Կոսմոպոլիտից` Համամարդ

Կոսմոպոլիտից` Համամարդ

19.01.2017 | Երեւան |

Վրույր Արծրունի

Հեղինակ՝ Վրույր Արծրունի |

Ծնվելով որպես հայ` անհատի առջև բացվում  են երկու ճանապարհ, որոնցով ընթանալիս հնարավոր են միմյանց լրացնող հետևյալ կերպափոխումները:
Ա. Հայ-Ազգայնական-Ցեղակրոն-համամարդ:
Բ. Հայ-քաղաքացի-ազատական-կոսմոպոլիտ(աշխարհաքաղաքացի):
Ինչպես նկատեցիք, Հայ-ը կոորդինատային առանցքում կգրավի զրոյական կետը:
Առաջին հայացքից թվում է, թե երկու ճանապարհների եզրակետերն էլ նույնն են: Սակայն իրականում ոչ միայն նույնը չեն, այլև իրարամերժ են, բևեռացած: Դրանք գուցե նման են արտաքուստ, սակայն հակադիր՝ ներքին բովանդակությամբ:
Առաջինն իր վրա  է կրում Աշխարհի և Մարդկության անկատերելության իրողությունից առաջացող տառապանքը, որից ծնունդ է առնում գերպարտականություններ կրելու տենչ, և համակվում դրանով:
Երկրորդը հեռացած է Աշխարհից և Մարդկությունից, ամփոփված սեփական անձի փոքրիկ կղզյակում, որով թոթափած է ցանկացած պարտականություն, համակված դրանք վանելու մարմաջով:
Առաջինի ուղին գերպարտականությունների ծանրության տակ կքած բարձունքները հաղթահարելու ճիգ է, երկրորդինը՝ դրանց բացակայությամբ անկմանը տրվելու թեթևություն:
(Ա) ճանապարհով ընթացողի համար մակարդակների անցումները իրականացնելու համար անհրաժեշտ է ինքնաժխտման, որով վերածնունդի կորով, մյուսում ինքնաբացասման, որով սեփական ես-ի վիժեցման և այլասերումի թեթևություն:
(Ա)-ում կերպափոխման անցումներին հատուկ է պարտականության բեռի ծանրացում, երկրորդում ` դրանց թոթափում:

Որպես քաղաքական օբյեկտներ Ազգայնականն ու Քաղաքացին ունեն միևնույն գործակիցը և դիրքավորումը պետության հանդեպ, սակայն հակառակ նշաններով: Նրանց անցումները արտահայտվում են միևնույն ուղղու վրա, սակայն հակառակ ուղղություններով:
Այսպիսով, անդրադառնանք ամեն մակարդակի կերպափոխումներին առանձին-առանձին:

Հայ: Հայը գիտակցությամբ նորածինն է, ով միևնույն ժամանակ ստիպված է սնվել Աշխարհայացքային այս երկու ստինքներից, որոնցից մեկով հոսում է (Ա) ճանապարհով ընթանալու կաթը, մյուսով` Բ: Սնվելով երկուսից էլ` նա ի վերջո վճռում է, թե որից ստանալ իր կենարար հոգևոր սնունդը` կատարելով անցումի իր առաջին քայլը`դեպի ազգայնական, կամ դեպի քաղաքացի:

Ազգայնականը նա է, ով զգում է իր ազգի կնիքը, թե իր մարմնում, որ արյունն է, թե հոգում,որ ոգին է` ոգու գերազանցությամբ արյան վրա: Զգալով Ազգի արյանը և ոգուն հարազատանալու տենչ, սա մղվում է դեպի ինքնաճանաչություն, որը ազգաճանաչություն է: Մերձենալով իր ինքնությանը, և ազգի հավիտենական ոգուն, որ Ցեղն է, նա իր վրա է վերցնում Ազգի մտահոգության կնճիռների քաղաքական բեռը, որը կրել կարողանալու համար անհրաժեշտ է հերթական առաջ մղող ինքնաժխտումը, որ կապահովի մարդկային կերպափոխումի հերթական անցումը դեպի Ցեղակրոն:

Դեպի քաղաքացի անցումը զուգորդվում է Հայ-ի բացասմամբ: Այստեղ չկան արյան և ոգու հավիտենականություն, այլ սոսկ գոյատևելու մոլուցքով լցված ներկա:  Ազգից, իր ինքությունից հեռանալով` մարդը վերածվում է ամբողջից զատված  անհատի (չշփոթել անհատականության հետ), իսկ անհատների հավաքույթը ավազահատիկների կույտ է: Նրա մտահոգությունների լճակը լցված է առօրյա հոգսերով, մերժում է ազգի պատմությունը, դրանից եկող պարտականությունները և ձեռքը երկարում սոսկ իրավունքների սարդոստայնին: Քաղաքականորեն այս ասել է` ներկայի և մոտակա ապագայի բարեկեցիկ ապահովում:  Մերժելով ազգային մտահոգությունների ծանր բեռը, նա իր ուսին է գցում ստամոքսին հասանելիք խուրջինը և օրվա հացը ծամծմելով` սկսում իր վայրէջքի ճամփան: Վայրէջքին միշտ էլ հատուկ է անկումային թեթևությունը և դրա հոսանքին տրվելու երանելի բաղձանքը: Իսկ դա ենթադրում է անցում դեպի նոր կարգավիճակ, դեպի ազատական:

Ազատական:
Ազատականը թոթափում է անգամ քաղաքացու պարտականությունները: Նրա դավանանքը կեղծ ազատությունն է, որն իր խորքում ոչ այլ ինչ է, քան ազատագրություն սեփական ազգի և պետության հանդեպ պարտավորվածություններից: Ուստի  մեզանում նա ապրում է առավել թեթև կյանքով: Քանի որ ազատականը մեզանում համակված է սեփական ազգությունից ու նրա կնճիռներից փախչելու արագությամբ, ուստի նրա կյանքը այս մակարդակում երկար չի տևում,
և վերջինս շուտով վերածվում է Կոսմոպոլիտի, որտեղ գտնում է իր վերջնական հանգրվանը:

 Ցեղակրոն

Եթե քաղաքացու, երբեմն էլ ազատականի խոսքը Պետության մասին սոսկ անհանգստություն է, ապա Ցեղակրոնի խոսքը համակ տառապանք է: Առաջինին մղում են գործելու առօրյա մտահոգությունները, երկրորդին՝ հայ ազգի հավիտենական  տառապանքի մորմոքը և մշուշոտ ապագան:
Առաջինը, զուրկ ազգի պատմական զգացումից, բացում է օրվա օրենքների գիրքը և ընկղմվում դրա սարդոստայնի մեջ, երկրորդը՝ զգուշությամբ մոտենում է իր ազգի մեծամեծերի թողած հոգևոր կտակին, բացում այն, խայթվում իրականության ճղճիմության և նրանց վեհության բաղդատումից և լցվում լավագույնի կարոտով: Ազգայնականի պատրաստակամությունից, իրականության զզվանքից և լավագույնի կարոտից էլ նա վերածնվում է իբրև Ցեղակրոն:
Բայց Ցեղակրոնը, լինելով մարդկության մի մասնիկը, իր մեջ զգում է թե իր, թե մարդկության  անկատարելության զգացում,  որի տառապանքից էլ ծնունդ է առնում Համամարդը՝ վերջնական հանգրվանը Ա ուղիով ընթացողի:

Ցեղակրոնության հիմնադիր Գարեգին Նժդեհը Համամարդ է.
«Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության՝ հա՛յ եմ ես:
Մտածումով եւ ապրումներով, սակայն, ես մարդ եմ, համամա՛րդ:
Ես ընկերն եմ անիրավվածի, եղբայրը՝ հալածվողի, եւ զինակիցը՝ բևեռեբևեռ ավելի արդար աշխարհի համար մարտնչողների:
Դավանանքս է – մարդկայնությո՛ւն, ավելի՛ մարդկայնություն»:
Համամարդ է և Նարեկացին.
« Արդ ես ճշգրիտ պատկերս ամենայն մարդկանց , խառնելով մեղքերս նրանց մեղքերին, և նրանց հետ դառնությունն իմ կրկնակի ավելացնելով` հեծեծեմ պիտի նրանց հետ դարձյալ, թեպետև պետք չէ գարշ գույնի վրա նոր տգեղություն ավելացնել»:

Այսպես՝ Ա ուղիով ընթացողների ճանապարհը հոգևոր տառապանքի ճանապարհ է,
նրանց վերածնունդները տառապանքի ծնունդներ, իսկ Բ ուղիով ընթացողների ճանապարհը «հաճույքի» ճանապարհ է, նրանց կերպափոխումները հաճույքի թեթևության զգացումի արդյունք:
Արտաքուստ Կոսմոպոլիտն ու Համամարդը նման են, երկուսն էլ իրենց համարում են մարդկության զավակը, բայց բովանդակությամբ տարբեր, հակադիր: Առաջինը մարդկություն բառը հոլովում է ազգից, նրա սև օրից փախչելու, իր հանգիստը վայելելու միտումով, երկրորդը՝ ազգի սև օրը վերապրելու, շտկելու, և իր ազգի միջոցով մարդկությանը ծառայելու, նրա անապատային դատարկությունը լցնելու ծարավից,   պարտականությունների և պատասխանատվության գիտակցումից դրդված:
Ինչպես հանցագործն է ծաղրում ցանկացած օրինական բան, կամ անբարոյականը` ցանկացած բարոյական արժեք, այնպես էլ կոսմոպոլիտին հատուկ է սեփական ազգը և ազգայինը ծաղրելու մոլուցք: Նա դա անում է իր հոգեկան, նաև ֆիզիկական փախուստը, իր դասալքությունը արդարացնելու միտումով:

Հարց.

– Ինչո՞ւ Անգլիայում, կամ մեկ այլ կայացած պետությունում  ազատականները չեն փախչում իրենց ազգությունից:
Պատասխան.

– Մեզանում ծանր է ընդունել մեր ազգի տխուր ներկան, ծանր է կարդալ և առանց ամոթի զգացումի հարազատել նախահայրերի թողած կտակը, ծանր է և կարդալ 1.5 միլիոն խոշտանգվածների արյունոտ կտակը, ծանր է Նարեկացու պես այդ ամբողջ մեղքերի բեռը վերցնել քեզ վրա և առաջանալ: Իսկ ամեն մտավոր ծանրություն ենթակային մատնում է փախուստի ոչ միայն իր պարտականությունններից, այլև դրանք հիշեցնող ամեն բանից: Ահա թե ինչու  մեզանում ազատականի  դավանածը ոչ թե ազատությունն է, այլ ազատագրությունը հիշողության ծանր բեռից, մեկ բառով դա ասել է` ինքնամոռացում, այնքան ժամանակ քանի դեռ իսպառ մոռացումը չի վիժել իր պտուղը` քար անտարբերություն դեպի շրջակա աշխարհը:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների