Չիմանալով, թե ինչ է գործիքավորումը, դարձա առաջին երգիս գործիքավորողը. Հարցազրույց

Չիմանալով, թե ինչ է գործիքավորումը, դարձա առաջին երգիս գործիքավորողը. Հարցազրույց

20.10.2016 | Երևան |

Անահիտ Առաքելյան

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի |

«eJournal.am»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի՝ Հայկոյի հետ՝ անդրադառնալով երաժշտական ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններին,ինչպես նաև այն խնդիրներին ու հիասթափություններին, որոնք եղել են արտիստի կյանքում։

— Երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, ծնունդով Երևանից,մուտք գործեց հայկական երգարվեստ՝ ներկայանալով լրիվ նորովի ու յուրովի։ Ի՞նչն էր պատճառը՝ ժամանակի պահանջը,դաշտում եղած բացը, թե գենետիկորեն ժառանգած շնորհն օգտագործելը։

-Ճիշտն ասած նպատակ չեմ ունեցել երգիչ դառնալու,ընդհանրապես դրա մասին խոսք գնալ չէր կարող։ Ես սովորում էի երաժշտական դպրոցում՝ջութակի բաժնում ու երազում էի դառնալ դաշնակահար, ոչ երգիչ: Սիրում էի հատկապես ջազ: Սիրում ու լսում էի,ապրում էի դրանով։ Երևի եկա բացը լրացնելու, որովհետև կուտակածս էներգիան միայն երգի միջոցով էի կարողանում դուրս հանել, իսկ երբ մատուցածդ էլ դուր է գալիս հադիսատեսին, դա իսկական հաղթանակ է և ինչպես յուրաքանչյուր արտիստ ես նույնպես ոգևորվում էի։(Ժպտում է. Հեղ.:)

-Ասում են երաժշտությունն ընկալող ու սիրող մարդու համար այն դառնում է հոգևոր պահանջը բավարարելու միջոց։ Այդ դեպքում ստեղծողի համար ի՞նչ է։

-Ես անկեղծ կլինեմ, երաժշտությունը իմ աշխարհն է, այնտեղ ես ինձ լավ եմ զգում,այն ստեղծելուց լցվում եմ։ Բայց հիմա ես ունեմ արդեն իմ ուրիշ աշխարհը՝ որդիս՝Արմանը, որի համար անչափ երջանիկ եմ։

-Դուք նաև գործիքավորող եք։ Ինչպե՞ս ծնվեց առաջին երգի գործիքավորման գաղափարը։

-Շատ հետաքրքիր կատարվեց ամեն բան,բացահայտեմ. ես չգիտեի,թե ինչ է գործիքավորումը ընդհանրապես,բայց դարձա իմ երգի գործիքավորողը։ Առաջին երգս «Առաջին սեր»-ն էր,որը չորս տարբեր տարբերակներով ձայնագրվեց։ Հուզված էի, ուրախացած, զարմացած,մի խոսքով խառն էի, բայց շատ լցված։(Կարոտով է հիշում. Հեղ.:)

— Հայկո՛, ունեցել եք և վայրէջքներ և վերելքներ, որը բնական է,բայց ինչը՞ կարող էր հիասթափության պատճառ դառնալ։

— իհարկե ունեցել եմ և՛պարտություն և՛ հաղթանակներ։ Ես դրանց նորմալ եմ նայում,չնայած պիտի խոստովանեմ,որ արտիստի համար ցավալի կարող է լինել ոչ լեցուն դահլիճը։ Ես պարզապես մի բան հասկացա, որ պիտի լինես էնտեղ, որտեղ քեզ սպասում են, սպասում են,թե ինչ ես մատուցելու։Մարդու կյանքում պիտի լինեն նման դեպքեր ուժեղանալու համար։ Բոլորի հետ էլ կարող էր պատահել և ես էլ բացառություն չէի։hayko1

— Տարիների ընթացքում փոխվել է նաև երաժշտական աշխարհը, մատուցման եղանակներն ու միջոցները։Դրական փոփոխություն նկատու՞մ եք։

-Շատ է փոխվել համաձայն եմ, փոփոխություններ կան,որոնք ինձ դուր են գալիս։ Այն ժամանակ մենք՝ հայ արտիստներս ինքներս էինք գտնում մեր սխալները, ինքներս էինք շտկում դրանք, կարճ ասած չունեինք օգնող,իսկ հիմա, դասավանդելով Չայկովսկու երաժշտական դպրոցում, որտեղ ունեմ իմ առանձին խումբը, փորձում եմ ունեցածս փորձով կիսվել, փոխանցել սաներիս։ Կարծում եմ կարելի է դրական փոփոխություն համարել։ (Գոհունակ ժպտում է. Հեղ.:)

— Եթե ոչ կոմպոզիտոր, ապա ո՞վ։

— Նկարիչ, շատ զարմանալի է, բայց ես դեռ վաղ հասակում երազում էի ցուցահանդեսի մասին։ Իմ նկարներով ցուցահանդես կուզեի։ Հիմա ժյուրիի կազմում լինելով և միշտ ունենալով թուղթ ու գրիչ, հաճախ մանկության երազանքս ինձ հյուր է գալիս։ Գծում, գծմծում եմ։ (Ծիծաղում է. Հեղ.:)

— Հոգատար ամուսին ,ընտանիքի հայր, սիրելի երգիչ։ Բարդ չէ՞։

— Բարդ է, բայց ես էլ, Անահիտն էլ փորձում ենք ամեն բան անել, որպեսզի ճիշտ դաստիարակենք և օրինակ լինենք մեր որդու համար։ Մեր ժամանակը տրամադրում ենք մեր ամենակարևորին՝ Արմանիս։ Ուզում եմ ընտանիքովս օրինակ լինել։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների