Իմ քաղաքը չունի օրենքներ, իմ քաղաքն արկածներ ունի

28.09.2016 | Երեւան |

Հեղինակ՝ Մանե

Հեղինակ՝ Մանե |

Ինչպես գրեթե բոլոր տասներկուերորդցիները, այնպես էլ ես պարապում եմ: Պարապմունքս հիմնականում ավարտվում է երեկոյան ութին, իսկ այդ ժամին դրսում արդեն մի փոքր ցուրտ է, ու հաճելի մութ:

Չէէ՜, չմտածեք ռոմանտիկ եմ, ուղղակի այդ ժամին հաճելի է դուրս գալ փողոց, ականջակալների հետ ու մի լավ երազել ինչու չէ նաև երևակայել…
-Դե գնացի, չորեքշաբթի վեցին չէ՞,-կրկնում եմ մշտական հարցս ու քայլերս ուղղում դեպի փողոց: Միացնում եմ աշնան երգիչ Ռուբեն Հախվերդյանի երգերի շարանն ու երևակայու՜մ…
Մտովի տեղափոխվում եմ իմ երևակայական Քաղաք, որը նոր եմ կառուցում: Նրա հիմքում լցրել եմ սեր, հավասարություն ու հարգանք: Գունավոր շենքեր, ծաղիկներով լի բակեր ու մանկան ուրախ ճիչով լցված տներ. սա է շրջապատում իմ քաղաքը: Իմ կարծիքով, քաղաքը մի փոքր արտասովոր կթվա առաջին հայացքից, սակայն այն արտասովոր չէ:
Պարզապես ես սիրում եմ Արև ու Փիղ: Դրա համար էլ փողոցները ներկված են դեղին, իսկ շենքերի պատերը զարդարում են ժպտացող փղիկները:
Պարզապես ես սիրում եմ երգել ու պարել. դրա համար էլ փողոցում ու առհասարակ քաղաքում չկան մեքենաներ, որոնք կխանգարեն լսել քաղաքում հնչող երաժշտությունը ու պարել ցանկացողին:
Պարզապես ես պաշտում եմ Սևակին, դրա համար էլ քաղաքում շատ կհանդիպես նրա խոսքերին:
Պարզապես ես սիրում եմ ժպիտը, դրա համար էլ քաղաքում արգելված է լինել տխուր:
Սակայն, բացի այսքանից, իմ քաղաքը մի տարբերություն էլ ունի. այստեղ չկա գումար: Այստեղ գումարը ոչինչ է ու չունի խաղացող դեր:
Այստեղ բոլորը հավասար են:
Իմ քաղաքը չունի օրենքներ, իմ քաղաքը արկածներ ունի:
-Մանե, միգուցե տու՞ն գաս,- դռան մոտից կանչում է մայրիկն ու երևակայությանս վերջ տալիս:
Երազեք, երևակայեք, Հախվերդյան լսեք, աշուն է արդեն…

About The Author

Թարմացումներ

Արխիվ ըստ ամիսների