Ամենաարդյունավետ ներդրումը մարդկային կապիտալում կատարված ներդրումն է

Ամենաարդյունավետ ներդրումը մարդկային կապիտալում կատարված ներդրումն է

Մարդկային ներուժի զարգացման կարևորագույն խնդիրը կրթության մակարդակն է, որը բնութագրվում է չափահասների գրագիտությամբ՝ ձեռք բերված տարրական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Կրթությունը մարդու անձի ձևավորման ու զարգացման, գիտելիքների հաղորդման, կարողությունների ու հմտությունների մշակման, անցյալի փորձի յուրացման գործընթաց է: Մեր օրերում՝ գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում, առավելագույնս կարևորվում է կրթության դերը Համաշխարհային տնտեսության զարգացման գործնթացում: Արդի աշխարհի առաջընթացը պայմանավորված է գլխավորապես գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ: Կրթությունը չպետք է թերագնահատել, քանզի հենց կրթությունն է հանդիսանում այն արգասիքը, որտեղ կարելի է ներդնել գումարներ: Դա հատկապես տեղին է հիմա` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Իզուր չի ասվում, որ ամենաարդյունավետ ներդրումը մարդկային կապիտալում կատարված ներդրումն է: Այսօր մեր իրականության մեջ քիչ չեն այն օլիգարխները, ովքեր փայլում են իրենց անգրագիտությամբ ու արժանանում մեծից փոքր բոլորի քննադատությանը, հիմա հարց է առաջանում միթե՞ մենք ցանկանում ենք մեր երեխաները նմանվեն այդ օլիգարխներին, ոչ, և հազար անգամ, ոչ: Ինչի ենք հարուստ բառի կողքին անպայմանորեն  կցում նաև անգրագետ բառը, չէ որ մենք ունենք նաև Ռուբեն Վարդանյանի օրինակը, որ կարելի է լինել հարուստ և կիրթ: Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդիպեցի գրառում, որտեղ բացահայտ քարոզվում է մի պատանու, ով դպրոց հաճախելուն զուգահեռ, իր պատանեկությունը վայելելու փոխարեն, զբաղվում է մանր առևտրով: Ես իհարկե դեմ չեմ, որ պատանիներն իրենց ինքնուրույնությունը ձեռք բերեն դեռ փոքր տարիքից, բայց միթե արդարացված է դպրոց գնալը, փոխարինել չարչիությամբ (առևտրականներին բնավ միտում չունեմ վիրավորելու): 16 տարեկան պատանին պետք է մտածի դպրոց հաճախելու, բարձրագույն կրթություն ստանալու և հետագայում իր երազած աշխատանքն ունենալու մասին, չէ որ ցանկացած լավ կրթությամբ կկարողանաս բարեկեցիկ ապրել ու ետ վերադարձնել կրթությանդ վրա ծախսած գումարներդ:  Չէ որ կրթված մարդը նույն բիզնես գործունեությունը կիրականացնի ավելի գրագետ ու կհասնի ավելի մեծ հաջողությունների։ ԵՎ հիմա, երբ հետեւողական քարոզվում է կրթության անպիտանելիությունը, թեկուզ ոչ միտումնավոր, մի՞թե չենք մտածում, որ մեկ այլ դպրոցականի կյանք ենք խորտակելու։ Չմոռանանք, որ ամենակայացած երկրներում կրթություն ստանալը շատ թանկ հաճույք է, կան երկրներ, որտեղ դպրոց ընդունվելու իրավունք ունեն միայն այն աշակետները, որոնց ծնողները բացի ուսման բավականին բարձր վճարը մուծելուց, պարտավորվում են բարեգործություններ անել դպրոցի համար, իսկ մեր երկրում այն տրվում է անվճար, անգամ ԲՈՒՀ-երում կան անվճար տեղեր… 21-րդ դարում պատանիները պետք է մտածեն որակյալ ու կայուն գիտելիքների մասին, գիտելիք, որը հետագայում կդառնա բարեկեցիկ ապագայի միակ ջատագովը…

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների