Պատգամավորն իրավունք չունի հունից դուրս գալ․հեշտ է ասելը

Պատգամավորն իրավունք չունի հունից դուրս գալ․հեշտ է ասելը

13.12.2016 | Երեւան |

Հեղինակ՝ Արսեն Բաբայան

Հեղինակ՝ Արսեն Բաբայան |

Արդեն տեղյակ եք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ու լրագրող Վահե Մակարյանի միջև Ազգային ժողովում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ պատգամավորի` այդ լրագրողը խուլիգան է, ըստ լրագրողի՝ պատգամավորն իրեն «բոքսել է»։ Պատգամավորը թեև չի ընդունում, որ բռունցքով հարվածել է լրագրողին, սակայն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ապտակել է լրագրողին։

Ապտակելն էլ համարում եմ բռնություն, որը թեև չի առաջացնում քրեական պատասխանատվություն, եթե իհարկե չկան մարմնական վնասվածքներ, սակայն առաջացնում է հասարակական-քաղաքական դատապարտում։

Բազմիցս եմ ասել, որ որպես քաղաքացի` դատապարտում եմ բռնության որևէ երևույթ, իսկ որպես ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ` լրագրողի նկատմամբ բռնության որևէ երևույթ համարում եմ անընդունելի։ Տարբերությունն այն է, որ ի պաշտոնե դատապարտելու լիազորություն չունեմ։

Այն, որ որոշ լրագրողների համար ապտակվելը կարող է շահեկան լինել, քանի որ այդպիսով գոնե մի քանի օր ամբողջ լրատվական հոսքերում իր անունն է շրջանառվում, վաղուց ապացուցված փաստ է։ Հավանաբար սա էլ այդպիսի դեպք էր, հատկապես, որ մաշկիս վրա եմ զգացել նույն լրագրողի սադրանքները։ Սակայն անգամ այս պարագայում ամբողջությամբ մերժում եմ բռնությունը։

Իսկ ի՞նչ պետք է աներ Ռուբիկ Հակոբյանը․ պետք է կանխեր այն առիթը, որը կարող էր դառնալ ապտակելու պատճառ։ Պարոն Հակոբյանն իր հարցազրույցներում պնդում է, թե այդ լրագրողը ոչ-թե լրագրող է, այլ խուլիգան։ Այս առումով պարոն Հակոբյանն իրեն իմ կարծիքով ավելի խոցելի է դարձնում, քանի որ գոնե քաղաքական գործչի համար այդ պայմաններում պետք է կանխատեսելի լիներ այդպիսի սցենարը։ Այսպես, Եթե իսկապես գործ ունենք խուլիգանի հետ, ապա պետք է կանխատեսենք, որ խուլիգանը պատրաստ է ցանկացած քայլի, անգամ հայհոյելու կամ առաջինը հարվածելու։ Սա նշանակում է, որ հնարավոր է հունից դուրս գալ ու հակահարված հասցնել կամ հայհոյանքին հարվածով պատասխանել։

Հետևությունս այն է, որ չպետք է ստեղծել այնպիսի առիթ, որը կարող էր հանգեցնել նման ավարտի։ Եթե գիտենք, որ գործ ունենք խուլիգանի հետ, ապա որևէ դեպքում չպետք է առանց ներկաների նույն տարածքում գտնվել խուլիգանի հետ։ Այսինքն պարոն Հակոբյանը պետք է ամեն գնով խուսափեր խուլիգանի հետ առանձին զրույցից, իհարկե, եթե համոզված էր, որ գործ ունի հենց խուլիգանի հետ։
Ես չեմ կիսում կարծիքը, թե Վահեն խուլիգան է, գուցե վատ լրագրող է, սադրիչ, բանսարկու, բայց ոչ խուլիգան։ Ի դեպ, ինձ համար հանելուկ մնաց այն, թե ինչպես է հնարավոր «բոքսելով» առաջացնել փոքրիկ քերծվածք։

About The Author