ՀՀ Սահմանադրության առաջին մեծ քննությունը

ՀՀ Սահմանադրության առաջին մեծ քննությունը

28.12.2016 | Երեւան |

Վիկտոր Ենգիբարյան

Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան |

Գալիք տարվա թիվ մեկ ներքաղաքական իրադարձությունը հավանաբար կլինի ԱԺ ընտրությունը: Իսկ իրականում, 2017 ընտրությունը Հայաստանի առաջիկա տարիների և միգուցե տասնամյակների համար կունենա ճակատագրական նշանակություն, նախևառաջ այն պատճառով, որ Հայաստանն անցում է կատարում կիսանախագահականից դեպի խորհրդարանական համակարգ: Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և ամուր պետականության ստեղծման տեսակետից, սա հանգրվանային պահ է, որն ընձեռում է թե հնարավորություններ, իսկ մյուս կողմից պարունակում է ռիսկեր: Այս ընտրության արդյունքում երկիրն ունի ժողովրդավարական նոր ավանդույթների հիմք ստեղծելու իրատեսական հնարավորություն: Սա յուրահատուկ քննություն կլինի նոր Սահմանադրության արդյունավետության համար երեք հիմնական չափանիշներով. ա) ԱԺ որակ, բ) ընտրությունների անցկացման որակ և գ) ընտրության արդյունքների նկատմամբ հավատ:

ԱԺ պատգամավորների ու ընդհանուր կազմի որակն ամբողջությամբ կախված է կուսակցություններից: Արդյոք հաջորդ գումարման ԱԺ-ն կարող է ծառայել իբրև քաղաքական նոր մշակույթի ու առաջընթացի լոկոմոտիվ թե ոչ, պարզ կլինի արդեն փետրվար ամսին, երբ կհրապարակվեն ընտրական ցուցակները: Ռիսկը թերևս այն է, որ «հիմնական» կուսակցությունները չդիմանան «ձայներ բերելու» անհիմն գայթակղությանը և կապավինեն թաղային հեղինակությունների ու «փողի» գործոնին: Ռիսկի դերսևորումն այս պարագայում իրեն սպասեցնել չի տա, երկիրը կկանգնի ցնցումների առաջ անմիջապես ապրլի 2–ից հետո: Որքան էլ չթերագնահատենք բոլոր կուսակցությունների տեղն ու դերը, այս իմաստով հիմնական պատասխանատվությունը կրում է ՀՀԿ-ն՝ իբրև իշխող կուսակցություն:

Հանրապետականը ոչ միայն իշխող կուսակցությունն է, այլ տիրապետում է Հայաստանի ամոնախոշոր ընտրական «ցանցը», վերջինիս քաղաքական մենեջմենթը, թե նյութական, թե մարդկային ռեսուրսների տեսակետից անգամներ գերազանցում է մյուս կուսակցություններին:

Ընտրությունների անցկացման որակը նոր Ընտրական օրենսգրքի ընդունմամբ արդեն ունի հնարավորություն լինել աննախադեպ բարձր: Ռիսկերն այս տեսակետից անհամեմատ ցածր են, այստեղ լավատես լինելու հնարավորությունները ավելի շատ են: Որակը հիմնականում կախված է պետական ինստիտուտների, հատկապես Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային անվտանգության ծառայության և այլ պատասխանատուների արդյունավետությունից ու կրկին հիմնական կուսակցությունների քաղաքական կամքից, որը կարծես թե արդեն կա:

Երրորդ մարտահրավերն ընտրական գործընթացների նկատմամբ հավատն է: Նույնիսկ ամենափայլուն ընտրություն կազմակերպելը դեռևս չի նշանակում, որ հանրությունը կվստահի արդյունքներին և կընդունի հաղթողների բացարձակ լեգիտիմությունը: Ընտրական գործընթացների նկատմամբ հավատ հնարավոր է վաստակել երկու կարևոր գործոնների անթերի առկայության դեպքում: Առաջին՝ թեկնածուների որակ և մրցունակություն, և երկրորդ՝ ընտրական գործընթացների թափանցիկություն: Թեկնածուների որակը պետք է դառնա երաշխիք առ այն, որ ընտրված թեկնածուները իսկապես լավագույններն էին, թե կրթական, թե մնացած չափանիշներով: Նոր գումարման ԱԺ պատգամավորը պետք է լինի օրինակելի, ինչը մինչ այս պահը Հայաստանին հիմնականում չի հաջողվել:

Թափանցիկությունն այն փոփոխականն է, որի միջոցով հանրությունը հստակ պետք է հասկանա, թե ինչպես հաղթեց այս կամ այն թեկնածուն (կուսակցությունը): Գախտնիք չէ, որ ավանդաբար նախկին մեծամասնական թեկնածուները հաղթել են նվիրատվությունների, հաճախ ընտրակաշառքների և «մութ հարցեր լուծելու» և շատ ավելի քիչ ընտրարշավի շնորհիվ: Բնականաբար նվիրատվությունների, ընտրակաշառքների և մնացած ապօրինի կամ կիսաօրինական մեթոդների «շահառուները» ծպտյալ ընտրողներ են. ոչ ոք չի հպարտանում ու բարձրաձայնում որ այս կամ այն թեկնածուին ընտրել է, քանի որ իրեն հող են խոստացել կամ ընտրակաշառք են տվել: Քաղաքացիները, որոնք ընտրում են առաջնորդվելով քաղաքացիական գիտակցության սկզբունքներից, ընտրությունների ավարտից անմիջապես հետո հասկանում են, որ X թեկնածուն ընտրվել է ապօրինի եղանակով: Հետևաբար հասունանում է բողոք, իսկ հաճախ հետընտրական ցնցումներ: Նման ելքից խոսափելու համար ահնրաժեշտ է անցկացնել չափազանց թափանցիկ ընտրարշավ, հատկապես ռեյթինգային ցուցակների թեկնածուների մասով: Ընտրություններից հետո, քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ հաղթեց X թեկնածուն(ները), քանի որ նրա թիմը աշխատեց ավելի արդյունավետ, նրա ծրագրերն առավել իրատեսական էին և որակական առումով նա լավագույն թեկնածուն էր (թիմը):

Հայաստանի նման փոքր երկրում, նման հարցերի պատասխանը արագ տարածվում է, իսկ ընտրական օրինականությունը չափելի է նույնիսկ աչքով:

Հայաստանում ընտրական ավանդույթների համար բոլորը մեղադրում են 1996-ի արատավոր նախագահական ընտրությունը, որը հիմք դրեց հետագա բոլոր տեսակի ընտրական չարաշահումներին: Պետք է ջանալ և հուսալ, որ 2017-ի ընտրությունը կլինի շրջադարձային և ապագայի համար կդառնա չափանիշ ժողովրդավարական ավանդույթների համար: Ոչ մի կասկած չկա, թե տնտեսական, թե ռազմավարական մյուս զարգացումները իրենց երկար սպասել չեն տա:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների