Քաղաք, որտեղից չեն արտագաղթում

Քաղաք, որտեղից չեն արտագաղթում

Հայաստանի հարավային դարպասների երկայնքով արդեն շուրջ 67 տարի բազմել է երկրի ամենատաք քաղաքը` Ագարակը: Մարդիկ այստեղ կլիմայի նման ջերմ են, հյուրընկալ: Ագարակն ունի գրեթե 4500 բնակիչ, թվում է, թե այնքան էլ փոքր ցուցանիշ չէ, սակայն արի ու տես, որ այստեղ բոլորը բոլորին ճանաչում են: Ագարակը Հայաստանի այն բացառիկ քաղաքներից է, որտեղ արտագաղթն ու խոպանը հեռուստացույցից լսած բառեր են, փոխարենը այստեղ շատ են այլ մարզերից ապաստանած ՀՀ քաղաքացիները:

Ամռան ամիսներին քաղաքի տապն ի զորու չի ցուցադրել անգամ ջերմաստիճանի սնդիկը: Մայր Արաքսի հրաշափայլ տեսքով զմայլվողներն այստեղ քիչ են, Արաքսը մերն է, սակայն այն կարողանում ենք վայելել միայն փշալարերից այն կողմ, սրտնեղում են տեղացիները: Ագարակի փողոցներում օրը սկսում է շատ ավելի վաղ, քան որևէ այլ քաղաքում: Առավոտ կանուխ արդեն բակից լսելի է երեխաների ուրախ քրքիջը, այստեղ դեռ կարելի է տեսնել բակում բազմազան խաղեր խաղացով երեխաների: Երեխաների ուրախությունը կարճ է տևում, Ագարակում ընտանիքի գրեթե բոլոր անդամներն աշխատանք ունեն, իսկ դա նշանակում է, որ նրանց մանկապարտեզ գնալու ժամանակն է: Առավոտյան ժամը յոթն է. պետք չէ նայել ժամացույցին ժամը հաստատելու համար, ցանզի բակերում ճիշտ ժամանակին կանգնած են աշխատողներին Կոմբինատ, Կարիեր, Ֆաբրիկա (ինչպես իրենք են նշում) տեղափոխող ավտոբուսները:

Ցերեկվա ամենակիզիչ արևն արդեն սարսափելի չէ. Ագարակում լռություն է, բոլորը զբաղված են իրենց գործերով: Բոլորը, բացի իրենց տարիների վաստակած հանգիստը վայելող Ագարակի տարեցներից: Ովքեր թէև չեն աշխատում, սակայն նրանց վրա ավելի մեծ պատասխանատվություն կա, մշակել ու հետևել Ագարակում աճող ամենաքաղցր ու մեղրածոր մրգերին: Երեկոյան արդեն բոլորը դրսում են, խումբ խումբ հավաքված կանայք, թղթախաղ խաղացող տղամարդիկ ու անթիվ անհամար երեխաներ:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների