Կանայք կանանց դեմ` կորչի հավասարությունը

Կանայք կանանց դեմ` կորչի հավասարությունը

23.11.2016 | Երևան |

Լիա Խոջոյան

Հեղինակ՝ Լիա Խոջոյան |

Վերջին տարիներին հայաստանյան իրականության մեջ օրակարգային է դարձել կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրը: Միլիոններ են բերվում արտերկրից, որպեսզի հատուկ այդ առաքելությամբ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները նախևառաջ հեռավոր համայնքներին հասցնեն «կին-տղամարդ` հավասար մոտեցումներ ու հնարավորություններ» սկզբունքը, օգնեն կանանց հասկանալ, որ «կնոջ տեղը խոհանոցում է» մոտեցումը ոչ այլ ինչ է, քան կարծրատիպ ու ժամանակն է դրանից ձերբազատվել` ուժերը փորձելով քաղաքականության մեջ: Որքանով է այդ գործընթացը հաջողվում, որքանով է դրան օգնում պետությունը և, կարևորը, որքանով է հանրությունը պատրաստակամ կնոջը տեսնել որոշում կայացնող օղակներում` այլ խնդիր է: Փաստ է, որ այս բավականին բարդ ճանապարհին կարմիր թելով անցնում է մի լրջագույն խնդիր, որն, իրականում, հնարավոր չէ լուծել ոչ գումարներով և ոչ էլ միջազգային ատյանների հորդորով: Կանացի խանդ ու նախանձ: Գուցե կա այլ որակում այս երևույթին, որ մշտապես լրագրողիս ճանապարհին հանդիպել է, երբ հերթը հասնում է կանանց խնդիրները լուսաբանելուն: Մի քանի տարի է, ինչ Հայաստանում պայքար է տարվում, որպեսզի կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում ավելանա և այդ տարիների ընթացքում մշտապես նույն միտքն է առաջ քաշվում թե’ կանանց, թե’ տղամարդկանց կողմից, այն է` կինը կնոջը չի ընտրում: Ու որքան էլ ըմբոստանաս, ասես, թե դա այդպես չէ և այլն, կա իրականություն, որ ամեն օր մեր աչքի առաջ է` կանայք իրար չեն ընտրում, ընտրվելուց հետո էլ մեկը մյուսին հնարավորինս փորձում վարկաբեկել, խանգարել ու ապացուցել, որ միակը, ով արժանի է տղամարդկանց տիրույթում գործունեություն ծավալելուն, հենց ինքն է: Օրինակները շատ են, հեռու չգնալու համար բավ է դիտարկել փոքր համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ կին թեկնածուները հիմնականում ամենաքիչ ձայն ստացողներն են: Կամ դիտարկել նույն Ազգային Ժողովի առօրյան, որտեղ այդ կանացի անհանդուրժողականությունը ամեն օր տարբեր երանգավորումներ է ստանում: Օրինակ, նույն խմբակցության կանայք միմյանց դեմ համառ պայքար են մղում, որպեսզի ներառվեն ինչ-որ էկզոտիկ կամ կիսաէկզոտիկ երկիր մեկնող պատվիրակության կազմում: Կամ` քաղաքական մեծամասնության կին պատգամավորը ԱԺ նիստում հորդորում է պատկան մարմիններին քրեական հետապնդման ենթարկել ընդդիմադիր կին գործչին վերջինիս հայտարարությունների համար, մինչդեռ’ այնտեղ, որտեղ պետք է՝ այդ տիկնոջ ելույթներին վաղուց արդեն ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Սրան հետևում է խորհրդարանի մյուս կանանց բոյկոտը, որոնք ամոթանք են տալիս Հանրապետական տիկնանց նման արարքի համար ու հիշեցնում, որ գոնե կանայք մեկը մյուսի հանդեպ այդպես չպետք է վարվեն: Կամ` նոր, տհաճ մի միջադեպ, որը վերջին օրերին բուռն քննարկման առիթ է տվել: Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը բոլորովին վերջերս թարմ շունչ է ստացել` այն նոր սեփականատեր ունի, նոր լրագրողական կազմ: Եվ իր վրա, թերևս, ուշադրությունն այդքան չէր սևեռի, եթե մի քանի օրերի տարբերությամբ, մեկը մյուսի ետևից այդ հարթակում վարկաբեկիչ հոդվածներ չտպագրվեին կին նախարարի, այնուհետ նաև կին պատգամավորի մասին: Առաջին հայացքից` ոչ մի արտառոց բան, քանզի Հայաստանում կան այնպիսի ԶԼՄ-ներ, որոնք նման հոդվածներով են արդարացնում իրենց գոյությունը: Բայց կա մի բայց. հիշյալ կայքը անմիջապես կապվեց մեկ այլ կին քաղաքական գործչի անվան հետ: Իհարկե, եղան փորձեր ապացուցել հակառակը, բայց, ինչպես ասում են, մեխանիզմն այլևս դրվել էր գործի: Իսկ իրավիճակն էլ ավելի թեժացավ, երբ Facebook սոցիալական ցանցի ամենագետ օգտատերերը հիշեցին, որ ընդամենը օրեր առաջ մամուլում հայտնվեց մի տեղեկատվություն, որի առանցքում ամենաէական շեշտադրումը, թերևս, «մեր աղբյուրները փոխանցում են» արտահայտությունն է և որը պնդում էր, որ կին-նախարարներից մեկը առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հավակնում է իր քաղաքական կարիերան շարունակել Ազգային Ժողովում, այն էլ` փոխխոսնակի կարգավիճակում… Մերօրյա իրողությունը, ցավոք, այնպիսին է, որ ամեն նման մի միջադեպ` լինի այն ճշմարիտ, թե ասեկոսեների մակարդակի վրա հիմնված, իր բացասական ազդեցությունն է թողնում հանրության կողմից կանանց քաղաքականության մեջ ընկալելու գործընթացի վրա: Անկախ նրանից` կայքը, որը վատաբանում է ու վարկաբեկում կին քաղաքական գործիչների պատկանում է կնոջ, թե ոչ` հանրության հիշողության մեջ այս պատմությունը այլևս մնալու է հենց այդպիսին` կինը կնոջ վրա գրեց, վարկաբեկեց, հետո էլ տղամարդկանցից պահանջում են արդարություն ու հավասարություն…

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների