Մի քիչ մանկացեք, երազեք, հավատացեք…

Մի քիչ մանկացեք, երազեք, հավատացեք…

14.10.2016 | Երեւան |

samvel-melqonyan

Հեղինակ՝ Ալինա, 12 տարեկան |

Սենյակիս դասավորվածությունը ինձ մի պահ գցեց մտքերի գիրկը։ Տիկնիկներս, խաղալիքներս ակամայից զիջել էին իրենց տեղերը՝ հայտնվելով պահարանիս չերևացող, պահեստային հատվածում։ Մանկական խաղերի հանդեպ մի քիչ անտարբեր եմ դարձել, հետաքրքրություններս ու նախասիրություններս փոխվել են, աշխարհայացքս այլ է։ Ավելի լուրջ ու իրատես եմ դարձել, երբեմն անգամ ավելի լսող: Չգիտեմ էլ` սա լավ է թե ոչ: Երևի` լավ է։ Երկու աշխարհների մեջտեղում կանգնած` փորձում եմ հստակ քայլերով անցում կատարել իմ հրաշք աշխարհից՝ մանկությունից մի փոքր բարդ ու անհասկանալի թվացող աշխարհ՝ մեծություն։ Փորձում եմ համեմատություն անել հասկանալու համար` ո՞րն է լավը։ Փոքրերը չարություն են անում ու շատ արագ մեղանչում, զղջում, ներողություն խնդրում․․․ Մեծերի չար արարքները վնասում են բոլորին, առաջացնում նորանոր չարություններ՝ սուտ, խաբեություն, անհավատարմություն։ Մանուկների վեճերը նման են կատակերգության, ինչը րոպեներ է տևում ու մոռացվում։ Մեծերի վեճերն ու հիշաչարությունը մռայլում են կյանքը՝ դարձնում գորշ ու տաղտկալի։ Փորձում եմ ընտելանալ ու իմ տեղը զբաղեցնել մեծերի աշխարհում, արդեն փորձում եմ ինքնուրույն որոշում(իկներ) կայացնել, ինքնուրույն եմ դարձել, հոգատար ծնողներիս ու ընկերներիս նկատմամբ: Չ՞է որ մեծանում եմ, բայց բավական է բախվեմ ինչ-որ դժվարության՝ անմիջապես սրտնեղում եմ, փոքրանում եմ, փակվում եմ իմ մանկական աշխարհում, որտեղ ամեն-ինչ հեքիաթային է, հեշտ է, այնքա՜ն խաղաղ է։ Մանկությունս դառնում է վահան՝ պաշտպանվելու համար մեծերի աշխարհի դժվարություններից։ Հաճախ եմ լսում․ «Ալինա դու արդեն մեծ ես, այդպես մի արա», «Ալինա դու հո փո՞քր չես․․» Բայց ես, որպես կյանքիս ուղեկից, իմ հետ կվերցնեմ մանկական աշխարհիս խինդ ու ծիծաղս, հրաշքների հանդեպ հավատս, աշխարհին գունավոր նայելու ակնոցներս, որը միշտ կկրեմ, անշահախնդիր ու անմնացորդ նվիրվելու և սիրելու կարողությունս։ Մեծերի աշխարհում, մեծի իրավունքով օրինակ կծառայեմ ուրիշ մեծերի, որ մի քիչ մանուկ մնան, որ շատ կարևոր գիտելիքներ ուսանելու և բարձր պաշտոններ զբաղեցնելու հետ մեկտեղ սովորեն լինել երջանիկ, իմանան ու կարևորեն ոչ թե գինն ու քանակը, այլ որակն ու արժեքը: Սիրելով՝ սիրվեն, զիջելով ու ներելով՝ մեծարվեն, տալով՝ ստանան, ապրեցնելով ՝ ապրեն։ Չէ, բայց ես դեռ կմնամ իմ հյուրընկալ աշխարհում, խաղալիքներս ու տիկնիկներս էլ դեռ վաղ է թաքցնել։ Մեծերին էլ եմ հրավիրում իմ աշխարհ, մի քիչ մանկացեք, երազեք, հավատացեք, մի քիչ էլ խենթություններ արեք, թեկուզ չարություն՝ մանկական չարություն, ոչ ոքի չենք ասի, կլինի մեր մանկական աշխարհի գաղտնիքը։

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների