ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 6-ՐԴ

ԿՅԱՆՔԱՄԵՋՈՒՄ ՍՂՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍ 6-ՐԴ

15.03.2017 | Լոս Անջելես |

Հեղինակ՝ Նունե Պ. |

Ուղիղ 25 տարի, 6 ամիս ու 14 օր առաջ էր։ Նոյեմբեր ամսի վերջին օրը։ Լոսում գոհաբանության օրն էին տոնում։ Քեռիս մեզ օդանավակայանից իրենց տուն տարավ։ Մեկ տարի էր, որ ինքն էլ ընտանիքով, տատիկիս, պապիկիս, կնոջ ու երկու երեխաների հետ տեղափոխվել էր Նահանգներ, սկզբում տուն վարձել Հոլիվուդ քաղաքում, իսկ մեր գալուց անմիջապես առաջ տեղափոխվել Գլենդել, որ երկու քույրերի ընտանիքներին էլ Գլենդելում տեղավորի։ Առավոտյան արթնացա տատուս պատրաստած նախաճաշի հոտից ու փոքրիկիս ձեռքը բռնած իջա փողոց։ Առաջին տպավորությունս ուղղակի հիասքանչ էր։ Ցուրտ, գորշ ու չոր Մոսկվա քաղաքից հետո Գլենդելի արևոտ, կանաչապատ ու մաքուրիկ փողոցը ինձ ուղղակի դրախտ թվաց։ 10 օր հետո տեղափոխվեցինք մեզ համար վարձակալած հարկաբաժինը։ Մորաքրոջս ընտանիքը մեզանից մի քանի օր հետո եկավ ու քեռիս նրանց էլ տեղավորեց։ Մինչև հիմա չեմ կարողացել հասկանալ ինչպես նրան հաջողվեց այս ամբողջը։ Այդ օրերին գալիս էին անվերջ, մեկը մյուսի ետևից։ Հիշում եմ, թե ինչ բեռ ու բարձով էինք եկել։ Ով ինչ ասում էր, թե պետք է ու անհրաժեշտ, ամեն գնով ճարում ու գնում էինք։ Էլ բմբուլի բարձեր, էլ բրդի վերմակներ, խոհանոցի անհրաժեշտ կաթսաներ ու նույնիսկ ապակեղեն հասցրեցինք աշխարհի մյուս ծայրից։ Մեր բերած կահ կարասիով հարկաբաժինը լցրեցինք… գրքերս մնացին։ Գրքերս մնացին հորեղբորս նկուղում։ Իմ պատկերացումով գրքերս ծանրոցներով պիտի ուղարկեին։ 26 տարի է անցել, դեռ գրքերս ծանրոցներով ստանալու հնարավորությունը չունեմ։ Հետագայում արդեն քեռիս սկսեց հաճախ գնալ Հայաստան։ Նրան խնդրեցի, որ նկուղից սիրածս գրքերից գոնե մի քանիսը բերի։ Բոլոր ուզածս գրքերը բերեց։ Չէի հասցրել մի կարգին ուրախանալ, Ռեմարկի կազմի ներսում կարդացի. «Իմ գիրքը, իմ ամենասիրած գիրքը…» Զարմանքից ապշահար նայեցի քեռուս, հասկացավ. «Վերնիսաժից եմ գնել։ Այդքան գրքերիդ մեջից ո՞նց գտնեի, այ խելոք… վաճառողն էլ կարծես Ղարաբաղցի տղա էր, սրտիս դարդ էղավ, դժվար բաժանվեց»։ Վայ, ի՜նչ մեղավոր զգացի, ո՜նց ցավացի, եղբայրս։ Ես քո ամենասիրած գիրքը պահել եմ, շատ շատ ապահով տեղում։ Պահել եմ իմ ու քո երեխայի նման։ Ու կվերադարձնեմ, անպայման կվերադարձնեմ, միայն գտնեմ քեզ։ Ու պիտի գտնեմ քեզ ոչ միայն գիրքդ վերադարձնելու, պիտի գտնեմ քեզ ասելու, որ իմ գրքի մեջ էլ գրված էր «Սիրածս գիրքը», բայց իմ ձեռագրով։ Ճամբարում ենք, ես, քույրիկս, մորաքրոջս տղան և իր զարմիկը։ Ծաղկաձորի Մաշտոց ճամբարում։ Դեմ դիմաց բարձր սար կա, որին մեր ջոկատավարը «Քաչալ» սար է ասում, իսկ տեղաբնակները Գուգոյի սար։ Արթնանում ենք շեփորի ձայնով, ճաշում շեփորի կանչով ու քնում շեփորի հրահանգով։ Ամենահամով ճաշերը ճամբարում ենք ուտում, ամենաուրախ պարերը այստեղ պարում փողային նվագախմբի անվարժ երաժշտության ներքո։ Այս բոլորը մի տեսակ հետպատերազմյան ֆիլմ է հիշեցնում։ Փողային նվագախումբ, Շեստակովիչի վալս, Յանկա, Կարմիր առագաստներ… միայն պատրանքս չցրվի Մայքի կամ Լացկանի ձայնից, որովհետև վերադարձել եմ կյանքիս ամենաերջանիկ շրջանին։ Այո, երջանկության մասին մտածելիս առաջին բանը որ հիշում եմ ճամբարային այն օրն էր, որ ամբողջ ջոկատով ծնողներիս համոզեցինք երկրորդ սեզոնը մնալ ու երբ վերջապես մերոնք հեռացան, շրջան կազմած երգեցինք Ребята надо верить чудесам… Ես նստեցի մեջտեղում, խոտի վրա, նայեցի ընկերներիս, նայեցի պայծառ երկնքին ու մտածեցի «ես երջանի՜՜կ ե՜մ»։ Երջանկության այդ զգացումը կարմիր ներկված հատակով սենյակ էր, դեպի անտառ տանող արահետը։ Այն ոտքերի ու ձեռքերի վրա չչորացող վերքն էր ու «զելյոնկայի » կանաչ գույնը։ Երջանկությունը ջրի մեջ պահվող կարագն էր ու գրեչկայով փլավը։ Գոլ կապած գետակն էր ու ջահակիրների քայլքը։ Մանր, սպիտակ թերթիկներով «ապրեմ-չապրեմ»-ն էր ու կտկռան գորտը։ Երջանկությունը հուշատետրում խոցված սրտիկ նկարելն էր ու քարանձավում Ա+Մ=սեր փորելը։ Երջանկությունը ապահովության զգացումն էր։ Հայրենի հողի վրա ոտաբաց ու երկնքի տակ գլխաբաց կանգնելու զգացումը։ Նույնիսկ ամենաերջանիկ մարդը չի կարող իրեն լիակատար զգալ, երբ թողել է Հայաստանի նման Հայրենիքը։

Մի քանի բան կա, որ «ամերիկացիներս» իրար չենք հարցնում, ու դա սովորում ենք հենց առաջին մի քանի օրվա մեջ։ Չենք հարցնում որքան աշխատավարձ եք ստանում, չեն ասի միևնույն է։ Չենք հարցնում որտեղի՞ց եք եկել, մեկ է պիտի ասեն Էրևանից։ Չենք հարցնում որտեղ եք ապրում, ուր էլ ապրեն, փողոցի անունից հետո կասեն սարի վրա, միևնույն է։ Չենք հարցնում ինչ կուտեք, կասեն օրգյանիկ, միևնույն է։ Իրանահայ տղամարդկանց 80%-ը շահի սափրիչն են եղել, 20%-ը կառավարությունի համար են գործել։ Հայաստանցիների 80%-ը մեծահարուստներ էին Էրևան ապրած վախտով, էլ յախտով, էլ թախտով… 20%-ը անունով դեմքեր։ Լիբանանցիների 80%-ը ազգային կուսակցական կռվող տղաք են, 20%-ը ոսկերիչ… էլ ի՞նչ հարցնես։

— Հայկո, կներես, որ հարցնեմ, բայց ի՞նչ ես աշխատում,

— Տպագրական մեծ ընկերություններից մեկում շատ շատ կարևոր աշխատանք եմ անում։ Կհավատա՞ք, 8 տարի է աշխատում եմ, ինձ փոխարինող չեն գտնում։ Հազիվ եմ կարողացել այս արձակուրդս վերցնել։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվեցի այդ հաստատությունը, տուփ-մուփ էի հավաքում, ստից։ Մի օր տեսնեմ սրանք իրար խառնված չեն կարողանում կոմպյուտրով նկարը ստենդի վերածել։ Ես էլ հայսքուլում սովորել էի։ Ասեցի թողեք ես անեմ։ Տեսան գլուխ եմ հանում, թե քեզ ութ ժամ ենք տալիս, թե կարողացար, առաջ կքաշենք։ 40 րոպեում մաս-մաքուր հանձնեցի։ Պարզվում է դժվար է գտնել էս գործը իմացող։ Բախտները բերեց։ Տարեկան 10 միլիոն դոլարով եկամուտը ավելացավ իմ օգնությամբ, բայց նոր նոր, էս տարի սկսեցին մի քիչ լավ վճարել։

Դե որ փոքր էի «Այ էսպես։ Մեր էս ադամանդ էրեխեքին թող սրանք վայելեն» արագ անցնում է մտքովս։ Մեր էրեխեքը փաստորեն միանգամից մասնագիտացած կյանք մտան։ Իհարկե, այդքան հեռուստացույցին կպած լինելն ու կոմպյուտրով խաղալը իր դրական մասը նույնպես ունի։ Բայց բակային խաղեր երբեք չսովորեցին։ Ասենք դպրոցում բասկետբոլ ու ամերիկյան ֆուտբոլ խաղում են, բայց որ փողոցում վազվզեն, գնդակ, պարան, ռեզին… խաղան՝ չկա։ Որ փողոցում օրը գոնե մի անգամ կոտրած ապակու ձայն չգա, երկու հարևանի մեջ երեխեքի պատճառով վեճ չլինի, որ իրար ածական անուններով չկանչեն, որ մեկ ու մեջ ցեխ ու կեղտոտվելու համար ծեծ չուտեն, որ նկուղներում ու կտուրներում պահմտոցի չխաղան… « թու զա վսյեխ, կարմիր ասեղ բո՜լո՜րի՜ն…» մեր սխալ պռատ ռուսերեն-հայերեն խաղերն եմ վերհիշում ու ժպտում։ Ալա-բալա-նիցա, Պստիկ պապան գնաց բանակ։ Չէ, երևում է հասնեմ թե չէ մի հատ էս ամբողջ հիշողությունս «ափդեյթ» եմ անելու հենց մեր բակում։ Համ էլ մի լավ ջարդեմ գործագործով, որ հավանական է «գորոդ զա գորոդ» է նշանակում։ Պատրաստվեք, թաղի էրեխեք, վետերան խաղացող է գալիս։ Մեր երեխաների պրոբլեմները կտրուկ տարբերվեցին Հայաստանում մեծացող իրենց հասակակիցների պրոբլոմներից։ Եթե հայաստանում միակ օտար ազգը, որ մեր հետ դպրոց էր գալիս ու խաղում՝ եզդի ազգն էր, այն էլ մեզ պես հայերեն էին խոսում ու շատ ավանդապաշտ ու բարոյական ազգ էր, որքան ես գիտեմ։ Այ Լոսում ուրիշ է։ Լոսում ամենաիսկական խառնարան է ։ Գալիս, տեղավորվում ու սկսում ենք։ « Էրեխուս Գլենդելի դպրոցն եմ ուզում ընդունեմ, բայց գրանցում չունեմ։ Գլենդելի դպրոցները մաքուր են…» Մաքուր էլ ասում են այն դպրոցներին, որտեղ շատ հայ երեխաներ կան։ Ամենաանցանկալին մերոնց համար մեքսիկացի և սևամորթ երեխաներով լեցուն դպրոցներն են և ասեմ, որ պատճառը արդարացի է։ Կուլտուրայի շատ տեսանելի տարբերություն կա, ավելի շատ մեքսիկացի ընտանիքների ու մեր միջև։ Նույնիսկ ավելի, քան սևամորթների ու մեր։ Արդեն մի քանի սերունդ է, որ լատինախոս այս երկրների (մեքսիկա, Սալվադոր, Գուատեմալա, Հոնդուրաս և այլն) կուլտուրան, սովորություններն ու ադաթները վտանգված են։ Արտագաղթը իր սև գործը բոլորի վրա է անում։ Ընտանեկան արժեքներ համարյա թե չկան։ Չափազանց արագ է պտտվում «կարուսելը»։ Այսօր սրա, վաղը նրա հետ, անթաքույց, հաճախ իրար մազ փոկելով։ Անթիվ երեխաներ են ունենում տարբեր կապերից ու դաստիարակության համար ժամանակ էլ չունեն։ Չափազանց տարբերվում են մեզանից։ Դժվար, շատ դժվար մոտեցած, իրար հետ նստող ելնող ընտանիք գտնես մեր միջև։ Այս ազգերի մեջ իհարկե շատ կան լավ մարդիկ, որոնք էլ փախչում են իրենց մեջից ու մեր թաղերում պատսպարվում։ Թաղամասեր կան, որ հենց իրենք, լատիններն են վախենում մտնել։ Գենգեր ու թմրամոլներ, անտուն թափառականներ։ Աչքները թմրանյութերից արյուն լցված, սպիտակ շապիկներով, ոտքից գլուխ դաջվածքների մեջ կորած։ Կռվարար, վայրենի, «ոչինչ չունեմ կորցնելու» նշանաբանով։ Բայց ամենասարսափելին սրանց կանայք են «չոլիտաները»։ Ու սա է պատճառը, որ մենք տներ ենք փնտրում «մաքուր» դպրոցների կողքին։ Նելլին ու Խաչիկը երկու երեխաների հետ երբ եկան Լոս , ես արդեն 5 տարի էր այստեղ էի։ Միակ ծանոթը ես էի ու անցա գործի, օգնելու, ինչով կարող եմ։ Միասին գտանք հարկաբաժինը, մի կերպ կահավորեցինք, օգտագործված բազմոց, սեղանով։ Ես ու Նելլին իր երկու երեխաներին առաջին օրը դպրոց տարանք ու որոշեցինք հանգիստ սրտով Նելլիի մոտ սուրճ խմել։ Հազիվ էինք տեղավորվել, դպրոցից զանգեցին, թե շտապ եկեք, Անին կռիվ է արել։ Անին 13 տարեկան, տղայի կառուցվածքով, կարճ կտրած մազերով երեխա էր, շատ կռվարար ու համարձակ։ Գլխապատառ հասանք դպրոց, միջանցքում , հենց մուտքի մոտ կատաղած տնօրենը մեզ դիմավորեց ու միանգամից ցույց տվեց դեմ դիմացի պատը։ Պատին ցեխոտ կոշիկներով հարվածած երկու շատ ուժեղ ոտնահետքեր էին։ Մեջտեղի մասում մուգ թանաքով գրված «Անի» Մի լավ խայտառակվեցինք անպիտանի պատճառով, առաջին օրով պատժեցին մի քանի օր դպրոցից հեռու մնալու պայմանով։ Դուրս ենք եկել, շնչակտուր պատմում է «Մտա դասարան, մի հատ մեքսիկ լակոտ ինձ Արմո-լեզբո ասեց։ Մինչև սրա ջարդը տվեցի, վրես դպրոցը նայողին բերեցին։ Էս էլ էկավ, բա ես Թինան եմ, էս դպրոցը ես եմ նայում, քեզ պիտի պատժեմ։ Սրան էլ ջարդեցի, ձեռի ջուրը վերցրի հելա դուրս ցեխ սարքեցի ծաղկամանի հողով, ոտերս լավ ցեխոտեցի, ստոյկա տված քայլեցի ներս ու երկու ոտերով տվի պատին։ Լավ չե՞մ արել »… Վայ, Անի, Անի գիտե՞ս քանի էրեխու վրեժ ես լուծել։ Մեր էրեխեքը շատ են ծաղրանքի ու արհամարանքի ենթարկվել։ Ծնող չկա, որ դպրոցի հետ խնդիր ունեցած չլինի։ Մեր լեզու չիմանալու պատճառով, մեր էրեխեքով օժանդակ դասարաններն են լցրել։ Ուզում եմ մեկը ասի սխալ եմ, չկա, չեք գտնի։ Բոլորի խնդիրն է եղել։ Խտրականությունը, մասսայական ծաղրուծանակը, ու կռիվները, հիմնականում ազգային հողի վրա։ Դպրոցներ ենք փնտրում մաքուր շրջաններում, մեր Հրաշք Հայրենիքի մաքրամաքուր դպրոցները թողած։

Իսկ Արայիկին հանդիպեցի Գլենդել քոլեջում։ Ես արդեն «շուտվա էկած» էի համարվում, չնայած ընդամենը 3 տարի էր, որ Լոսում էի։ Մի քիչ անգլերենս էր առաջ գնացել, ավելի իսպաներենս։ Աշխատում էի չինացիների ու մեքսիկացիների հետ։ Միակ հայն էի ամբողջ հաստատությունում։ Լեզվի ուսուցման համար երեկոները որոշեցի քոլեջ գնալ և այստեղ էր, որ պանդխտությունը իր ամբողջ գորշությամբ նայեց աչքերիս։ Դասարանում խառը ազգություններ էին։ Մեքսիկացիներ, Սալվադոր, Հոնդուրաս, Ֆիլիպին, նույնիսկ ռուսներ կային։ Բոլորը խառը նստում էին։ Միայն մեր հայերն էին առանձնանում, խումբ կազմած նստում դասարանի վերջում ու քթները բարձր պահում մնացածներից։ Ես բարկանում էի մերոնց այս արարքից ու իրենց հակառակ միշտ գտնում էի ամենա-մեքսիկին, ամենա-ֆիլիպինին, կամ ամենա-չինացուն ու նստում հենց նրա կողքին։ Չէի էլ ուզում շփվել մեր ազգայնամոլիկների հետ, պատժում էի։ Չէի շփվում նաև հարցաթերթիկին պատասխանելու դառը ժամանակաշրջանը շրջանցելու համար։ Մի օր ուշացած բարձրանում եմ աստիճաններով, մեր դասարանի Արայիկը, որ դեռ միայն անունն էի լսել, դուրս եկավ անկյունից ու «Արի դասից փախնենք»։ Առաջին անգամ նայեցի դեմքին ու դիմացի կոտրած ատամը վստահություն ներշնչեց։ «Փախնենք» ասացի, մտքումս մի քանի ապտակ զարկելով երեսիս, մտածելով, թե սա քո դասարանի տաս տարվա ընկերը չէ, որի հորդորով դասից փախչում ու ամեն անգամ մի նոր արկածով բռնվում, ուսուցչանոցում թուք ու մուրը անուշ անելուց հետո մի հատ էլ «պապան չիմանա, պապան չիմանա» էիք խաղում։ Այս տղային դու չես ճանաչում, փախնելս ո՞րն է այ խելոք։ Բայց դե ո՞վ կարող է մերժել դասից փախչելու նման գրավիչ առաջարկը։ Ու այդ օրը Արայիկի նոր գնած, հին ու կոտրտված Օլթսմոբիլով գնացինք Բըրբանկ քաղաքում, մի բարձր սարի վրա գտնվող ռեստորանի ուղղությամբ։ Մինչ վարում էր մեքենան, պատմեց, որ 6 ամիս է եկել է Հայաստանից, համալսարանն է վերջացրել, ընկերուհի ունի ու ստիպված է եկել։ Հիմա մտածում եմ «ինչ արեցի, ու՞ր եմ գնում, ի՞նչ գործ ունեմ ախր»… Չէ, չէ, ռեստորան այդպես էլ չմտանք։ Կանգնեցինք բարձրունքում, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը գիշերային լույսերով ողողված։ Երկու իրար անծանոթ մարդիկ, կանգնեցինք կողք-կողքի, չեմ էլ հիշում, կարծես թե ոչինչ էլ չխոսացինք, ուղղակի մի կուշտ լաց եղանք։ Առանց խոսելու, առանց իրար նայելու։ Հանգիստ, ազատ, սրտանց լաց եղանք։ Այ էս Արայիկին երեք տարի անց ես գտա։ Ժամանակ առ ժամանակ Արայիկը ինչ որ ձևով կրկին հայտնվում էր իմ տեսադաշտում։ Մի անգամ Ռուբենն էր եկել համերգի։ Ես էլ Ռուբենի համերգներին միշտ մենակ եմ գնում։ Հանգիստ լացելն էլ իր մանրամասներն ունի։ Ընդմիջման ժամանակ տեսնեմ Արայիկը արագ արագ շրջում է շարքերի արանքում։ Սկզբից փորձեցի թաքցնել դեմքս, որ չտեսնի ինձ լացած, սև առվակներով երեսս։ Բայց հաջորդ վարկյանին փոշմանեցի ու ձայն տվեցի։ Արայիկը արագ մոտեցավ, առանց բարևելու, առանց զարմանալու ասեց. «Ինչ մտել եմ քեզ եմ ման գալիս, գիտեի այստեղ կլինես, արի վազենք մի բան առնենք Ռուբենի համար»։ Արագ քայլելով դուրս եկանք դահլիճից ու միանգամից էլ կանգ առանք։ Արայիկը նայեց դեմքիս ու ասեց. «Էս մեր տեղը չի, Նուն, էս մեր տեղը չի…»։ Այդ օրը, 6 տարի անց, կրկին գնացինք մեր բարձրունքը՝ լացելու…

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների