Կյանքամեջում սղված երիտասարդություն. Մաս 5-րդ

Կյանքամեջում սղված երիտասարդություն. Մաս 5-րդ

07.11.2016 | Լոս ԱՆջելես |

Հեղինակ՝ Նունե Պ. |

Ինքնաթիռ բարձրանալուց իրարանցում նկատեցի, չանդրադարձա՝ ինչումն է բանը։ Ընթացքում էլ ինչ-որ շարժում կար սրահում, հիմնականում 16-17 տարեկան դպրոցականներ էին, որ հանգիստ չէին մնում ու դա շատ բնական էր։ Հիմա կարծես հոգնել, քնել են։ Հայկական դպրոցներից մեկն է կամ պարի խումբ կլինի, որ գնում է Հայաստան՝ համերգների։ Հիմա մերոնք էս էրեխեքին իրարից կփախցնեն։ Ունենան-չունենան՝ հաշիվ չի, պիտի ման բերեն, կերցնեն, նվերներ առնեն, մի բան էլ հետները դնեն: Դեռ Աստված չանի՝ ոտքները Ապարան ընկնի։ Հաստատ ամենաքիչը երեք օր ոչ դուրս կպրծնեն, ոչ էլ ուշքի կգան ուտել-խմելուց։ Համերգն էլ չի կայանա, կարող է նույնիսկ ինքնաթիռից էլ ուշանան: Ահագին առաջ էր, շատ-շատ առաջ։ Դեռ մեր սերունդը որոնումների մեջ՝ ինչ ասես փորձում, ինչ անկապ բան ասես հագնում, իմացած-չիմացած քիթը խոթում, մի օր լավ, մի օր վատ գոյատևում էր։ Բոլորի մեքենաները հին, մի կողքը խփած։ Բոլորի վարձած տներում Հայաստանից բերած Էրեբունի խալի, կոբալտից մի քանի ամաններ ու խրուստալի «բոչկա» բաժակներ։ Բոլորի պատերին անպայման Մասիս սարի նկար, սառնարանում Ֆանտա, պեպսի, գազօջախին հավի տապակա (տպավորվել է, ի՞նչ անեմ)։ Հազիվ հին էկած ծանոթ-բարեկամների դասավորած ոսկու բիզնես, մոյկա, կարի արտադրամաս կամ «բադիշափ»-երում մի քանի դոլարով աշխատանք գտած, պետության տված նպաստն էլ միայն բնակարանի վարձն էր, որ շատերին օգնելու փոխարեն ուղղակի խանգարում էր մի քայլ առաջ գնալ։ Ամենահեռու տեղը Սանտա-Մոնիկա ծովափ, ամենալավ հաղորդումը Սասուն Պասկևիչյանի հեռարձակած հայերեն եթերը։ Էրեխեքին զոռով, քաշքշելով դպրոց տանելը, մեկ էլ հաճախ հագցրած ծիծաղելի շորերը։ Ոչ հասկանում էինք վրան ինչ է գրված, ոչ էլ հագներս էր։ Ընկերներիցս մեկի տղա երեխան դպրոցական նկարում Հելլո Կիտի վարդագույն շապիկով է: Բախտներս բերել է բազմազանության դրոշի գույներով շապիկ չենք հագել ու բռնաբարվել։ Մեքենաների վրա գունավոր ցուցանակներ « VALBRESO » տեսել եմ, որ ֆրանսիական պանրի անուն է, « KALAMATA » նույնպես, որ ձիթապտուղ է: Մեր հագ ու կապին չանդրադառնամ։ Ես դրան « Hocus Pocus » -ի ժամանակաշրջան եմ ասում։ Էրեխեքն էլ, որ կատակով ուզում են սպառնալ, ասում են « ուզու՞մ ես Hocus Pocus-ի նկարներդ ֆեյսբուք դնենք»: Քանի քանիսը այդպես էլ չհասկացան՝ ու՞ր են ընկել, ինչու՞: Քանի քանիսը զոհ գնացին ալկոհոլին, թմրադեղին, հիվանդություններին։ Քանի քանիսը երեխաներ կորցրեցին գենգերում, « օվերդոզերից» ու պատահարներից։ Իսկ քանիսի ձեռքից երեխաներ վերցվեցին պետական մարմինների կողմից՝ մեզ համար գոնե անմեղ պատճառներով։ Քանի՜քանիսը մինչև օրս էլ ամեն ամիս բանտերի ճանապարհներին են, քանի որ մերոնք այստեղից էլ ետ մնալ չեն սիրում: 1994 թվականի ձմռանը Լոսում ահագին ուժգին երկրաշարժ եղավ։ Մի ամբողջ օր հոսանքը անջատվեց, շատերի հեռուստացույց, ապակեղեն և այլն կոտրվեցին։ Պետությունն էլ որոշեց ուտելիքի կտրոններ բաժանել մարդկանց՝ որպես օգնություն։ Եվ կարող էր մոտավորապես $ 500 չափով փող ստանալ յուրաքանչյուրը, ով տուժել էր երկրաշարժից։ Ո՞վ կհրաժարվի այդքան գումարից, հավատացեք ոչ ոք։ Շատերը հենց այդքան գումարի համար էին աշխատում ամբողջ ամիս, օրը 12 ժամ։ Գիշերվա 2-ից պետական այդ հաստատության դիմաց շարք գոյացավ, որը շուտով այնքան երկարեց, որ ոստիկանները շրջապատեցին ու սկսեցին հսկել։ Մեր քաղաքում հիմնականում մենք ենք, շարքն էլ մեծամասնությամբ բաղկացած էր մերոնցից։ Խոսում էին, ծիծաղում, ծանոթանում, պատմում իրար մասին, իրար կպած տաքանում։ Հակառակի պես, շատ ցուրտ գիշեր էր։ Օտարները պատրաստված՝ տաք ծածկոցներով էին գալիս, հետները ուտելիք ու տաք խմելիքներով։ Մենք «հարիֆ», անփորձ ու «հպարտ»… Մեր էս «հպարտ» շարքի մեջ ու՞մ չտեսա, ո՞վ մնաց: Հին էկածը, նորը, հասարակն ու հատուկը, գոռոզն ու անկեղծը, խելոքն ու հիմարը: Հա՜, հիմարին լավ եմ հիշում։ Ուրեմն երկու տղամարդ էին, դեռ աշխատանքային շորերը հագներին, հաստատ գործից հասել մեկն ու մեկի «յանը» հացները կերել, կատարներն էլ տաքացրել էին։ Կանանցից մեկն էլ երևի ասել էր. §Տղերք, հերիքա խմեք, էսօր ֆուդ ստամպ են բաժանելու, հելեք, գնացեք հերթ կանգնեք»։ Մեր խելոքներն էլ քեֆները լավ, սոխ ու սխտորի, տապակած կոտլետի ու օրվա աշխատանքի ընթացքում վաստակած քրտինքի հոտը վրաները էկել, ընդամենը զվարճանում էին հերթի մեջ։ «Արա ախպեր, էլանք խայտառակ, էրկու կոպեկ պտի տան, դրին էն բանից արին արա՜»: «Տո սիկտիր արա, քել էթանք, ախպեր, էկէ թայ ենք էլէ էս լոբի- մոբիքին»: «Տո խի՞, էսքան կայնանք, արա, սրանք առնեն, մենք լոխի պես հլնենք էթա՞նք»: «Քուրիկ ջան, ուրդու՞ց ես, չէ, պրոստը դեմքդ ծանոթ է, լավ չես ուզում, մի խոսա։ Պահ, արա, սրանք սաղ իրանց դրել են չգիդեմ ում տեղը ախպե՛ր»: Հահահա, հիհիհի ու ծխում են, ծխում են հենց մարդկանց մեջ, նեղ տեղը, ծուխն էլ փչում ում էրեսին պատահի։ Կողքից միայն օտարներն են դիտողություն անում։ Մերոնք որը ամաչելուց, որը վախից, որն էլ նորմալ համարելուց ձայն չեն հանում։ Սրանք էլ էս օտար դիտողություններից ավելի լկտիացած, ծիծաղում, անկապ պատասխաններ են տալիս, շարափ-մարափ խառնել են, արանքում էլ մեռածները աղջիկ են խոսացնում։ Ոստիկաններից մեկը մոտեցավ, փորձեց սաստել սրանց։ Ես մի տեսակ զգացողություն ունեի, որ լավ չի վերջանալու ու սրտնեղած թարգմանում էի։
-Կարգը մի խանգարեք և մի ծխեք մարդկանց մեջ,- թարգմանում եմ ոստիկանի խնդրանքով։
-Իրան ասա, էսի ազատ երգիրա, խի՞ է դրանց պաշտպանում:
— Դե չգիտեմ ինչ ասեմ, ասում եմ, այո, պարոն ոստիկան, էլ չեն անի, խոստանում են:
-Էտ ինչ ասեց, որ ասիր իմ ասածը,- շարունակում է « խելոքը» ։
-Լռեք, թող գնան, պետք չէ շարունակել,- ասում եմ։
-Տո խի՞ է, ի՜նչ ենք արել, որ։ Ամեն տեղ պտի էշըցած կայնենք, մեզ էլ բամփե՞ն արա:
Գոռում է, մատ մուտ է ցույց տալիս։ Ոստիկանն էլ պատկերացնում է միայն, թե ինչ է կատարվում, ես էլ չեմ թարգմանում: Մեկ էլ էս մեր խելոքը ձեռքի սիգարետի մնացորդը նետեց գետնին։ Այո՜, այդ թվերին փողոցում ծխել կարելի էր, ինչ խոսք, մեր ախպերը ճիշտ էր, բայց մնացորդը գետին նետել կարելի՞ էր արդյոք: Այ օրենքի վարժապետ, էտ դասը չէի՞ր անցել։ Ոստիկանը հանգիստ առաջ եկավ, մատնացույց արեց գետնին նետված գլանակի մնացորդն ու 500 դոլարի տուգանք գրեց մեր ախպորը։ Կողքինը կատաղած, հայհոյում, բարկանում էր ու նորից չհասկանալով՝ բարձր ձայնով թքեց գետնին։ Հաջորդ թերթիկը ոստիկանի տետրից պատռվեց թքելու համար հատկացված մեծ տուգանքով։ Իրոք, իմ տեսած ամենատխուր դեպքերից էր։ Մինչև օրս չեմ մոռացել, թե ինչ ցավալի վիճակի մեջ ընկան էս խեղճերը։ Միանգամից երկուսն էլ լրջացան, իրենց հավաքեցին։ Ուզեցին թողնել, գնալ, հետո կողքից մերոնք խորհուրդ տվեցին մնալ, գոնե էտ փողը ստանալ, թե չէ էն էլ թողնել, տուգանքն էլ մուծել: Իրոք ազդեցիկ էր շա՜տ։ Բախում իրականության հետ, դաստիարակչական ապտակ կամ մի մե՜ծ քմծիծաղ:
Ամբողջ թռիչքի ընթացքում ցերեկ է դրսում։ Լոսից դուրս եկանք ցերեկվա չորսի կողմերը, լույս էր ու մինչ այս կիսագունդը կհասցներ մթնել, մյուսը լուսացավ արդեն։ Հայկոն ձեռքիս գիրքը վերցրել՝ չարչարվելով կարդում է բարձր, չի կարդում, սպանում է:
-Դու ասում ես, թե սառել եմ, բոլոր -բոլոր կրակներս ես վառել եմ ու հիմա էլ մթան մեջ եմ ես խարխափում:
-Այ տղա, տուր այստեղ գիրքս, հոգին հանեցիր, ինչու՞ լավ չես կարդում:
-Մենակ հայկականը շաբաթօրյա դպրոց եմ գնացել, էն էլ մեր օրիորդ Շողերը երգելու հավես ուներ, ոչ թե տառեր սովորացնելու։ Ամբողջ օրը «Սիրունիկ, սիրունիկ, նախշուն կաքավիկ»։ Մեկ էլ աղոթքը մինչև կրկնում էինք, ժամը վերջանում էր։ Մի օր ես ու ախպերս մեր արևին աղոթում էինք, մամաս լսել էր. «Ավովո, ևովո , ևհուվու, ամեն» ենք ասում։ Պատկերացրել էր, որ Հայր Մերն է, հազար հատ խաչ անել տվեց մեզ ու ամեն անգամ էլ պիտի ասեինք՝ Մեղա։ Էլի լավ չենք, ծիծաղից թուլանում ենք երկուսով։ Ու ինչքան փորձում ենք զսպել, ավելի է վատանում։
Էս մեր էրեխեքի արկածները պահպանել է պետք, իսկապես։ Տղաս տաս տարեկան էր.
-Մա, Ալեքսի տուն էի գնացել։ Իրան տանը Շաշկա են ասում։ Ինքը երեք հատ մամա ունի, մի հատ պապա, ախպեր ու քուրիկ։ Իրանք Հավլաբարից են եկել,- ինչպես միշտ, նորությունով տուն եկավ մի օր։ Դե արի բան հասկացի։
-3 հատ մաման ո՞րն է, այ տղա:
-Ասում եմ երեք հատ, ուրեմն երեք հատ,- բարկանում է։
Ես ու Լուսոն չենք հասցնում ուշաթափվել, փոքրս ավելացնում է.
-Տոման ամաններն է լվում, Գալկեն ավլում է, իսկական մաման էլ լվացք է անում։
Հետո պարզվեց երկու մորաքույրներն իրենց հետ են ապրում, Սաշկան էլ բոլորին՝ Մա է կանչում։ Համով էին, ինչ խոսք, ծիծաղելի ու միամիտ։ Միշտ հիշեցնում եմ, ծիծաղում ենք միասին։ Երբ մեկն ու մեկին պատմում եմ իր պատմությունները, ասում է. «Լավ, պատմի, պրծի, մինչև նոր էկած ժամանակվա նկարներդ ֆեյսբուք դնեմ ու գամ«։
-Ասում են՝ անպայման Ջազվե գնամ, էլի տեղեր էին ասում, ամբողջը գրել եմ, որ հատ- հատ գնալու եմ:
Հայկոն է բացվել, ռեստորան, կաֆեների անուններ է կարդում հեռախոսի մեջ։ Ինչ երջանիկ ես, Հայկո ջան, որ ցուցակումդ ոչ դպրոցը կա, ոչ վաճառած տունը, ոչ սիրածդ այգին, ոչ էլ կարուսելը։ Դու իմ ցուցակը չես հասկանա, հաստատ չես հասկանա։ Իմ ցուցակը սկսվում է Եռաբլուրով, հետո գնում է քո համար երևի մի անկապ գյուղ, անունը Զանգակատուն կամ Չանախչի։ Այ այդ գյուղը մեզ հանճար է տվել։ Հանճար, որի գիրքը նոր բռնել ձեռքումդ ու չարչարելով կարդում էիր։ Կգնամ, երկար կմնամ Սևակի ապրած տանը։ Կմտնեմ այգին ու կփորձեմ հասկանալ, թե ինչն էր իրականում Սևակ հանճարի ներշնչման աղբյուրը։ Կնկարվեմ բակում՝ մեծ քարի կողքին, կտեսնես՝ ֆեյսբուքում կդնեմ նկարը։
Իմ ցուցակում Ծաղկաձորի Մաշտոց ճամբարը կա, Արջաղբյուրն ու Կեչառիսի վանքը։ Էրեբունի սարը կա ու հետևի ամբողջ սարերը։ Իմ ցուցակը շատ տարբեր ցուցակներից է, Հայկո ջան։ Իմը՝ հիշողությունների է, ուրախ և տխուր կապ չունի, հիշողությունների ցուցակ է։ Այգի եմ գնալու՝ մանկականը, գազանանոց ու Բյուրական։ Ուզում եմ նավակի նման ճոճանակը նստել Հաղթանակի այգում ու Այգեստան բարձրանալ ոտքով։ Էնքան բան եմ որոշել, որ եթե կեսն էլ հասցնեմ, երջանիկ կզգամ։ Լոսում որ ձանձրանում, ուզում եմ մի տեղ գնալ, բացի կազինոյից ու Ամերիկանայից ուրիշ տեղ չեմ հիշում։ Եթե կա էլ, մեջը մեր երկրի ռոմանտիկան չունի։ Մեր երկրի մի պաղպաղակ ուտելը դրսում արդեն արարողություն էր, դեպք, խորհուրդ ու զվարճանք։ Փողոցի անկյունում նստած տատիկից բաժակով ալոճ, արևածաղկի սերմ առնելն ու քայլելը, հենց էնպես քայլելը անգամ տարբեր էր։
-Հայկո, ալոճ կերե՞լ ես:
-Չէ, ալոճը որըսա՜:
— Ու ծիծաղս գալիս է կրկին այդ «որըսա՜» բառանման բանի վրա։ Ամերիկայերեն եմ ասում ես դրան, լեզու, որ ստեղծվել է երեք հիմնական խմբերի խառնվելուց՝ հայաստանցիներ, լիբանանցիներ ու իրանահայեր։ Չհաշված շատ անգամ անգլերենից բառացի թարգմանում են էրեխեքը։ Կամ հայերենից են թարգմանում։ Արի դե անգլերեն ասա «ցավդ տանեմ» կամ «մեռնեմ կյանքիդ»։ Կամ փոքրիկին ասա «լեզուդ ուտի հորքուրը»… Հաստատ դատ ու դատաստանի առաջ կկանգնես։ Իսկ նկարները, որ օրենք- մորենք չիմանալով, փոքրիկներին տկլոր նկարում էինք։ Բախտներս բերել է, որ մեր ապրած քաղաքներում հայկական ֆոտոներից էինք օգտվում, թէ չէ երեխային սեռական շահագործման համար հաստատ բոլորս էլ պատասխան կտայինք։ Տկլոր նկարելը «որըս ա»:
Լուսինեն մենակ եկավ մեզ մոտ, առանց ծանոթի, առանց միջնորդի։ Իրոք, հիմա հիշում եմ, ոչ ոք չբարեխոսեց Լուսինեի համար։ Երևում էր՝ նոր էր եկել Հայաստանից։ Եկավ, մտավ խանութը, որտեղ աշխատում էի այդ ընթացքում, ուղղվեց գրասենյակի կողմը։ Մի օր հետո արդեն մեզ նման, խանութի անվանումը կրող շապիկը հագին՝ անցավ գործի։ Ծանոթացանք ու նույն օրը մեքենայով տուն իջեցրեցի իրեն։ Լուսինեն Սպիտակի երկրաշարժն էր տեսել։ Կորցրել էր հորը, մայրն էլ զրկվել էր երկու ոտքերից ու անվասայլակի վրա էր։ Լոս էր եկել մենակ։ Եկել էր աշխատելու և ընտանիքին օգնելու նպատակով։ Քույր ու եղբայր էլ ուներ իրենից փոքր, տանն էին, օգնում էին մորը։ Լուսոն փոքրիկ մի բնակարան էր վարձել ու դժվարությամբ կահավորել։ Միայն երկուսիս ու Աստծուն է հայտնի, թե ինչ նեղ ու դժվար օրեր ենք քաշել այդ տարիներին։ Սա մեր տուրիստ ախպորն եմ ուզում ասել, որ չգնա ու մեծ մեծ փրթի։ Առավոտ 5-ից մինչև գիշերվա 12-ը տուն չէինք հասնում։ Մի օր մեր, մի օր Լուսի տանը հազիվ ներս մտնում, ընկնում էինք մեկս դիվանին, մյուսս հատակին ու շոր ու կոշիկով՝ հանգում։ Առավոտ շուտ մազներիցս ջուրը կաթալով՝ էլի վազում աշխատանքի, մեքենայի մեջ շորեր փոխելուց բռնած մինչև ատամ լվանալ եւ ուտել ու կարդալով, որ հասցնենք հասնել դասի ու դասից հետո էլ մինչև դաս էինք, սովորում ու տուն հասնելուն պես էլի շորերով դիվանին ու հատակին էինք լուսացնում։ Այ, Լուս ջան, կարագով տապակած կարտոֆիլն եմ հիշում, որ մի բերան էինք անում ու մամայիս դրած թթուն: Այ այս ժամանակ էր, որ երեխաներս՝ 10-11 տարեկան երկու եղբայր՝ տատիկի ու պապիկի կյանքը ուտելով մեծացան։ Մեր էրեխեքի մեծանալը տատիկի պատմելով տեսանք։ Մամաս հազիվ ինձ բռնցրած՝ սկսում էր. «Ամբողջ օրը հեռուստացույցի առաջ են, իրար են ուտում, փոքրդ գիրք չի բացում, կրիայի եղունգներն է կտրել, մտել բաղնիքում փակվել՝ պապիկի ածելիով թրաշվել է» (իմ ու Լուսույի ամենասիրած պատմությունները համարյա միշտ փոքր տղայիս հետ են կապված եղել): Այո, մեր պանդխտության պատճառները տարբեր էին, բոլորինս էլ շատ անմեղսունակ ու ներելի։ Մենք շատ էինք խոսում մեր այստեղ գտնվելու պատճառների ու մեր կարոտների մասին։ Մեր անցած ու այդպես էլ չապրած պատանեկության մասին։ Մեր խորը թաղած երազների մասին: Չնայած այս ամբողջ դժվարությանն ու տանջանքին, Լուսոն մեծ նվեր էր ինձ ու ես էլ իրեն, հաստատ։ Մենք իրար հետ ու իրար համար պահեցինք մեր մեջ Հայաստանը։ Մի օր, մի ժամ, մի րոպե առանց Հայաստանի չապրեցինք:

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների