Ապրել ոչ թե պատրանքով, այլ պատանքով…

Ապրել ոչ թե պատրանքով, այլ պատանքով…

Այն, որ դարավոր և կանոնավոր ռոմանտիկ ազգ ենք, դեռ բացահայտել ու շարադրել է մեծանուն գրող Շահան Նաթալին՝ նշելով, թե որքան ենք սիրում ապրել պատրանքներով, անիրատեսական տեսլականներով, ինչի պատճառով գերազանապես տուժել ենք՝ ինչպես ներքին հարցերում, այնպես էլ՝ արտաքին ասպարեզում և մասնավորապես՝ թուրքերի հետ մեր հարաբերություններում: Սա, ինչպես ասում են, երևույթի ստուգաբանական, հոգեբանա-պատմական լույսի ներքո, իսկ մեր օրերում՝ այդ ամենի վտանգավոր դրսևորումներն ու սրացումները հանգեցրել են համազգային մի մեծ աղետի՝ վստահության սղության կամ բացակայության…

Պատճառահետևանքային չափումներում, իհարկե, կարելի է վերհանել ու սահմանել բազում գործոններ, տևաբար պետականություն չունենալուց, ոչ բարեկամ երկրներով շրջապատված լինելուց մինչև քաղաքացիական հասարակության ոչ լիարժեք ձևավորումը: Մենք սիրում ենք աստվածացնել որևէ գործչի՝ բացառելով նրա սխալականությունն ու նրա թեթևիսկ ֆիասկոյի պարագային ընկնելով հիասթափության դողէրոցքի մեջ: Իրականում մենք չենք վստահում ինքներս մեզ, որովհետև մեր գաղափարախոսությունը կառուցում ենք ոչ թե մեր ներքին համադաշնության վրա, այլ առանձին լիդերի, անհատի: Այսինքն մենք ապավինում ենք վարկածին, քան թիրախավորվում սեփական ուժի հավաստիության վարկածի վրա…

Մենք համատարած անվստահության մթնոլորտի մեջ սկսել ենք կասկածել, վերապահումներ ունենալ անխտիր բոլորի նկատմամբ, բայց ոչ թե՝ մեր: Որովհետև անվստահությունը ոչ թե բնաբուխ իրավունք ենք դարձնում, այլ էգոիզմի դրսևորման պարտավորվածություն: Եթե առկա է կոռուպցիա, կան բազում համակարգային բացթողումներ, դրանք չեն կարող գոյանալ ու գեներացվել ինքնուրույն, առանց մեր մասնակցության: Այսինքն մենք այսպես թե այնպես մասնակից ենք: Նույնիսկ մեր անտարբերությունը մասնակցության ձև է, և միայն ծայրահեղ իրավիճակներում ենք մենք պասիվ մասնակցից դառնում ակտիվ դերակատար: Այս համատեքստում, մեր պետության ու հասարակության մեջ ամենից կայացած դերակատարը, թերևս, հայ զինվորն է, որի սխրանքը ունենում է առանձին իրադարձություններ / վկան նախորդ տարվա ապրիլյան պատերազմը/, բայց համընդհանուր առումով՝ մեկ որակական ու բովանդակային ցուցիչ՝ գաղափարական ու վարքագծային վստահություն: Այսինքն հայ զինվորն ու զինվորականը ապրում է ոչ թե պատրանքով, այլ կենացմահու պատանքով: Եվ սա օրինակների օրինակն է, և սա ընդօրինակման կատարելատիպ է…

Քաղաքացիական ու համապետական տրամաչափով երկրորդ կարևոր ու ակնհայտ դերակատարը Ուսուցիչն է, որ անկախ տարատեսական իրադրություններից, տրանսֆորմացիաներից ու այլ ձևառումներից՝ շարունակում է կոչված լինել ու կենսագործել պետության ու ժողովրդի գլխավոր արժեքի՝ Մարդու գիտակրթական, մշակութաբանական ու համակողմանի զարգացման գործառույթը:

Թեման վերացարկումների մեծ պատեհություն է ընձեռում, բայց կարևորն այստեղ պետք է լինի համազգային խնդիրների գույքագրումն ու քարտեզագրումն է, եթե կամենում ենք տանուլ չտալ մեզ վերապահված քաղաքակրթական դիմակայությունն ու ցանկանում ենք համաշխարհային պատկերագրքում ունենալ մեր ուրույն ՏԵՂն ու ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆը, իբրև պետություն ու հասարակություն, որտեղ առկա է փոխվստահության առողջ մթնոլորտ և որին աշխարհը վերաբերում է որպես վստահելի գործընկերոջ…

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների