ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 9-ՐԴ

ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 9-ՐԴ

-Չէ էլի, չար եմ, հո զոռով չի։ Էսքան մարդու մեջ մենակ ես հաշվի չէի առել «Էլեկտրական սարքավորումներն անջատել և ամրագոտիները կապել» հայտարարությունը։ Ուղեկցորդուհին այսօր լավ կլիներ կրկնակի վճարվեր, դժվար ուղևոր ունենալն ինքս լավ գիտեմ, թե ինչ է։
Վայրեջքի ենք գնում , «ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜»…

-Հայկո, մի կապտի, էս ռուսները գիտե՞ս ինչ հմուտ են… հավատա, չես զգալու ոնց իջանք,- արդեն Հայկոյին խառնել եմ տղաներիս հետ, խորհուրդներ եմ տալիս։ Լավ է տեղ ենք հասնում, թե չէ կարող է թրաշի, թեթև հագնվելու ու եղունգ կրծելու վրա էլ խոսայի։

-Չէ, ուղղակի պատմական մոմենտ է… Մոսկվա, Շերեմետևո… լուրջ, հավատալու բան չի։ Երանի դուրս թողնեին։

-Որ թողնեին ինչ, մեկ է չէիր հասցնելու, մի ժամից Մոսկվա-Երևանի մեջ պիտի լինենք ախր:
Նկարագրածս վայրեջքը հաստատեցին օդաչուները, չիմացանք ոնց իջանք, միայն զգացինք, որ օդանավն արդեն վազում է և բոլորը ծափահարում են։ Աչքերս ինչու թրջվեցին, այ մարդ, ինչ ձևեր են սրանք, մտածում եմ ու հիշում, որ ինձ երկու բան է լացացնում միշտ։ Անարդարությունն ու կատարելությունը։ Իսկ Աերոֆլոտի թռիչքն ու վայրէջքը կատարելություն են հաստա՛տ։

Մոսկվան…իրոք ափսոս, որ չեմ տեսնելու հիշողությանս մեջ մխրճված այդ քաղաքը։
…1989 թվականի աշունն էր։ Մոսկվան այդ օրերին շատ գորշ էր։ Մերձմոսկովյան մի շենքում հազիվ ծանոթով-բարեկամով երկու սենյականոց հարկաբաժին գտանք ու տեղավորվեցինք։ Սկզբից միայն մեր ընտանիքն էր։ Մորաքրոջս ընտանիքը տեղ չգտնելով նույնպես կարճ ժամանակ անց տեղավորվեց մեզ մոտ ու սկսվեցին մեր կյանքի մոսկովյան արկածները։ Երկու բազմանդամ ընտանիք՝ բեռ ու բարձով, հետն էլ ում մտքով անցնում էր մեզ ճանապարհելու գար, գալիս էր։ Տնից հեռանալու ամենահավոր փորձությունը Մոսկվայում հաղթահարեցինք։ 4 ամիս սարսափելի դժվար պայմաններում սպասեցինք մեր թղթերի վերջնական հաստատմանը և ստանալուն պես օդանավի տոմսերը գնեցինք։ Այնպիսի դժվարություններ ենք հաղթահարել այդ օրերին, որ ոչ մի բան այլևս չէր վախեցնում մեզ։ Հետո պարզվեց, որ ամենադժվարը դեռ առջևում է։ Հիմա որ հիշում եմ, մտածում եմ՝ երբեք չէի անի, եթե երկրորդ անգամ հնարավոր լինել ծնվել։

Որքան մոտենում եմ, այնքան նոր ուժ է հավաքում հիշողությունս։ Տեսնես Չիլոն կա՞, մեր անմահ Չիլոն։ Ուզում եմ դպրոցս գնալ, բայց տեսնես կարողանալու՞ եմ ուժ գտնել…
…Սաքոյի պապան քաղաքում չի, գնանք իրենց տուն… ու մի ամբողջ 10 -ի «Ա» հանդգնաբար, մեր սարսափ Չիլոյի ու նրա ստվեր Մխոյի աչքի առաջ, ուղղակի վազելով դուրս է վազում դպրոցից։ Մեր պահակը, որ մեկ ոտքի փոխարեն ծառից կտրած ու մի փոքր մշակված փայտով է քայլում, հիմա ամբողջ ուժով վազում է մեր ետևից ու աշխարհի հայհոյանքներն է շաղ տալիս։ Չիլոյի աչքի առա՞ջ…

Չիլոն մեր դպրոցի դիրեկտորն էր, միաժամանակ մեր դասարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը։ Չիլինգարյան Վաղինակ, երկրորդ համաշխահայինի վետերան, շատ ազդեցիկ արտաքինով ու չափազանց խիստ էությամբ՝ Չիլոն։ Նա ամբողջ մեր թաղի ահ ու սարսափն էր։ Անգամ թաղը նայող, վաղուց դպրոցը ավարտած, պապա, ձյաձյա, Քերոբ, հոպար դարձած հեղինակությունները, կքանստած տեղներից ցատկում, զգաստանում, նոր էին բարևում Չիլոյին։

Չիլոն Հիտլերի ազդեցության տակ ձևավորված էություն էր, վկա՝ ամբողջ 64-ը։ Հեգնանքի թագավորությունում էր ծնվել, եթե իհարկե հենց ինքը՝ թագավորը չէր։ Չիլոն մի ամբողջ սերնդի «բոբո-ձյաձյան» էր։ Նույնիսկ փոքրերին նրա անունով էին սաստում մեր թաղում։ «Հարութի՛կ, քնի, Չիլոն կգա» ու Հարութիկը քնում էր։ «Մուրադի՛կ, էլ Սոֆիի հետ բժիշկ-բժիշկ չխաղաս, Չիլոյին կասեմ»… ու Մուրադիկը Մուրադ դարձավ, բայց բժիշկ՝ երբեք…Չիլոն անվերջ էր ու մինչև երեք գլխանի հրեշի բոլոր գլուխները չկտրեինք, երեք սրտերը չհանեինք, չտանեինք երեք աշխարհ այն կողմ երրորդ հարկի «օբշի» բալկոնում չվառեինք, ինքը չէր գնալու մեզանից… Ասում են Չիլոյի անունով թուղթ ու գիր կա, հատուկ դպրոցների վրա են անում… ու էս Չիլոյի աչքի առաջ մի ամբողջ դասարան է փախչում՝ Սաքոյի պապայի կիսապատրաստ, դեռ թելից կախված բաստուրմաները համտես անելու։ Առավոտյան դպրոցում պարետային ժամ կհայտարարվի, դպրոց կկանչվեն բոլոր փախչողների մամա-պապաները ու Չիլոյի թուք ու մուրն անուշ կանեն… իսկ այդ ընթացքում ամբողջ դասարանի ամենանվիրական երազանքը կլինի երկու «կոմունիստներին» մի լավ դաս տալը։ Մեր և բոլորիս դասարանների գերազանցիկները, որ միշտ լինում են յուրաքանչյուրիս կյանքում…
Խաղաղ, գեղեցիկ ժամանակներ, թե ինչու՞ արտագաղթը ժանտախտ դարձած սկսեց լափել մեզ, ինչու՞ հանկարծ որոշվեց հեռանալ տնից, ու՞մ «պայծառ» միտքն էր սա…

-Նունե՛ իջնում ենք, արթնացի…
-Քնած չեմ, Հայկո ջան, քնած չէի, բայց երազ տեսա… Հայկո, սիրտս բաստուրմա է ուզում, հեսա հասնենք Երևան, մի կուշտ ուտելու եմ, վեջս էլ չի հոտը,-
-Լա՜վ չես հա՞,- լրջացել է Հայկոն…
-Ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ գնում,

Եվ գիշերը և ցերեկը այս օտար երկրում:
-Ի՞նչ երգ է, կարծես մուլտֆիլմի երգ լինի,
-Հա էլի, պինգվինի երգն է, Հայկո , օտար երկրում կորած պինգվինի երգն է։ Լավ էլ տեղ գտա չէ՞ երգելու…

Ինքնաթիռից փորձում ենք դուրս գալ, խառնաշփոթ վիճակ, իմ երգելն է բռնել։ Ախ եթե միայն ինձ տրված լիներ որտեղ ինչ անելու, ում մոտ ինչ խոսալու, թաց տեղ չպառկելու, ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում լինելու շնորքը… Հա էլի, պինգվինի երգն է… իմ ճանաչած առաջին էմիգրանտի։ Երևի մի բան կապում է մեզ դեռ մանկապարտեզի հանդեսներից սկսած, երբ պինգվինը միշտ ես էի… օ, համ էլ սև ու սպիտակ հագուստ ու ցուրտ եմ սիրում…
Ու երգը արդեն մտքումս անընդհատ պտտելով առաջ եմ շարժվում, Հայկոյից չբաժանվելու մեծ հույսով։

Մեր «տուրիստ ախպերը» մեզանից մի քանի քայլ առաջ, ինչ որ բարկության նշաններ ցույց տալով, փորձում է դուրս գալ ինքնաթիռից։ Երևի շոգին այլևս չի դիմանում, չնայած մինչև վերջ կոստյումը չհանեց։ Կոստյումն էր, որ գեղեցկացրել էր մեր ախպորը հաստատ։ Մեկ է, ես քո հետ խռով եմ։ Ես՝ չուզող, չկամեցողս, որ գերազանց հասկանում եմ, թե ինչի է նմանվելու քո «կոստյումավոր» կյանքը մեր ամերիկաներում ու չուզեցի, չկամեցա քեզ բանջարեղեն վաճառելու մեքենա քշելուց կամ խանութում տոպրակ լցնելուց տեսնել։ Լավ, տեսած մարդ ես երևում, վստահ եմ, վատ չես ապրում Հայաստանում։ Տուն, մեքենա, աշխատանք… ամբողջը ունես։ Լեզուն՝ քոնն է, երկիրը նույնպես։ Դու այս տարիքից հետո լեզու սովորել, մասնագիտություն ընտրել… կամ գոնե փող աշխատել Ամերիկայում, պատկերացնու՞մ ես ինչ է։ Մեզ կյանքը շատ փորձությունների ենթարկեց։ Մեր արքա տղամարդիկ, որ Հայաստանում ոչ մի անարժան համարվող գործ չէին անում, Լոսերում մինչև անգամ աղբ հավաքելու գործ չէին գտնում լեզվի պատճառով։ Էլ չասեմ իրենց կանանց Հայաստանում տնից դուրս չթողած, տաքսի ու տրանսպորտ չնստացրած, մենակ տեղ չուղարկող տղամարդիկ, ուզած-չուզած ոնց հարմարվեցին կնոջ աշխատելու մտքի հետ։ Սովորած, ավարտած աղջիկներ, որ ստիպված էին Դաուն թաունի ոսկերչական բիզնեսնեում, խանութներում, հացի փուռերում ու կարի բիզնեսներում մի քանի սենթով աշխատել, էն էլ անգրագետ, անուսում բազազ Արտեմների ու բազազուհի Արտեմիսների համար։ Ախ այդ բոսուհիները, որ սև գիպյուռից բլուզկեքով, ֆերիչիտա յուբկեքով, մինչև ուսերը հասնող կախովի ականջողերով, Աքյուրա Լեգենդը տակը, քաղցր դուխին վրեն… «Անփոխարինելի մարդ չկա», քայլվածքով, դիմացինին տրորելու, իջացնելու մեծ ախորժակով։ Օրենքի երկիր էիք եկել չէ՞… բա էտ օրենքը ինչու՞ մի օր ձեզ չպաշտպանեց։ Բա պահանջեիք, օվերթայմ, բժշկական ապահովագրություն, ընդմիջում… լավ, իրար հետ խոսայիք օվերլոգի մեքենան 12 ժամ քշելուց… լավ էլ անգլերեն սովորեցիք, բա՜չէ… դեռ լավ է հայերենը չմոռացաք։ Վարձ, բիլ, մեքենա, ուտել էր պետք չէ՞։ Հայաստանում ցուրտ ու մութ էր, օգնել էր պետք հարազատներին չէ՞… Սա դեռ օրենքով էկածները։ Բա նրանք, որ անօրինական եկան՝ մնացին։ Ինչ ընտանիքներ քանդվեցին, տարիներով երեխաների ու ընտանիքի կարոտը սրտում, սրա-նրա տուն մաքրելով, հիվանդ խնամելով դատապաշտպան են պահել շատերը։ Դրանց ուզած գումարներն էլ իրենց քաշից ծանր։ Մի թուղթ թարգմանելու, մի նամակ կարդալու համար, մի օրական աշխատավարձդ հերիք չէր…

Նոր նոր էկել էինք , հազիվ տեղավորվել, պապայիս իր մանկության ընկերոջ կահույք պատրաստող բիզնեսում գործ դասավորեցին։ Էս ընկերոջը երկու անգամ Հայաստանում տեսել էի արդեն, կնոջ հետ տուրիստ էին գալիս։ Մազերը սովորականից մի քիչ երկարացրած, մատերին երկու մեծ, ոսկեգույն մատանիներ, ձեռքին ոսկեգույն շղթա, մեծ, փայլուն քարերով ժամացույց, վզին էլ անսովոր մեծության ոսկեգույն խաչ։ Ծաղկավոր վերնաշապիկ, վարդագույն շալվարով «տուրիստ- տուրիստ» խաղի տղեն էր ինքը։ Մի խոսքով պապաս շատ ուրախացած ու ոգևորված առավոտյան 7 ին գործի գնաց՝ կեսօրվա 12 ի կողմերը ետ եկավ։ Հիշում եմ, որ դա պապայիս, կյանքից կերած ապտակներից ամենադաղողը դուրս էկավ։ Ինքը մինչև կյանքի վերջ էլ չհասկացավ, թե ինչից է օտարանում իրար հետ ցեխ ու ջրի մեջ մեծացած, սար ու ձորի մեջ խաղացած, մի ափսեից կերակրված ու իրար մամաներից հավասար քոթակ կերած մանկության ընկերը… բա՞, դիս իզ ամերիկա, եղբայրս, կամ ուտում ես, կամ քեզ են ուտում։
Էտ եմ ասում, որ դու մեր արևի տակ դժվար դիմանաս, պանդխտությունը միայն ֆիզիկական ու հոգեբանական տանջանքը չի։ Պանդխտությունը բարոյական հարված է նաև, որից ողջ-ողջ մահանում են ու որից ես սարսափելի վախենում եմ։ Դու՝ քո խելքը (մամայիս բառադարանից), ոնց գիտես, էդպես էլ արա։ Կարևորը, որ ես քեզ չքաջալերեցի…
Հաջողություն քեզ, եղբայր։

Սպասասրահում հազիվ հասցրեցինք սուրճ խմել ու ինքնաթիռ տանող հերթի մեջ խառնվեցինք ռուսաստանաբնակ հայերի հետ։ Հիմնականում տղամարդիկ են, միջին տարիքի։ Մեկը, որ դիմացս է կանգնած, ձեռքի տոպրակում փափուկ արջուկ է երևում։ Փոքրիկ ունի հաստատ, նվեր է գնել։ Մեկի մոտ երկու անանաս նկատեցի ու մի տեսակ սրտնեղեցի… որոշեցի հեռախոսիցս բացի ոչինչ չտեսնել։ Խեղդվում եմ բայց, չգիտեմ որտեղից հարազատության մի զգացում է մտել սիրտս, ուզում եմ էս մարդկանց բոլորին գրկել… Փոքրիկ մի աղջիկ մոր հոգին հանում է տզտզալով, պիցցա է ուզում էս հերթի մեջ։ Իրար շատ նման են բոլորը, շատ ընդհանուր բան ունեն։ Կես խոսքից հասկանում են իրար, խոսում, կատակում։ Ես բոլորին ժպտում եմ ու բարևում։ Մեկ, երկու, նկատում եմ, որ չեն պատասխանում, ընկերական չեն մի տեսակ… կամ ամաչում են, կամ դեռ մեր առաջվա սովորությունն ամեն դեպքում պահպանվել է ՝ անծանոթին էրես չտալ։ Հայկոն խելոք կանգնած շուրջն է զննում։ «Չհիասթափվի սրանց վերաբերմունքից այ մարդ»,- մտածում եմ ու միանգամից որոշում Հայկոյի կողքին ով էլ լինի, տեղը խնդրեմ փոխել ինձ հետ։ Ինքնաթիռում միանգամից հաջողվեց Հայկոյին հարևան գնալ կրկին։ Տեղավորվեցի ու այստեղ արդեն փորձում եմ ոչ մի բառ չվրիպել։ Ավելի շուտ չեմ խոսում, որ Հայկոն էլ չպատասխանի… մի տեսակ ամաչում եմ, որ ես Ամերիկայում «ուրախ, ապահով, անհոգ, հարուստ» ապրում եմ, իսկ մեր հարազատները…
Ինքնաթիռում աղմուկ է։ Մեզ հատուկ աղմուկ։ Տնական խոսակցություններ, սոցիալական հարցեր։ Մի կերած խմած կին քաղաքական մեկնաբանություններ է անում, ամեն նախադասության վերջում էլ Սերժին թաղում է։ Մի ուրիշ ընտանիք հարսանիքի է գնում Դիլիջան։ Երկու տղաներ տուն են գնում, ախպոր էրեխու կնունքին…

…Ես էլ, դու էլ, որոշել էինք երբևէ չվերադառնալ։ Դու կարողացար խոստումդ կատարել ու հաստատ այլևս այն չես խախտի։ Ես չէ, քեռիս երկար աշխատեց այս հարցում ու հաղթեց։ Իմ ու քո պատճառները շատ տարբեր էին իրարից ու աշխարհում միայն երկուսիս էին հայտնի… Քո անունը ես չեմ գրելու, արևս։ Քո անունը աշխարհի ամենալավ անունն է, բայց չեմ գրելու։ Հեռու հեռու Ամերիկաներում դու ինձ հեռու հեռվից զգացիր ու ոչինչ չխնայեցիր, որ մոտենանք։ Հիշու՞մ ես, մի օր պաղպաղակի փող դուրս չեկավ գրպաններիցս, բայց քո տարեդարձին ստացածդ 100 դոլարը պահեցիր, հա հա պահեցիր։ Մանկական հիվանդանոցի պատուհանից մի փոքրիկ աղջիկ էիր տեսել խուզած գլխով… նրա ու կողքի էրեխեքի համար պիցցա պատվիրեցիր էտ 100 դոլարով…

Գիշերվա կեսին հնչում է հեռախոսս, գիտեմ, որ դու ես ու գիտեմ ինչ ես ասելու. «Նուն, որ հենց հիմա չխոսանք, կարող է չլուսացնեմ»…
«Նուն, խոսանք, որ լուսացնեմ»… Կրկին ու կրկին… տարիներ… Ու խոսում էինք , գիշերներ, խոսում էինք անվերջ, խոսում էինք մեր մանկության, մեր դպրոցական արկածների, մեր ետևում մնացած հրաշք մի երկրի մասին։ Մի երկիր, որ իմ ու քո առաջին ու վերջին սերն էր, որ ինձ ու քեզ երջանիկ մանկություն էր պարգևել։ Երկիր, որի երկինքը տանիք էր մեզ համար ու որի ճամփաները կարծես միայն ներս էին բերում։ Էտ ո՞նց մեզ դուրս տարան այդ ճամփաները, ինչու՞ ախր… Խոսում էինք մեր կյանքերի, մեր սղված տարիների ու կարոտների մասին… Դու իմ բոլոր ընկերներին անուններով անգամ գիտեիր, ես քո։ Երբեք չտեսած, չծանոթացած մեր ընկերներին իրար պատմելով գիտեինք տաս մատի պես։ Ապրում էինք Լոսում, ամբողջ գիշեր «Երևանում» ապրելով։ «Նուն, ես էլ երբեք Հայաստանը չեմ տեսնելու, ես երջանիկ չեմ ու էլ երբեք չեմ լինելու»…

Գիտեմ, արևս, գիտեմ։ Չդիմացար ու շա՜տ ափսոս… Չզանգեցիր ինձ այդ գիշեր, ուղղակի վերցրիր ու չզանգեցիր…
Գիտես չէ՞ ինչու էլի հիշեցի քեզ… էս փոքրիկ աղջիկն ու պիցցան, էս ինքնաթիռն ու ներքևում արդեն երևացող գիշերային լույսերի մեջ ողողված Հայաստանը…
…Բա ես ուժեղ էի, էս ինչ թիթիզ ձևեր են, լացելս որն է… նորից վիճում եմ արցունքներիս հետ… հիմա էլ հո անարդարություն ու կատարելություն չկա… էս ինչն է արցունքներ բերում աչքերիցս ու վախով մտածել տալիս կպցրած թարթիչներիս ու սև առվակներով Երևան իջնելուս մասին։

-Մեր օդանավը վայրեջք է կատարում Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում..
Այն Հայաստանի, որ մեզ չթողեց հանգիստ ապրենք։ Այն Հայաստանի, որի սիրո գերին ենք ես էլ, դու էլ, Արայիկն էլ, Սաթենիկն էլ, Լուսինեն էլ… Այն Հայաստանի, առանց որի միշտ թերի է եղել երջանկության զգացումը և քանի դեռ սիրում ենք իրեն, չենք կարողանալու ուրախ, ազատ և լիակատար զգալ…

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների