ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 7-ՐԴ

ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 7-ՐԴ

17.04.2017 | Լոս Անջելես |

Հեղինակ՝ Նունե Պ. |

Արդեն քանի՞ ժամ անցավ, դեռ օդում ենք։ Ձանձրացած զանգված է օդում, արդեն իրոք անտանելի է դառնում սպասումը։ Շատերը ծանոթացել, շատերն էլ իրար արդեն ճանաչելով դեռ Լոսից են զրուցում, մտերմացել են մի տեսակ։ Սկզբի լարվածությունն անցել է։ Հնարավորինս զբաղվում են։ Ականջս սրել, փորձում եմ հասկանալ, թե ինչ լեզվով են խոսում ետևիս նստած տղամարդն ու երիտասարդ տղան։

— Քեզի հազար անգամ կըսեմ ուժով գոխե, չես հասկնար գոր, ուժով գոխե։ Կցուցունեմ, չես հասկնար, կըսեմ ուժով գոխե սա քաքը

Վայ, էս ինչ էր, մտածում եմ ու հասկանում, ինքնաթիռի մոնիտորի կառավարող սարքի կոճակը վատ է աշխատում, փորձում են միացնել։ Այստեղ են ասել՝ «չգօտեմ, խնդա՞մ թե լամ»։

Չնայած մերոնք էլ մի մաքուր չեն խոսում։ Մեկ մեկ հեռուստացույցով լեզու եմ լսում, որ հաստատ մեր դրսում ծնված կամ ուրիշ երկրներից եկած հայրենակիցներից շատերին հասկանալի չէ։ Այն էլ Հայաստանի հեռուստատեսությունից, «Կոալիցիոն, կոռուպցիա, ամբիցիա, դիպլոմացիա, դիսերտացիա, իմֆորմացիա»։ Կամ՝ «Վերցրամ մե շնորքին շաուր ընդունամ, օդիկոլոն խփամ, փենջակ հագամ, գնացիմ քլաբ մե լավ քեֆ անեմ, ասիմ։ Էն էլ մե յարու հայաստանցի մե կռիվ սարքավ, մե պատերազմ, թե հեր ես նայում ընգերուհուս, արա։ Բաբա խոբ աչք ունեմ, նայում եմ… դրավ՝ քաշավ ուշունցի։ Ինքը ինձ ուշունց տվավ, ես ասամ՝ «ղուրբանդ էթամ», ինքը դրավ էլ մեր ու հեր խառնավ, ես ասամ՝ «ղուրբանդ էթամ»… Էնքան ասամ «Ղուրբանդ էթամ» մինչև սրա քամակը էրվավ։

Այ, ահա պանդխտության ամենատեսանելի պատկերը։ Սրան ուրիշ անուն չես տա, բացի քարուքանդ եղած Հայաստան։

Հայկո, արի մի հատ սելֆի անենք, ի վերջո լավ ընկերներ դարձանք, չեմ դնի Ֆեյսբուկ, էնքան որ հիշատակ մեր պատմական իրադարձությունից։

Նկարվել սիրում եմ։ Առաջ, որ ֆոտոապարատով էինք նկարվում, չէի սիրում։ Դե նկարվի, սպասի թղթի վրա տպեն, հետո լավ-վատ կապ չունի, վճարի, բեր տուն ու… չճղես հանկարծ, չփորձվես (մամաս է, նկարապահպան մամաս)։
Ու դնում է նկարների տուփը դիմացն ու սկսու՜մ.
Մի հատ էս մեկը նայի, Արամ հոպարդ էս տարին մեր դասարանից էր, շատ չար էր…
Մամ, Արամ հոպարը քրոջդ դասարանից չի՞ էղել, Մարո մորքուրենց։
Արամ հոպարդ բոլորի դասարանից էլ էղել է, հա մնում էր նույն դասարանում, պատուհասն էր դպրոցի։
Բա դե ասա, ես էլ մտածում եմ ինչու՞ էր մեր դիրոն ինձ ամեն տեսնելուց խնձորի, ծառի մառի մասին փնթփնթում քթի տակ։
Թե չէ քեռիդ էր խելո՞ք, այ էս նկարի մեջ Համբիկի ամենաեռացած ժամանակներն են։
Վայ մամ, մամ, ես Համբիկին ինչ հիշում եմ, ինքը եռում է, թե չէ հիմա սսկվել է հա՞, ախպերդ է, աչքիդ հրեշտակա թվում…
Արի, արի էս նկարը նայի, քո տասերորդ դասարանի նկարնա։ Դասարանիցդ համարյա տղա չմնաց, այ մարդ, քանի՞ հոգի մահացան։ Բա Գրիգորյանը, լուսահոգին, խեղճը շուտ մեռավ, է, լավերին Աստված շուտա տանում։ Մեր բակի այգուց բերած նստարաննա, մենակ մենք ունեինք։ Ինչ լավն եք ստեղ, դու, Ազոն, Դավիթը, կյանքներս կերաք մինչև մեծացաք, մեծանալուց հետո էլ մի տեսակ, է՜ չգիտե՜մ…
Մամ, ձեռ քաշի, խնդրում եմ, ինչ եմ արել քեզ ախր։ Իմ համար նստած, խելոք զբաղվում եմ, ուր ես դրել քրքրում, տակնուվրա անում այ կնիկ, թող էլի՜
Ճամբարի նկար գտա, արի, դու, Միհրանը, Ազոն։ Ինչ օրեր էին, անցան։ էս նկարը պիտի նայես, չէ չասես ինձ, արի, որ ասում եմ մազերդ գանգուր սազում է, չես լսում։ Գլխիդ մազ չթողեցիր, հարդուկի, հա հարդուկի։ Աչքերդ էլ մուգ քսած սիրուն չի, չես լսում, դու գիտես, դու՝ քո խելքը։
Վայ, Աստված ջան, բա լավ չէին անու՞մ լրտեսները, որ օձիքի մեջ թույնի սրվակ էին պահում։ Մի կտոր թույն ճարե՛ք ժողովուրդ։

Թղթի նկար չեմ սիրում էլի, չե՜մ սի՜րու՜մ։
Մարդ կա հավեսով է վերադառնում անցյալի հիշողություններին, նկար-մկար է նայում, հուշատետր, չգիտեմ ինչ։ Ես՝ չէ, ես անցյալի հիշողությունների հետ շատ հաշտ չեմ, էդպես է ստացվել իմ կյանքը, ուրախներից չէ։ Ավելի վատ հիշողություններ են կապում դասարանիս հետ, քան ուրախ։ Արցախյան պատերազմի սերունդն էր իմը։
Թղթի նկարներ չեմ սիրում, չեմ սի՜րու՜մ…

Ու մտքով վերադառնում եմ Լոս, որտեղ ամեն ինչ այնքա՜ն «գերազանց» է, այնքա՜ն տաղտկալի նաև։ Լոսում կարծես կյանքը դասավորված է մեր իսկ հորինած օրենքների վրա։ Շաբաթ և կիրակի առավոտները 134 երթուղին խցանվում է հայկական մեքենաների շարասյունից։ Forest lawn exit-ից հետո խճուղումը միանգամից վերանում է և հազարավոր գերեզմանների վրա սկսվում են ծխալ խունկն ու մոմը, թարմացվել ծաղիկներն ու Baby oil-ով փայլեցվել քարերը։ Կեսօրից հետո հայերը հեռանում են գերեզմաններից, ետևում թողնելով ծաղկաթմբեր՝ որ շատ ուրախացնում է այնտեղ ապրող եղնիկներին։ Նույն այս մարդկային զանգվածը շտապում է վարսավիրանոցներ, հարդարման սալոններ՝ գեղեցկանալու, երեկոյան «առիթների» համար արդեն։ Ինչ մնաց, որ չնշեցինք, էլ ծնունդ, էլ կնունք, էլ «քաղցր16», էլ ավարտական, էլ, էլ, էլ…Եվ հրավիրում են իրար, մասնակցելու, կիսելու ուրախությունը։ Հրավիրում են, նեղվում ենք. «Այ մարդ զզվանք էլի, էսքան նվերի փող տալ կըլնի՞…» Չեն հրավիրում՝ նեղվում ենք. «Յաաա, բա մե՞զ ինչու չէին կանչել, եթե էսինչը կար, էնինչը կար, մեզ ինչու՞ չէին կանչել»։ Նույն «սուպրայզ փարթիներ»-ը, նույն մոդայի ցուցադրությունները, նույն «Էս շորը էսինչի առիթին եմ հագել, էսօր կարամ հագնեմ, դրանցից մարդ չկա մեկա»-ները։ Նույն ուտելիքը բոլոր ռեստորաններում, գաղութի սիրված երգիչներն ու Դիջեյները։ 10 տարի իրար չտեսած, մի էրկու բաժակից հետո «ախպեր»-ացած ախպերների կենացները։ Իրար վալե կանգառի փողը պատիվ տալն ու կուշտ, պայթած փորով գիշերվա 1-ին «պամիդորով ձվաձեղ» ի պատվերները։ Կանանց դզած-փչած հագուկապը, ծայրը վիրահատությունով սրած, ռուսական կռնոսիկ սարքած քթերն ու Hermes պայուսակները։ Ուշացող ուշացողի, կարծես նվեր կա վերջին եկողի համար, հետն էլ անվերջնալի պարը։ Այս բոլորը հիշելիս, մտածում եմ գերիշխողը ամեն դեպքում ձևականությունն է ու պատկերացնում եմ, եթե ասենք մարդ կարողանար սովորական ջինսով, շապիկով ու ցածր կոշիկներով գնալ ասենք հարսանիք։ Մի ոտքը տակը ծալած, հանգիստ նստեր, առանց քաշվելու՝ ուտեր, խմեր, ելներ հանգիստ, թեթև պարեր, հոգնելիս պատին հենված՝ հատակին նստեր… «վայ ի՜նչ կասեն, վա՜յ, ո՞նց կլինի, ամոթա՜, հո դու խելառ չե՜ս…( վայ մամ, մամ )։ Մի տեսակ ուրախանում եմ, որ մի երկու «առիթից» Հայաստան մեկնելուս հարգելի պատճառով ծլկեցի։

«Կարա՞ս նույն բանը մի քիչ հանգիստ ասես»,- մամաս է էլի, դեռ դաստիարակության պակաս է զգում մոտս։

-Մի բառ չլսած կամ գոռում ես, կամ գլուխդ էտ անտեր ֆեյսբուկից չես բարձրացնում։ Հազար ասեցի մի հատ Գայանին զանգի, Նվարդիկը ավարտել ա, շնորհավորեցի՞ր, չէ՜։ Աստղիկը մեռավ հարցնելով քո մասին, էրեկ տեսար, մի բերան հարցրեցի՞ր ոնց են, չէ՜։ Մարդկությունը էսպես չի, որ մի օր մեռնեմ, դու կորելու ես, էս ինչ տեսակ դուրս եկար դու, այ աղջի։ Շաբաթ Մինասի տղու հարսանիքն ա, բայց քեզ ի՞նչ, գալու՞ ես, իհարկե՝ ոչ։ Բայց չմոռանաս, որ պապան մահացավ, իրանք համ մեր տուն էկան, համ եկեղեցի, համ գերեզմաններ։
«թե ասա ո՞վ էր հրավիրել, թող չգային»-մտքումս ասեցի։
մարդը` մարդով ա, ամոթ ա, հարգանք կա, խաթեր կա, պատիվ կա։

Բոլոր առաքինությունները կրկին սերտում եմ… Շարունակե՞մ լսել, թե արդեն գոռամ, չէ, սպասի, տեսնեմ մինչև կտակարանի որ մասն եմ սերտելու։
-Մի էրկու ժամով գայիր, չնայած հիմա արդեն շոր էլ չունես, իզուր ա խոսալս։
«Չէ բա, էրկու ժամվա համար պիտի նոր շոր առնեի, հա՜յ-հու՜յ, տիկին Գոհար» -մտքումս կռիվ եմ տալիս։

— Լավ, մամ, դու մնացածը պահի մյուս հանդիպման համար, ես էս լրիվ դեռ պիտի սովորեմ, կրկնեմ ու հիշեմ։ Հա, ճիշտ է, այսպիսին եմ ես, բայց ում ես մեղադրում, կարո՞ղ է ուրիշից եմ։ Դեռ փոքր ժամանակվանից ինձ մեղադրում եք «տարբեր» լինելուս համար։ Բա ի՞նչ էիք սպասում, 3 երիտասարդ հորեղբայր ու մի չարաճճի քեռու մեծացրածը չե՞մ։ Տղաների դաստիարակածը էսքան կլինի, հարմարվի։

Ընկա հիշողությունների գիրկը.
«արա, էս էրեխեքին քնցրեք, մի քիչ գլուխներս հանգիստ նստենք, բան հասկանանք»,- հորեղբայրս է, թերթը ձեռքին, ցերեկվանից չի կարողանում հանգիստ կարդալ։ Հասցրել է ինձ մի տաս անգամ հետևից քշել. «Հերիք ա գլխիս հետևը ֆսֆսաս, գնա խաղդ խաղա, անցի էդտեղից…»
-Հոպար, դեռ Վրեմյան չի սկսվել։
-Էսօր էլ չսկսված քնեք։
-Բայց եթե կամպոտ բացեք նկուղից, ինձ կպահես,-պայմանս դնում եմ ու անցնում քնելու։

Քնելու՞, հա, բա ո՜նց։ Մինչև մեշոկ պապին չգա, մինչև հորեղբորս կինը մեզ վախեցնելու համար պատուհանրը չթխթխկացնի, մինչև մամաս մի լավ չկսմթի, չջղայնանա…

Հայաստանում մեր ընտանիքի նմանը չի եղել, գոնե ես չեմ տեսել։ 4 եղբայր մի տան մեջ, հարսներով, կեսուրով, բազում էրեխեքով,,, ոչ մի կռիվ չեմ հիշում։ Ոչ մի բամբասանք չեմ լսել։ Ոչ մի սրտնեղություն, քիթ-մռութ չեմ տեսել։ Երջանիկ ընտանիքում եմ մեծացել, ուրախ, հումորով, հյուրասեր, մարդասեր ընտանիքում։ Հոպարներս մեկը մյուսից հումորով, ընկերասեր, կարդացող տղաներ։ Տատս փնթփնթան, բայց մեծահոգի, գեղեցիկ, հրաշալի մի կին։ Մամայիս ընտանիքը երկու փողոց այն կողմ էր ապրում։ Ամեն առավոտ մորական տատս գալիս էր ու երկու խնամի սկսում էին խռոնիկումը։
Եթե շարունակեինք Հայաստանում ապրել հաստատ դեռ հորեղբայրներս էլ ողջ կլինեին, հայրս էլ, երևի թե սիրելի Լիդա տատիկս էլ։ Անհոգ էինք, ուրախ, երջանիկ։ Փորձում եմ հիշել, ով առաջինը հուշեց հեռանալու միտքը, բայց այդ անգամ չանցավ միաձայն։ Ես 10 րդ դասարանում էի ու դա ուղղակի անգթություն էի համարում իմ հանդեպ։ Ապստամբեցինք միջնեկ հորեղբորս հետ միասին, հաղթեցինք։ Հետագայում արդեն իմ ու հոպարիս ուժերը թուլացան ու մեծամասնությունը հաղթեց։ Ես արդեն 20 տարեկան էի ու երկու տղաներս ծնվել էին։ Կարելի է ասել անձնական անհաջող կյանքիցս սկսած։ հավեսով թքած ունեի ամեն ինչի վրա ու միևնույն էր, թե որտեղ կապրեմ կամ կմեռնեմ… ու գնացի…
Ամենասարսափելին առջևում էր, դեռ պիտի բախվեի ամենանվաստացուցիչ իրականության հետ։ Բաներ կան, որ ոչ միայն չեմ գրելու, չեմ էլ հիշելու, պարապել եմ ուղեղիս այդ մասի հետ, բայց կան նաև բաներ, որ պիտի իմանա մեր «տուրիստ ախպերը»։ Ողորմության պես քեզ նետված մի քանի դոլար վարձիդ համար ու թղթե քուպոններ ուտելիքիդ, որ խանութում ծախսելիս մինչև ականջներիդ ծայրը կարմրում, կողքերդ առանց նայելու թռնում էիր՝ «աղքատ» ու «էմիգրանտ» հայացքներ չորսալու համար։ Անլեզու, անտեղյակ, մոլորված վիճակներ ամենուր։ Նույնիսկ հայրենակիցներդ, որ քեզանից մի փոքր շուտ էին հայտնվել այստեղ, քեզ որպես վերջին սորտի էին նայում։ Քո ներկայությամբ իրար հետ «անգլերեն» խոսում, որ հետագայում պարզում ես անգլերեն չեն էլ իմացել։ Ուժ էր պետք դիմանալու, վերապրելու համար։ Սա է պանդխտությունը իր ամենաիրական դեմքով։ Փող չէ, կարգին խորհուրդ տվող էլ չեղավ։ Մեկ մեկ լսում եմ «Ինչի հասել եմ, ինձնով եմ հասել», որ նշանակում է` ճարպիկ եմ եղել, օրինազանց ու պնդերես։ Ես չէ, ես ոչնչի էլ չեմ հասել, բացի նրանից, որ կորցրել եմ երիտասարդությունս կյանքամեջում ու ինձ գտել 50 տարեկանի շեմին…
Ամերիգաներուն սրդին մեջ…

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների