Թե ինչ է պակասում Հովհաննես Ազոյանին եւ իր երկրին երջանիկ լինելու համար

Թե ինչ է պակասում Հովհաննես Ազոյանին եւ իր երկրին երջանիկ լինելու համար

09.11.2016 | Երևան |

Անահիտ Առաքելյան

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի |

-Պարոն Ազոյան ինչպե՞ս եղավ, որ Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանողը հայտնվեց  հեռուստատեսությունում։

-Ես ծրագրավորել էի, որ դառնայի տնտեսագետ, բայց հետո եկավ մի ժամանակ ու հասկացա,որ սիրում եմ ծիծաղեցնել մարդկանց, ինձ սկսեց դա հաճույք պատճառել։ Թե կուրսում, թե նույնիսկ դպրոցական տարիներին ակնհայտ է, որ կարողանում էի դա անել։ Ինստիտուտում ներգրավվեցի ՈՒՀԱ-ի  թիմում, որտեղից էլ սկսվեց ճանապարհ դեպի հեռուստատեսություն։

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել Մոսկվայի ՈւՀԱ-ի  լիգայի խաղերին։

-Սկզբից ես խաղում էի տեղական լիգայում, որի կազմակերպիչը «Շարմ» ընկերությունն էր, որն էլ հավաքեց Հայաստանի հավաքականը տարբեր բուհերից։ Շատ հետաքրքիր սերունդ ունեինք. այդ ժամանակ Հայկոն ու Մկոն էլ էին այդ կազմում։ Մենք խաղացինք Կիևում,շատ լավ տարիներ էին։ (Կարոտով է հիշում. Հեղ.:)

 -Դերասանական արվեստը ձեր կյանքում հստակ տեղ ունի, զուգահեռ կարևորում եք նաև հաղորդավարի աշխատանքը, բայց այդուամենայնիվ ո՞րն է ավելի հոգեհարազատ։

-Երկուսի կրթությունն էլ չունեմ, բայց երկուսով էլ զբաղվում եմ: Հետաքրքիր է,երբ որոշ ժամանակ զբաղվում եմ դերասանությամբ, զգում եմ,որ իմը հաղորդավարի, շոումենի աշխատանքն է և հակառակը,  զբաղվելով հաղորդավարությամբ, կարոտում եմ դերասանական աշխատանքը։ Հիմա 21-րդ դարն է, և մարդը կարող է լինել ունիվերսալ, ճկուն, բազմակողմանի զարգացած։

-Համարու՞մ եք ձեզ այդպիսին։

-Այո, ես ինձ համարում եմ ճկուն, ինձ հետ ամեն ինչ արագ է, դիպուկ ու հարթ։

-Հովհաննես, իսկ չե՞ք կարծում,որ բազմապրոֆիլ լինելով և կատարելով մի քանի աշխատանք, միևնույն է որակական կորուստ ունենում ենք։

-Այո, կա նման բան, բայց ես հիմա հաղորդավարի աշխատանքով չեմ զբաղվում, այլ՝ դերասանի աշխատանքով, բայց ասեմ, որ ավելի շատ տուժում է դերասանական աշխատանքը, քան հաղորդավարությունը, որովհետև հաղորդավարի աշխատանքը պահանջում է ձայնդ դարձնել ավելի ուշադրություն գրավող, փոփոխում ես շատ բան, ինչը անթույլատրելի է դերասանական արվեստում, այստեղ դա անել իրավունք չունես, եթե դերասանական աշխատանք ես կատարում,ապա պետք է մոռանաս հաղոդավարինը։

-ինչ եք կարծում,ստացվու՞մ է։

-Այո,երևի։ (Ծիծաղում է. Հեղ.:)

-Խաղացած դեր,որն ավելին  է եղել։

-Որպես դեր, որը եղել է ավելին, « Pocker.am»-ում իմ կերպարն էր։ Ես հավատում էի այդ տղայի պատմությանը, սիրել ու ապրել եմ նրա հետ։

-Այդ տղան կարո՞ղ էիք լինել դուք։

-Այո, լրիվ։ (Ժպտում է. Հեղ.:)

 -Ո՞վ կամ ինչը՞ կարող է ոգևորել ձեզ։

-Ինձ միշտ ոգևորել և ոգևորում են կանայք, զգացմունքային եմ շատ։Կատարյալ զգացմունքային, կարող է ոգևորել նաև լավ եղանակը, մի բաժակ գինին, լավ քնելը, որին ես միշտ կարոտում եմ։

-Եթե ոչ դերասան,ապա ո՞վ կարող էր լինել Հովհաննես Ազոյանը։

-Հոգեբան, շատ եմ ցանկացել դառնալ հոգեբան, բայց սրա համար արդեն կարծում եմ կրթությունը պարտադիր պայման է։

 -ի՞նչ է պակասում Հայաստանին երջանիկ լինելու համար։

— Օ՜յ, ազատությունը։

-Իսկ ձե՞զ։

-Ես ու Հայաստանը նույն վիճակում ենք։ Ազատությունն ինձ համար,դա չանել այն, ինչ չես ուզում։

-Եղե՞լ են դերեր,որնք խաղացել եք առանց ցանկության, ասել է թե պարտադրողաբար։

-Այո եղել են, բայց հիմա փորձում եմ չանել այն ինչը չեմ ուզում: Հիմա խաղում եմ դերեր, որոնք հոգեհարազատ են,մեծացել եմ։(Ծիծաղում է. Հեղ.)։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների