքն էլ երեկ չէր նայել հերթական սերիան, շուկայից ուշ էր վերադարձել: Երեխաներին կանչեց ու հետը տարավ…

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների