eJournal-ը հարթակ է մտածող մարդկանց համար․ Հարցազրույց

eJournal-ը հարթակ է մտածող մարդկանց համար․ Հարցազրույց

08.12.2016 | Երևան |

Անահիտ Առաքելյան

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի |

Մեդիադաշտում եղած «հավաստի աղբյուրների» և դրանց տարածմանը խթանողների, լուր գրողի և լրագրողի տարբերությունների, ինչպես նաև բամբասանքը բակային մակարդակում, բակերում թողնելու մասին։ Բացահայտումներ eJournal կայքի հիմնադիր՝ Արսեն Բաբայանի հետ։

— Պարոն Բաբայան, ին՞չը ստիպեց ստեղծել ձեր սեփական կայքը, գուցե դաշտում դրա բացակայությունը։

— Ստիպեց այդ ֆորմատում բովանդակալից ամսագրի պակասը: Ինձ համար գլխավոր գաղափար ծնվեց ստեղծել մտածող մարդկանց հարթակ, որտեղ մտածողները կբարձրացնեն հարցեր ու միաժամանակ կառաջարկեն դրանց լուծման իրենց տարբերակը: Հենց այսպիսի բովանդակության պակասն էր, որ նկատել էի տարիներ շարունակ: Ինչպես գիտեք քննադատությունների պակաս, հատկապես համացանցում չկա, սակայն այդ քննադատություններից քչերն են, որոնք կառուցողական են:

— Կարելի է ասել, որ կայքի գլխավոր նպատակը մտածող մարդկանց հարթակ տրամադրելն էր և եթե այո,որքանո՞վ է ստացվում։

— Գլխավոր նպատակն ինչ-որ բան դեպի դրականը փոխելն է: Իսկ հարթակն այն գործիքն է, ինչով պետք է հնարավոր դառնար այս դրական փոփոխությանը։ Կարծում եմ ստացվում է, կոնկրետ մեր հոդվածներից մեկով, մեքենաների կանգառների չարաշահման թեմայով, եղավ քաղաքապետարանի արձագանքն ու հարցը լուծում ստացավ գրեթե այնպես, ինչպես առաջարկել էր հենց eJournal-ի հեղինակը: Ամեն դեպքում, եթե ոչ այսօր կամ վաղը, ապա վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում մեր կայքում հեղինակ մտածող մարդկանց մտահղացումներն ու կառուցողական առաջարկները գտնելու են իրականացնողներին, որոնք էլ, մեր օգնությամբ, ինչ-որ բան կփոխեն դեպի լավը:

— Պարոն Բաբայան լինելով կայքի հիմնադիրը, հետևաբար հանդիսացել եք կայքային տարբերակով տեղեկատվության տարածման խթան, այդուամենայնիվ ինչ եք կարծում այսօր Հայաստանում ո՞րն է տեղեկատվական լավագույն աղբյուրը։

-Շատ հետաքրքիր հարց տվեցիք: Ձեր հարցի պատասխանի մասին մոտ օրերս eJournal.am-ում պատրաստվում եմ հոդված հրապարկել: Ինձ համար տեղեկատվական լավագույն աղբյուրն օբյեկտիվ և ստուգված աղբյուրն է: Այսինքն ցանկացած աղբյուր, որը ճշմարտացի է, չունի աղբյուր հանդիսանալու համար որևէ հետին միտք կամ անձնական շահ: Բայց ամենակարևորն այդ աղբյուրից ստացված տեղեկության ճիշտ մատուցումն է, վերլուծված կամ փաստարկված: Որպես լրագրող նկատել եք, թե որքան շատ են մամուլում «մեր հավաստի» աղբյուրները: Վստահ եմ, որ նկատել եք նաև, որ այդ աղբյուրներից ստացված տեղեկությունների գերակշիռ մեծամասնությունը կամ ակնհայտ սուտ է կամ միտված է ծառայել ինչ-որ անազնիվ նպատակի: Իհարկե այդպիսի աղբյուրներում կան նաև ճշմարիտները: Հաջորդ հոդվածս, որի մասին արդեն ասեցի, լինելու է հենց «հավաստի աղբյուրներից» ստացված և հետո իրականություն դարձած տեղեկությունների մասին: Բանն այն է, որ այդ տեղեկությունների մեծ մասը ոչ թե ստացվել են ինչ-որ «հավաստի աղբյուրներից», այլ դրանք պարզապես ճիշտ վերլուծության արդյունք են: Եվ այստեղ մտահոգության առիթ է ինձ համար այն հանգամանքը, որ լրագրողը վախենում է սեփական խելամիտ վերլուծությունը ներկայացնել հենց այդպիսին, որպես սեփական վերլուծություն: Առավելությունը տրվում է «սեփական աղբյուրին», ինչը, համաձայնեք, որ ավելի ցածր հավաստիություն ունի, քան սեփական վերլուծությունը: Նաև պետք չէ վախենալ վերլուծության սխալից, այսինքն գուցե այդպես եք վերլուծել, բայց չի եղել այդպես, նորմալ է ու բնական:

-Վերլուծությունները խանգարու՞մ են լրագրողին, ասել է թե լինել օբյեկտիվ։

— Եթե լրագրողին դիտարկում ենք բացառապես որպես «լուր գրող» և հրապարակող, ապա համաձայն եմ, որ կարող է խանգարել, սակայն պետք է ընդունենք, որ հորինվածքն ամենևին էլ լուր չէ: Լուրն առնվազն պետք է լինի ստուգված և օբյեկտիվ, իսկ անհայտ աղբյուրներից ստացված տեղեկությունը, որը կոչում ենք «սեփական ու հավաստի» աղբյուր, ոչ այլ ինչ է, քան սուբյեկտիվ կամ հնարված տեղեկություն: Փաստ է, որ չի կարող լուրն ամբողղջությամբ լինել օբյեկտիվ, եթե դա տվողը թաքնվում է: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չէ, իսկ թե ի՞նչն այնպես չէ, ընթերցողը հնարավորություն չունի լիարժեք գնահատելու: Ինչ վերաբերվում է ընդհանրապես լրագրողի անկողմնակալությանը, ապա ես դա ընդունում եմ հենց այդպես, սակայն սա չպետք է լրագրողին կաշկանդի սեփական վերլուծությունը մատուցելու համար, հատկապես, եթե այդ լրագրողը հանրահայտ է:

— Պարոն Բաբայան քանի որ խոսեցիք «սեփական և հավաստի աղբյուրների» մասին, թույլ կտամ ինձ հարցնել. ովքեր են դրանց տարածման նպաստողները, եթե չասենք հենց հիմնադիրները։

— Բոլոր նրանք, ովքեր տարածում են այդպիսի աղբյուրի վրա հենված տեղեկություններ: Եթե ես ուզում եմ վատություն անել որևէ մեկին, օրինակ՝ լուր տարածեմ, թե այդ մարդը հանցագործ է, ապա սկսում եմ փնտրել ու գտնել այնպիսի լրատության կամ տեղեկատվության միջոցներ, որոնք դեմ չեն այդպիսի չստուգված լուրեր տարածելուն։ Անհրաժեշտության դեպքում համապատասխան վճարումն անում եմ ու պատրաստ է, անձը վարկաբեկված է։ Սա սարսափելի երևույթ է։

— Իսկ հասարակությունը նպաստու՞մ դրա տարածմանը։

— Բամբասանքը, ցավոք, հայ հանրության մոտ լուրջ պահանջարկ ունի, ուստի՝ նպաստում է: Սակայն սա չի արդարացնում բամբասողներին, քանի որ եթե չլինի բամբասանք, ապա հասարակությունում էլ կնվազի դրա պահանջարկը: Բամբասանքը պետք է թողնել փսփսոցների մակարդակում, այն ամբողջությամբ բավարար է բակերում կամ նեղ շրջանակներում:
— Պարոն Բաբայան և վերջին ավանդույթ դարձած հարցը. ի՞նչ է պակասում Հայաստանին,փորձեք մեկ բառով։

— Մեկ բառով շատ դժվար է, փորձեմ գոնե երկուսով. բնակչի մտածողություն։ Այս մասին էլ ապագայում հոդված կգրեմ։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների