Պետական բյուջեի ոչ արդյունավետ օգտագործման մասին

Պետական բյուջեի ոչ արդյունավետ օգտագործման մասին

29.12.2016 | Երեւան | Հեղինակ՝ Արսեն Բաբայան |

Վերջին 25 տարում, այսինքն անկախությունից սկսած, Հայաստանում անդադար փորձում ենք «ավտոմեքենան» արդիացնել, զարգացնել, նոր լուծումներ գտնել, որ այն ավելի լավը դառնա։ Այսպես․

Մենք ունենք «ավտոմեքենա», որն ունի շարժիչ, փոխանցման տուփ, ղեկ և անհրաժեշտ մյուս միջոցները, այսինքն ամեն ինչ ունի, որպեսզի վարորդը նստի ու սկսի այն վարել։ Բայց արի ու տես, որ մեր ընտրած վարորդները, որոնք այդ ամենասովորական մեքենան պետք է վարեն, նստելով վարորդի նստարանին, գործի գցելով շարժիչը, փոխանցման տուփը չեն բերում առաջ շարժվելու համար անհրաժեշտ դիրքին։ Առանց դրա սեղմում են արագության ոտնակն ու լսելով շարժիչի բարձրացող ձայնն ապշահար հայտարարում են, թե մեքենան վատն է, չի շարժվում։ Կամ չգիտեն փոխանցման տուփի մասին կամ չեն ուզում իրենց նեղություն տալ։

Հրավիրում ենք մեքենա արտադրող ընկերության ներկայացուցիչների, նրանք ուսումնասիրում են մեքենան և հայտնաբերում, որ մեքենան իր մոդելին համարժեք գործում է անթերի։ Ներկայայցված խնդիրը գործնականում հասկանալու համար նստեցնում են նշանակված հայ վարորդին և խնդրում վարել ավտոմեքենան։ Վարորդը նստում է, նորից գործի գցում շարժիչն ու անմիջապես սեղմում արագության ոտնակը։ Մեքենայի շարժիչը գոռում է, իսկ մեքենան տեղից չի շարժվում։ Կամ չգիտի փոխանցման տուփի մասին կամ չի ուզում իրեն նեղություն տալ։

Մեքենան արտադրող ընկերության արտասահմանցի փորձագետ մասնագետներն ուսումնասիրելով վարորդին, խորհրդակցելով նրան նշանակողի հետ, ստիպված են լինում մշակել մի հատուկ համակարգ, որն անմիջապես շարժիչը գործի գցելուց հետո ավտոմատացված ձևով փոխանցման տուփը կբերի անհրաժեշտ ռեժիմին, և որից հետո, երբ արդեն մեր հայ վարորդը կսեղմի ոտնակը, մեքենան կսկսի առաջ շարժվել։ Ստացվում է, թվում է, թե ամեն բան կարգին է, մեքենան շարժվեց։ Այնուհետև մեր հայ վարորդը զարգացնելով մեծ արագություն բախվում է դիմացի շինության պատին։ Բարեբախտաբար փրկվում է։ Փորձագետները հարցնում են, թե ի՞նչն էր պատճառը, որ մեքենան չարգելակեց ու բախվեց պատին, պարզվում է, որ մեր հայ վարորդը պարզապես չէր սեղմել արգելակման ոտնակը։ Վարորդը կամ չգիտեր արգելակման ոտնակի սեղման անհրաժեշտության մասին կամ պարզապես չէր ուզում իրեն նեղություն տալ։

Արտասահմանցի փորձագետները խորհրդակցելով հայ վարորդին նշանակող հայի հետ ստիպված են լինում հիմա էլ մշակել մի նոր համակարգ, որը սենսորների միջոցով կկարողանա ճանաչել պատը և բախումից խուսափելու համար կմիանա ավտոմատ արգելակման համակարգը։ Նոր համակարգն իսկապես սկսում է փայլուն աշխատել։ Հաջորդ փորձն է դրվում…

Հայ վարորդը զբաղեցնելով վարորդի տեղը, գործի գցելով շարժիչը, փոխանցման տուփն ինքնուրույն գրավելով անհրաժեշտ դիրքը, սեղմում է արագության ոտնակն ու նորից սլանում։ Այս անգամ վարորդն արգելակելու համար սկսում է փնտրել պատ, որի միջոցով կմիանա արգելակման ավտոմատ համակարգն ու վերջապես ավտոմեքենան կկանգնի։ Պարզվում է, որ վարորդն այդպես էլ չի ցանկանում կամ չի կարողանում սովորել արգելակման ոտնակն անձամբ սեղմելու ձևը։

Արտասահմանցի փորձագետները մտածում են նոր համակարգ, որը լուծում է նաև այս խնդիրը։ Այդպես շարունակ ի հայտ են գալիս նորանոր խնդիրներ, որոնք վարորդին նշանակող հայի հետ խորհրդակցելուց հետո փորձագետները մտածում են նորանոր համակարգեր ու շարունակում զարգացնել այդ ավտոմեքենան։

Այս ամենի հետևանքով վարորդին նշանակող հայը ծախսում է միլիոններ և արդյունքում ունենում աննախադեպ լավ մեքենա, նորարական աննախադեպ լուծումներով, սակայն մի քիչ մտածելուց հետո հասկանում է, որ գերժամանակակից ավտոմեքենան իրեն ամենևին էլ պետք չէր, քանի որ մեքենան նորմալ վարելու արդյունքին հնարավոր էր հասնել առանց հավելյալ ծախսերի։ Ընդամենը պետք էր այդ վարորդի փոխարեն նշանակեր այնպիսի վարորդ, ով առնվազն մեքենա վարել գիտե։

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների