Հայաստանում կին լինելը բարդ է

Հայաստանում կին լինելը բարդ է

Քեզ աշխատանք են առաջարկում: Լավ աշխատանք: Քո նախընտրելի գործը: Համաձայնվում ես հանդիպել ու տեղում պայմաններ քննարկել: Շտապում ես հանդիպմանը, որն իր տեսակով վերջինն է լինելու: Գործատուն տեսնում է մատիդ փայլփլող ամուսնական մատանին, ճշտում երեխա ունես թե ոչ, մոտավոր գնահատում քո սպասվելիք/ենթադրվելիք հղիությունն ու վերջ՝ դու պոտենցիալ դեկրետացու ես, որը պետք է հավելյալ փողեր դուրս տալու աղբյուր դառնա: Չկա աշխատանք:

Հայաստանում կնոջ համար աշխատանք գտնելը բարդ խնդիր է դարձել:
Պաշտոնապես գրանցված գործազրկությունը 2016-ի մարտի դրությամբ` կազմել է 81 հազար 323, որից 26 հազար 187-ը տղամարդ են, 55 հազար 136-ը` կին:

Թվերն ավելի քան խոսուն են:
Մի կողմ ենք թողնում ԱՎԾ-ի տվյալներն ու սկսում ուսումնասիրել «Կանանց եւ տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության արդյունքներն ու պարզում, որ մեր հայրենիքում կանայք ավելի քիչ են վճարվում տղամարդկանց համեմատ, փոխարենը այդ քիչ վճարվող աշխատանքին հասնելու համար անցնում են փնտրտուքների ավելի երկար ճանապարհ, քան հակառակ սեռի ներկայացուցիչները: Պարզում ենք նաև, որ Հայաստանում փոքր է նաև ձեռներեցությամբ զբաղվող, քաղաքական եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը՝ կրկին տղամարդկանց թվի համեմատ:

Ստացվում է Հայաստանում ոչ միայն կնոջ համար աշխատանք գտնելն է բարդ, ավելին՝ հենց կին լինելն է բարդագույն խնդիր:
Խոսում ենք, քննարկում ու բարձրաձայնում գենդերային հավասարության մասին ու վերջ: Խնդիրը մնում է զուտ խոսվելիք ու քննարվելիք, որ բացառապես այս ու այն զեկույցի համար հիմք է հանդիսանում, որ այս ու այն երկրից դրամական հոսքեր է ապահովում՝ այս ու այն ծրագիրն իրականացնելու, լոլոներ կարդալու ու թղթեր մրոտելու համար:

Վերջ:

Ապա կանայք մոռացվում են: Հայ տղամարդու համար նրանք բացառապես տնային տնտեսուհիներ են՝ տուն ու դռանը հետևող, երեխա դաստիարակող…
…-Ազիզ ջան, գիտես լավ օրից եմ էս գործին անցել, բա երեխեքիս ո՞վ պահեր, հերը գնաց ու չեկավ,- զրուցակից անունը նշել չի ցանկանում, գիշերային ժամերին փողոց է մաքրում՝ երեխայի օրվա հացի փողը հասցնելու համար:

-Գիտես, աղբամանից շիշ հավաքելու հարցում էլ էտ գենդերային խնդիրը կա: Մեկ-մեկ, երբ աղջիկները հեռու են եղել, փորձել եմ աղբամանից շիշ հանեմ, որ տանեմ հանձնեմ մի քանի կոպեկով, բայց կամ աղբամանն արդեն շշերից դատարկած ա եղել, կամ մի տղամարդ ա մոտեցել ու սպառնացել հեռանալ՝ դա իր տարածքն ա,-պատմում է տիկինն ու հավելում՝ գրեթե յուրաքանչյուր աղբաման իր տղամարդ սեփականատերն ունի:

-Էն ջահել ու սիրուն, մի քանի լեզու իմանալն էլ արդեն չի օգնում, քուրս: Հետիս աշխատողի աղջիկը կոտորվումա գործ փնտրելով, բայց ինչա սիրուն-թիթզ շորեր չի հագնում, գնումա հանդիպման, ասում են տեղ չկա,-վերջին բառերն է նետում կինն ու ավելը քստքստացնելով հեռանում:

Յուրաքանչյուր տարի Հայաստանից հեռանում է մի 50 հազար մարդ, որի ավելի քան 25 տոկոսը կանայք: Թեպետ չկա պաշտոնական տվյալ, թե ինչ նպատակով են կանայք հեռանում, սակայն ոչ պաշտոնական հետազոտությունները փաստում են, որ կանանց կեսը մեկնում է արտագնա աշխատանքի…

…Հարյուրավոր հայ կանանց կարելի է հանդիպել Հայստանի ոչ բարեկամ երկրում՝ հարևան Թուրքիայում: Այնտեղ կանայք գնում են երկու պատճառով՝ ճանապարհածախսն է քիչ ու վճարում են բարձր:

3 տարի առաջ Ստամբուլի հայկական թաղամասերից մեկում հանդիպեցի մի քանի գյումրեցի կանանց, ովքեր եկել էին տեղացի մեծահարուստների տանը տնային տնտեսուհի աշխատելու համար: Տեսնել էր պետք, թե նրանք ինչ ոգևորությամբ էին պատմում դառը աշխատանքով ձեռք բերված փողերի մասին.

— «Ցավդ տանիմ, էս Լեննագան առավոտից իրիգուն կվազեի, ամիսը 30 հազար հազիվ առնեի, հմի ճիշտ է ստեղի հարուստների կեղտը կթափեմ, բայց էտ փողը մէ օրվամ կառնիմ: Կարևորը երեխեքս սոված չեն քնի: Գիտես մոր համար էտ ինչ ցավ է, օր երեխեն հաց կուզե, ու դու տալու բան չունիս»,-տիկին Լուսինեն Ստամբուլում մեկ տարի աշխատելուց հետո ավելի լավ առաջարկ էր ստացել Հունաստանից՝ գնալու էր, երեխաներին էլ հետո տաներ…
Յուրաքանչյուր տարի հազարավոր կանայք են հեռանում Հայաստանից՝ անտեսված ու չգնահատված լինելու պատճառով: Աշխատանք չգտնելու և այլ տարբերակ չունենալու պատճառով:
Հայստանում կին լինելը բարդ է…

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների