Մանկություն չունեցող սերունդը

Մանկություն չունեցող սերունդը
Արմինե Ավետիսյան

Հեղինակ՝ Արմինե Ավետիսյան |

Դեկտեմբերի 6-ին մայրս Գյումրու գերեզմանատներից մեկից սարսափահար էր տուն եկել: Ծնողների շիրմաքարի ձյունը մաքրելու ժամանակ նկատել է, որ իրեն հետևում են, իսկ երբ թարմ ծաղիկները դրել է քարին ու որոշել հետ վերադառնալ, մի անծանոթ երիտասարդ թռել-կանգնել էր գերեզմանաթմբին ու արագ-արագ սկսել նոր բերված ծաղիկները հավաքել՝ չմոռանալով մամայիս դեմքին գոռալ, թե վաղը դեկտեմբերի 7-ն է, շատ ծաղիկներ են պետք․․․ ՇԱՏ ԾԱՂԻԿՆԵՐ․․․ Յուրաքանչյուր սուգ յուրաքանչյուր ոք յուրովի է բիզնեսի վերածում․․․
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին մենք՝ լրագրողներս, հրապարակում ենք սիրտ կեղեքող հազար ու մի պատմություն, ճակատագրերից խոսում, հուզվում ու հուզում դիմացինին, իսկ դեկտեմբերի 8-ին պատմությունը ծալում-դնում հիշողության թղթապանակում և առաջ քայլում՝ դա է կյանքի օրենքը: ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ․․․
Գյումրիում կյանքը, սակայն, այլ է: 28 տարի է քաղաքս կոտրված ողնաշարով է ապրում: 28 տարի է քաղաքաշինական ու բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացվում, տներ են կառուցվում ու գնվում անօթևանների համար: 28 տարի: Մի ամբողջ բանական կյանք, որ բավական էր նոր քաղաք կառուցելու համար: Գյումրին սակայն, կարծեք թե, հրաժարվում է վերականգնվել…
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում քանդվել է 20612 բնակարան, մինչ օրս 16040 ընտանիքի համար բնակարան է կառուցվել, ևս 5053-ը բնակարան է գնել ԲԳՎ ծրագրով: Թվերն ենք համադրում ու պարզ է դառնում՝ իրականում պետությունը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ անգամ մի փոքր ավելի: 20612 կորցված բնակարան և 21093 նորը…
Սակայն հազարավոր անօթևաններ են դեռ տնակներում ապրում, հազարավոր մարդիկ են չապրելու պայմաններում կյանքի կռիվ մղում, ամուսնանում, երեխա լույս աշխարհ բերում…
Գյումրիս շարունակում է ապրել տնակային ավաններում:
Ինչու՞մն է խնդիրը… Ստում ենք բոլորս: Ստում է, թե իշխանավորը, ստում է թե քաղաքացին, ստում է թե բանվորը, թե ոչ գյումրեցին…
Հիմա ավելի մանրամասն: Քանի ու քանի ղեկավար անձ է թղթեր կեղծել ու կորցրած մեկ բնակարանի դիմաց մի քանիսը ստացել, քանի գյումրեցի է ժամանակին բնակարան ստացել, վաճառել այս ու այն խնդրի պատճառով ու կրկին մնացել անկտուր… քանի բանվոր ու բանվորի ղեկավար է գողացել անօթևանների համար տուն կառուցելու համար նախատեսված քարերը, ցեմենտն ու այլ նյութեր, արդյունքում բնակության համար ոչ պիտանի տներ կառուցել… քանի ոչ գյումրեցի է եկել Գյումրի, վագոն-տնակ ձեռք բերել ու 88-ի աղետից տուժածի կարգավիճակով սկսել ապրել՝ սրան ու նրան համոզելով, որ տականք պետությունը 28 տարի է իրեն տուն չի տալիս…
Մի տեսակ արժանի եք իրար:
Սիրում ենք ստել, սիրում ենք իրար դեմքի թոզ փչել, սիրում ենք ողբալ ու մի աչքով թաքուն հետևել՝ ում խաբենք, որ մի քանի կոպեկ ավել աշխատենք…
Մեր ստի, կեղծիքի, թալանի արդյունքում է, որ տուժում են իսկական տուժվածները, որ մոտ 3 տասնամյակ է տուն է մուրում, որ սովորել են ոչնչից տանիք կառուցել, որ սովորել են ոչնչից փող քամել ու գոյատևել՝ հավատալով, որ վաղն ավելի լուսավոր է լինելու…
…Գիտեք, ես մանկություն չեմ ունեցել: Ես երկրաշարժի սերունդ եմ: Տարկեցիներիս այդպես են անվանում՝ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ… Ես ու ընկերներս մեծացել ենք երկրաշարժի ավերակներից պոկված եսիմինչերով խաղալով, մենք մեծացել ենք փոշի ու կեղտ շնչելով, մենք մեծացել ենք չմեծանալու պայմաններում, մենք էինք, որ տնակային դպրոցներ էինք գնում, սալյարկայով տաքացող վառարանի մոտ սառած ձեռքերն էինք ջերմացնում, օգնություն եկած կաթի փոշով հեղուկն էինք կուլ տալիս ու սովը դեսպեյի համով թխվածքով հագեցնում… Ապրեցինք՝ հավատով լցված:
… Ես հավատում եմ, որ մեր կառավարությունը կհասկանա մի օր, որ աղետի գոտի ասվածը դեռ կա, որ ընտանիքներ են աճել ու բազմացել, որ մեկ սենյակում այլևս 10 անձ չի տեղավորի, որ բնակարան ստանալու համար համապատասխան փաստաթղթերը չկան, որովհետև փլատակաների տակ են մնացել, որ… Որ պարզապես Գյումրին ապրել է ուզում…
… Իսկ հիմա քայլում եմ ցեխոտ փողոցներով ու երազում՝ գոնե այս տարին տաք ձմեռ լինի: Վառելափայտը թանկ է, գազով տուն տաքացնելն էլ՝ բարդ…

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների