«Հայկական պետություն» հայեցակարգի ստեղծման անհրաժեշտությունը

«Հայկական պետություն» հայեցակարգի ստեղծման անհրաժեշտությունը

24.11.2016 | Երեւան |

Վիկտոր Ենգիբարյան

Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան |

Վերջին տարիներին սահմանային միջադեպերը, հրադադարի խախտումները և հարևան երկրի սանձարձակությունը այլևս ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնում: Մենք կարծես ձեռք ենք բերել դիմադրողականություն և ավելի շուտ կզարմանանք, եթե մի օր արթնանաք ու պարզվի որ գիշերը հրադադրի ռեժիմ չի խախտվել:

Սա Հայստանն ու Արցախը մշտապես վտանգի տակ պահելու քաղաքականությունն է:

Պատահական չէ նաև, որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, չնայած միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ-ի ճնշումների: Եթե բացվեին սահմանները, Հայաստանի տնտեսությունը կսկսեր շունչ քաշել և զարգանալ:

Այս հանգամանքները մի կողմից, ադրբեջանական ու թուրքական հռետորաբանությունը մյուս կողմից, գալիս են հաստատելու տարիներ շարունակ քննարկվող այն թեզը, որ իրականում Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը ավելի խորն է, քան ԼՂ-ին տիրանալու պարզունակ ցանկությունը: Ավելին, բացահայտ հայտարարվում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում Հայաստանը առնվազն երեք անգամ պատրաստակամություն է հայտնել հանձնել ԼՂ կից անվտանգության գոտին՝ թողնելով ԼՂՀ կարգավիճակը «թղթի վրա», սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է՝ ներկայացնելով անհիմն պատճառներ:

Վերը նշվածը բացատրելի է այն անհերքելի վարկածով, որ Ադրբեջանը, ու նաև Թուրքիան, բնավ հետաքրքրված չեն լուծելու ղարաբաղյան հարցը: Եթե որևէ կերպ հարցը լուծվի, նրանք ստիպված կլինեն Հայաստանը ազատել շրջափակումից, կնքել խաղաղություն և հաստատել համակեցության նոր կանոններ:

Երկու հարևան պետությունների «պլան մինիմումը» Հայաստանը հյուծել ու թուլացնելն է, իսկ վերջնական նպատակը Հայաստանի, եթե ոչ ամբողջ, ապա գոնե տարածքի մեծ մասի զավթումն է: Պատահական չէ, որ Իլհամ Ալիևը պարբերաբար հիշեցնում է Զանգեզուրի, Տավուշի, Լոռիի ու նույնիսկ Երևանի «ադրբեջանական լինելու» մասին:

Հայաստանում սա վաղուց են հասկացել, սակայն մեր երկրի թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը, չնայած բազմաթիվ մեթոդների և մոտեցումների, դեռևս չի տվել այս հարցի հիմնարար լուծումը, գոնե տեսության (երազանքի) մակարդակով:

Ապրիլյան քառորյան դարձավ այն առհավատչյան և խորհրդանիշը, որ կարճաժամկետ տնտեսական կամ արտաքին քաղաքական լուծումները բավարար չեն, հայկական հարցը պահանջում է խորքային ու ռազմավարական լուծում, թեկուզ այդ լուծումը պահանջի 50 տարի:

Երկարաժամկետ ծրագրավորումը պահանջում է, փոփոխականների (ԵՄ, ՌԴ, ԱՄՆ և այլոց հետ հարաբերություններ) և «կայունների» վերլուծություն և ծրագրավորում: Հայկական խնդրի տեսակետից մեր երկրին հասու է միայն երեք «կայուն» գործոն, դրանք են՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովուրդը:

Թե ինչպես կլինի օրինակ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի դերը աշխարհում և ինչպիսին կլինեն մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, նույնիսկ 10 տարվա հեռանկարով ծրագրավորելը անհրնար է: Հետևաբար հայկական խնդրի լուծումը պետք է փնտրել և ծրագրավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ժողովրդի մեջ:

Այս տեսակետից միանշանակ ողջունելի է «ազգ-բանակ» հայեցակարգը, սակայն հայտնի տեղեկատվությունից երևում է, որ այն դեռևս կիսատ է, քանի որ չի ներառում Արցախի ու Սփյուռքի ժողովուրդներին: «Ազգ-բանակին» զուգահեռ անհրաժեշտ է մշակել «Հայկական պետություն» հայեցակարգը, որը կներառի տնտեսական, սոցիալական, մշակութային ու քաղաքական բոլոր լուծումները, որոնք ապագայում Հայաստանը կդարձնեն ողջ հայ ժողովրդի հայրենիքը: Խոսքը նրա մասին չէ, որ բոլոր հայերը վերադառնան Հայաստան: Ցանկացած հայ, աշխարհում, պետք է որևէ կերպ կապված լինի Հայաստանի հետ, լինի դա գիտության, տնտեսության, մշակույթի, թե որևէ այլ ոլորտում:

«Ազգ-բանակ» և «Հայկական պետություն» հայեցակարգերի համադրությունը և դրանց իրականացումը հնարավորություն կտա երաշխավորել Հայաստանի ու հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգությունը և բարեկեցությունը:

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների