Երբ լուսանկարչությունը դառնում է կենսակերպ

Երբ լուսանկարչությունը դառնում է կենսակերպ

Լուսանկարիչ Աշոտ Ասլիկյանը դեռ վաղ տարիքից է սկսել լուսանկարչությամբ զբաղվել, բայց լուրջ ձեռքբերումներ ունեցել է վերջին երկու տարվա ընթացքում:  Ունենալով առաջարկներ արտերկրից, երիտասարդ լուսանկարիչը մերժել է, համոզված լինելով, որ սեփական երկրում էլ կարելի է հաջողության հասնել:Աշոտը նպատակներ ու ծրագրեր էլ ունի, որին վստահ է կհասնի միայն մեծ պատասխանատվության և ջանասիրաբար աշխատելու շնորհիվ:    Նրա հետ զրուցել ենք                                                                                                                     լուսանկարչության նորաձև  լինելու, դաշտում եղած մրցակցության, ոգեշնչող ու մոտիվացնող մարդկանց, սիրող մարդու միմիկայի անսահման գեղեցկության, արտերկրից ունեցած առաջարկներից մինչև արտագաղթող դասալիքների մասին։

-Աշոտ, կհիշես, թե ե՞րբ առաջին անգամ լուսանկարչական ապարատը վերցրիր ձեռքդ և սկսեցիր նկարել։                                                                                                                                                             -Իրականում ապարատը ձեռքս վերցրել եմ, երբ 13 տարեկան էի և եթե անկեղծ, մտածել եմ, որ դա և ես երբեք կապ,առնչություն ունենալ չենք կարող։ Մի քանի տարի դադարից հետո,ես անսպասելիորեն ստանում եմ նվեր՝ պրոֆեսիոնալ ապարատ, որն այդ տարիներին Հայաստանում քչերն ունեին։ Սկսեցի նկարել այն ինչ շարժվում էր և չէր շարժվում։ Սկսեցի պատկերացնել ու նոր նկարել,  հասկացա, որ պատկերացնել այնուհետև նոր նկարելն ավելի արդյուավետ է դարձնում աշխատանքդ։ Իհարկե դեռ այն մասնագիտական փորձը չունեմ և դեռ չեմ հասել այն մակարդակին, որպեսզի խորհուրդ տամ այս ոլորտով հետաքրքրվող-զբաղվողներին, բայց այդուամենայնիվ ասել կարող եմ, երբ նկարելուց առաջ պատկերացնում ես, թե ինչ ես դու ուզում ստանալ այդ կերպարից, երևույթից, թե ինչ է քեզ պետք, այսպես աշխատանքդ դառնում է լիարժեք, արդյունքն ավելի մեծ է լինում։ Ինձ համար սա է ֆոտոգրաֆի լեզուն։

-Ասացիր, որ պետք է պատկերացնել նոր նկարել։Այս ոլորտում պատկերացրածը չստանալը չի՞  խանգարում, չի՞ դժվարեցնում աշխատանքը։

-Իմ դեպքում,անհամեստություն չլինի,բայց ես ցանկացած բանից ստանում եմ այն,ինչ ինձ պետք է։Ամեն մարդուց կարելի է վերցնել, քաղել այն,ինչը քեզ հարկավոր է,սա արդեն մի փոքր հոգեբանական գործոն է, ինչն ինձ մոտ կարելի է ասել ստացվում է։ Բնականաբար ծաղիկից ստանալ այն, ինչը ծաղիկը չի կարող տալ, չեմ էլ կարող ուզել, այս դեպքում ես եմ հարմարվում, բայց օրինակ մոդելից ստանալ էն,ինչ նա կարող է տալ,  բայց չի ուզում, նման բան չի լինում, քանի որ այս աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն և սա է բերում սպասելի արդյունքը, սա է ամենաարդյունավետ տարբերակը։

-Աշոտ Ասլիկյանին ամենից շատ դուր է գալիս նկարել մարդկանց, երևույթներ, կենդանիներ, գուցե՞ այլ մի բան։

-Աշոտ Ասլիկյանին դուր է գալիս նկարել մարդկանց էմոցիան, ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ տվյալ պահին ապրած զգացողությունները, ինչն արտահայտվում է միմիկայով։ Չնայած ասեմ, որ շատ դժվար է գտնել, ֆիքսել հենց այդ կադրերը, սա հսկայածավալ ջանք ու աշխատանք է պահանջում։ Ինձ համար ամենասիրուն բանը սիրող մարդու,ավելի ճիշտ կլինի ասել աղջկա միմիկան, էմոցիան նկարելն է։ Անսահման սիրուն մի բան, սրանից սիրուն երևույթ կարծում եմ չկա, ես դեռ չեմ հանդիպել։

-Նշեցիր,որ քեզ համար սիրող մարդու էմոցիան ֆիքսելը անսահման սիրուն երևույթ է, իսկ այդ էմոցիան ապրելը՞:

-Իհարկե շատ հիանալի և երջանկացնող զգացմունք է, այո ես սիրել եմ,  զգացել եմ այդ էմոցիան, ցավոք ներկա պահին չեմ զգում այդ զգացողությունը, բայց վստահ եմ, որ կգա այդ օրը։

-Այսօր ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես լուսանկարչությունը դարձել է նորաձև, հետևաբար մեծ է նաև մրցակցությունը։ Այս առումով մտավախություն չկա՞։

-Այո,  բնականաբար ամեն ոլորտում էլ կա մրցակցություն, մի տեղ քիչ, մյուսում շատ, բայց կա, ինչը լավ է և օգնում է ճանաչել ինքդ քո հնարավորությունները, բացահայտել ներսումդ եղածը, կարծում եմ, որ միայն շատ աշխատելով,սովորածը կիրառելով է հնարավոր հասնել այն արդյունքին,որի համար էլ ընտրել ես հենց այդ ճանապարհը։

-Ինչը՞ կամ ո՞վ կարող է ոգեշնչել քեզ և որքանո՞վ է կարևոր ունենալ ոգեշնչման աղբյուր։

-Իհարկե կարևոր է ցանկացած աշխատանքում ունենալ ոգեշնչող մի բան, ոչնչից չոգեշնչվող մարդը ինձ համար անհետաքրքիր է,  ավելին՝ անհասկանալի։ Ես ոգեշնվում եմ լսելով իմ սիրելի երաժշտությունը,առանց երաժշտության իմ կյանքը,կենցաղը չեմ պատկերացնում։ Ասեմ ավելին առաջին ստացված նկարս արել եմ երաժշտության տակ։ Առհասարակ ամեն լավ բան ստացվում է երաժշտության տակ։

-Աշոտ ոգեշնչվում ես սիրելի երաժշտությամբ, իսկ կա՞ն մարդիկ, ովքեր ուղղորդում են, ուժ են տալիս և դառնում մոտիվացնողներ։

-Այո կան այդպիսի մարդիկ, որոնց շնորհակալ եմ իրենց լինելու համար։ Տատիկս և քույրս ինձ միշտ ուղղորդել են իրենց խորհուրդներով, առաջ են մղել, ստիպել են անել ավելին և այո դարձել են մոտիվացնողներ։

-Մի առիթով ասել ես,որ հայրենիքը սիրելու համար պետք է չլքել այն։ Ինչը կաո՞ղ է քեզ ստիպել լքել հայրենիքը։

-Ինձ համար մեր օրերում արտագաղթող մարդիկ դասալիքներ են, որովհետև նրանց մեջ կան շատ մարդիկ, ովքեր կարողանում են ապրել, օրվա հացը վաստակել այստեղ և ցավալի է,որ նրանք նույնպես գնում են,չհասկանալով, որ երկիրը մնումա անտեր, բողոքում են կառավարությունից թողնելով իրենց երկիրը հենց նույն կառավարության ձեռքերում։ Ուզում եմ, որ քաղաքացին փորձի տալ օգուտ իր պետությանը և լինի պահանջատեր։

-Դու փորձու՞մ ես։

-Ես դեռ մեծ օգուտ չեմ տվել, բայց ունենալով հնարավորություններ արտերկրում ապրելու մի քանի առաջարկ,հնարավորություն, չեմ մտածել և չեմ ցանկացել գնալ։ Վստահ եմ, որ կգա օրը, երբ ես էլ իրավունք կունենամ լինել պահանջատեր:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների